Արագած Ախոյան. «Ակունքի» քայլքը Վանում խնկարկության պես մի բան էր»
27-07-2011 17:27:12 | Հայաստան | Մշակույթ
Վերջերս Արեւմտյան Հայաստանի Վան քաղաքում հայկական «Ակունք» ազգագրական համույթը մասնակցեց քաղաքի օրվան նվիրված փառատոնին: Փառատոնը պետք է տեւեր 3 օր: Առաջին 2 օրն անցել է նախատեսվածի պես, իսկ 3-րդ օրը հայկական պատվիրակությունը հյուրանոցի իրենց սենյակներից ականատես է եղել թուրք-քրդական բախումներին, ծեծ ու ջարդին, կրակոցներին ու գոռոցներին, ինչի պատճառով փառատոնի փակումը չի կայացել: Այս մասին հուլիսի 27-ի ասուլիսում հայտնեցին ԱԺ պատգամավոր Արագած Ախոյանն ու «Ակունք»-ի ներկայացուցիչները:
«Դա իշխանության եւ քրդերի միջեւ տարաձայնությունների արդյունք էր, եւ հայերը որեւէ կապ չունեին: Տարածաշրջանում ցանկացած միջոցառում` լինի մշակութային, քաղաքական, թե հասարակական, քրդերն անպայման օգտագործում են իրենց բաղձալի նպատակները ներկայացնելու համար, ինչը իհարկե ձեռք չի տալիս իշանություններին: Նրանց միջեւ բախումները սովորական բան են դարձել»,- հայտարարեց Ա.Ախոյանը:
Պատգամավորի խոսքերով, Վանի քրդական ղեկավարությունը իրենց շատ լավ է ընդունել: Նա դա կապեց քրդերի` կորցրածի արժեքը հասկանալու հետ: «Իրենք հասկացել են, որ առանց հայերի չեն կարող, հասկացել են, թե ինչ նշանակություն ուներ հայերի ներկայությունը իրենց բնակեցրած տարածքներում»,- ասաց Ա.Ախոյանը` հավելելով, որ Վանի քաղաքապետը նույնիսկ առաջարկել է միասին հայկական մշակույթի կենտրոն ստեղծել Վանում: Վանի քաղաքապետին եւ պատգամավորներին հետ հանդիպելիս, Ա.Ախոյանը քննարկել է նաեւ հայկական հուշարձանների խնդիրները: Նրա խոսքերով, քուրդ պաշտոնյաները առաջարկել են հաջորդ անգամ միասին շրջել Վանում, լսել հայերի առաջարկությունները եւ փորձել դրանցից նվազագույնը գոնե կատարել: Քաղաքապետը խոստացել է անպայման պահպանել Վարագավանքը:
Վանի փառատոնին մասնակցելու հրավերը Ա.Ախոյանը ստացել է իր անձնական կապերի միջոցով եւ «Ակունքին» առաջարկել է ներկայացնել Հայաստանը: «Ակունքը», թեեւ հուլիսի 19-ին համերգ ուներ Առնո Բաբաջանյան համերգասրահում, բայց ընդունել է առաջարկը եւ համերգի նույն գիշերն էլ, Ա.Ախոյանի ֆինանսավորմամբ, մեկնել է Վան: Թեեւ փառատոնն իրենից մրցույթ չէր ներկայացնում, բայց հայերի մասնակցությունը, պատգամավորի խոսքերով, շատ կարեւոր էր պատմական հայրենիքում կազմակերպված միջոցառմանը, մանավանդ որ փառատոնին բազմաթիվ երկրների ներկայացուցիչներ էին մասնակցում: «Մեզ համար կարեւորը հայկական շունչը այնտեղ տարածելն էր: «Ակունքի» քայլքը վանում խնկարկության պես մի բան էր»,- նշեց նա: