ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ ԱՎԱՐՏԱԿԱՆ ԵՎ ՓՈԽԱԴՐԱԿԱՆ<br /> ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԱՅՍ ՏԱՐԻ ԿՍԿՍՎԵՆ ՀՈՒՆԻՍԻ 12-ԻՑ<br />


 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ ԱՎԱՐՏԱԿԱՆ ԵՎ ՓՈԽԱԴՐԱԿԱՆ
ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԱՅՍ ՏԱՐԻ ԿՍԿՍՎԵՆ ՀՈՒՆԻՍԻ 12-ԻՑ

  • 18-05-2006 18:45:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի հանրակրթական ուսումնական հաստատություններում ուստարին կավարտվի հունիսի 10-ին: Հունիսի 12-ից մինչեւ հունիսի 28-ը երկրի 1362 դպրոցների 3-րդ, 8-րդ եւ 10-րդ դասարաններում կանցկացվեն ավարտական եւ փոխադրական քննությունները: Ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին հայտնեց ՀՀ կրթության եւ գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը, 3-րդ դասարանցիները հունիսի 13-ին կհանձնեն հայոց լեզու, իսկ հունիսի 15-ին` մաթեմատիկա առարկաների քննությունները: 8-րդ դասարանի աշակերտները հանձնելու են երեք քննություն. հունիսի 13-ին` մաթեմատիկա (գրավոր), հունիսի 16-ին` հայոց լեզու (փոխադրություն), հունիսի 19-ին` օտար լեզու (ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, պարսկերեն կամ իսպաներեն` աշակերտի ընտրությամբ, բանավոր): Հայոց լեզվի փոխադրության թեման եւ մաթեմատիկայի առաջադրանքը կհաղորդվեն ռադիոյով` քննությունից կես ժամ առաջ: 8-րդ դասարանների աշակերտների քննական աշխատանքները գնահատվելու են 5-բալանոց համակարգով: Հայաստանի 47 հազար տասներորդցիները հանձնելու են 6 քննություն, որոնցից 3-ը` հայոց լեզուն (հունիսի 12-ին), մաթեմատիկան (հունիսի 15-ին) եւ բնագիտությունը (հունիսի 21-ին)` գրավոր: Բնագիտության քննությունը` ֆիզիկա, քիմիա կամ կենսաբանություն, կանցկացվի աշակերտի ընտրությամբ: Հայոց լեզվի առաջադրանքը յուրաքանչյուր աշակերտի համար նախարարությունն առանձին ծրարով ուղարկելու է դպրոցները, իսկ մաթեմատիկայի առաջադրանքը հաղորդվելու է ռադիոյով: Բնագիտության քննությունն անցկացվելու է նախարարության կազմած քննատոմսերով: Շրջանավարտները հայ գրականության, հայ ժողովրդի պատմության, ֆիզկուլտուրայի եւ օտար լեզվի` անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իսպաներեն կամ պարսկերեն (աշակերտի ընտրությամբ), բանավոր քննությունները կհանձնեն դպրոցներում` հունիսի 12-ից մինչեւ հունիսի 28-ը ընկած ժամանակահատվածում, մանկավարժական խորհրդի սահմանած ժամանակացույցով: Գրավոր քննությունները գնահատվելու են 20-բալանոց, իսկ բանավորները` 5-բալանոց համակարգով: 8-րդ եւ 10-րդ դասարանցիները ֆիզկուլտուրա առարկայի քննությունը կհանձնեն հանրակրթական մյուս առարկաների քննությունները սկսելուց առնվազն 5 օր շուտ: Ռուսերենի խորացված ուսուցմամբ դպրոցների 8-րդ դասարանցիները նույնպես հանձնելու են նախարարության կողմից սահմանված բոլոր քննությունները` ավելացրած ռուսերեն փոխադրությունը: Նույն դպրոցների տասներորդ դասարանցիները նույնպես հանձնելու են շրջանավարտների համար սահմանված բոլոր քննությունները` ավելացրած ռուսերեն թելադրություն եւ ռուս գրականություն (բանավոր) քննությունները:
Նոյյան տապան  -   Հասարակություն