«ԴԱ ՎԻՆՉԻԻ ԾԱԾԿԱԳԻՐԸ» ԳԻՐՔԸ ԵՎ ՖԻԼՄԸ ԽԵՂԱԹՅՈՒՐՈՒՄ ԵՆ
ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ,- ԸՆԴԳԾՈՒՄ ԵՆ ՀԱՅ ԵԿԵՂԵՑՈՒ
ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ
19-05-2006 20:30:00 | Հայաստան | Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ - ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Դեն Բրաունի
«Դա Վինչիի ծածկագիրը» գրքին եւ վերջինի հիման վրա նկարահանված
նույնանուն ֆիլմին էր վերաբերում մայիսի 19-ին Հայ Առաքելական
եկեղեցու Արարատյան հայրապետական թեմի առաջնորդարանում կայացած
քննարկումը, որին մասնակցում էին հոգեւոր հայրեր, մտավորականներ,
երիտասարդներ եւ հավատացյալներ: Ներկաների համոզմամբ, գիրքը եւ
ֆիլմը իրենց բովանդակությամբ հակասում են Սուրբ Գրքով եւ եկեղեցու
սրբազան ավանդությամբ բյուրեղացված ուղղափառ վարդապետությանը`
խեղաթյուրելով քրիստոնեական ճշմարտությունները:
Ինչպես նշեցին քննարկման մասնակիցները, Կաննի կինոփառատոնի
արտամրցութային ծրագրում ցուցադրված կինոնկարն արժանացել է
քրիստոնեական աշխարհի սուր քննադատությանը: Որոշ երկրներ, այդ
թվում Հնդկաստանի կառավարությունը, արգելել են կինոնկարի
ցուցադրությունը կինոթատրոններում: Բացի այդ, կինոնկարը որպես
արվեստի գործ արժանացել է եվրոպական եւ ամերիկյան կինոքննադատների
բացասական գնահատականներին:
Այս կապակցությամբ, մայիսի 18-ին Հայ Առաքելական եկեղեցին
հանդես է եկել հայտարարությամբ, որով դատապարտում է քրիստոնեական
հավատքի ու սրբությունների հանդեպ այդ մեծ անարգանքը, որ
վիրավորում է քրիստոնյա հավատացյալների կրոնական զգացմունքները եւ
մարդկային արժանապատվությունը:
Հակոբ քահանա Խաչատրյանը եւ Տաճատ ավագ քահանա Դավիդյանը
միանշանակորեն համոզված են, որ ե'ւ գիրքը, ե'ւ կինոնկարը
աստվածհայհոյություն է եւ սրբապղծություն է քրիստոնեական արժեքների
եւ վարդապետության նկատմամբ:
Այնուհանդերձ, երկու քահանաները տարակարծիք էին կինոնկարի
ցուցադրությունն արգելելու հարցում: Ի տարբերություն տեր Հակոբի,
որը կտրականապես դեմ էր ֆիլմի ցուցադրությանը, տեր Տաճատը գտնում
է, որ «կինոնկարի նկատմամբ հակաքարոզչություն կարելի է տանել անգամ
ցուցադրության ընթացքում` կինոդահլիճների մուտքերի մոտ տարբեր
ակցիաներ կազմակերպելով. օրինակ, բաժանել քրիստոնեական գրքույկներ
կամ քարոզել հենց տեղում»:
Տեր Տաճատի խոսքերով, Ամերիկայում խստորեն քննադատվել է
կինոնկարը, սակայն չի արգելվել ցուցադրությունը` ելնելով այն պարզ
ճշմարտությունից, որ արգելքը ավելի է շարժում հետաքրքրությունը:
Տեր Հակոբը համոզված է, որ կան երեւույթներ, որոնց նկատմամբ
ցանկացած այլակարծություն սրբապղծություն է, ինչպես «Դա Վինչիի
ծածկագիրը» եւ նմանօրինակ այլ բաներ: Ըստ նրա, այս կինոնկարը
հետապնդում է մեկ նպատակ` կասկածի տակ առնել Քրիստոսի
Աստվածությունը եւ նրա զորավոր վարդապետությունը: