ԳԵՂԱՐՎԵՍՏԻ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ԳՅՈՒՄՐԻԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ<br /> ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՑՈՒՑԱԴՐՎԵԼ ԵՆ ՎԻԵՆՆԱՅԻ ՍԵՐԱՖԻՆ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀՈՒՄ<br />


ԳԵՂԱՐՎԵՍՏԻ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ԳՅՈՒՄՐԻԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ
ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՑՈՒՑԱԴՐՎԵԼ ԵՆ ՎԻԵՆՆԱՅԻ ՍԵՐԱՖԻՆ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀՈՒՄ

  • 15-05-2006 17:10:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԳՅՈՒՄՐԻ, 15 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Մոցարտի 250-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում ապրիլին Ավստրիայի Վիեննա քաղաքում տեղի ունեցած ցուցահանդեսին իրենց աշխատանքներն էին ներկայացրել Գեղարվեստի ակադեմիայի Գյումրու մասնաճյուղի նկարչության բաժնի ուսանողները, իսկ այս օրերին այդ աշխատանքները ցուցադրվում էին նաեւ Գյումրու Ասլամազյան քույրերի թանգարանում: Նկարներում ուսանողները փորձել են պատկերել տարբեր դրվագներ Մոցարտի կյանքից, ինչպես նաեւ նրա ապրած ժամանակաշրջանը: Երիտասարդ նկարիչներից մեկի նկարների հիմնական թեման, օրինակ, Մոցարտի նոտատետրերն են. «Ես ունեի նրա ձեռագրերը եւ նկատեցի, որ այդ ձեռագրերում նկարչական գրաֆիկա կա»,- ասաց նա: Գեղարվեստի ակադեմիայի Գյումրու մասնաճյուղի տնօրեն Համբարձում Ղուկասյանի վկայութամբ, ամբողջ շրջագայությունը տեւել է ընդամենը 12 օր, եւ ուսանողները եղել են Ավստրիայի բոլոր կարեւոր պատկերասրահներում եւ թանգարաններում: Մոցարտի տարելիցին նվիրված ցուցահանդեսը կազմակերպվել էր Վիեննայի քաղաքապետարանի մշակույթի բաժնի եւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի նախաձեռնությամբ` Վիեննայի Սերաֆին պատկերասրահում: Ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին հայտնեց Վիեննայի քաղաքապետարանի մշակույթի բաժնի ներկայացուցիչ Ռոբերտ Միրզոյանը, բաժինը վաղուց է արդեն համագործակցում Գյումրիի եւ ավելի սերտորեն` Գեղարվեստի ակադեմիայի հետ: Առաջիկայում նախատեսվում են նաեւ Գյումրիի մասնաճյուղի եւ Վիեննայի գեղարվեստի ակադեմիաների ուսանողների եւ դասախոսների փոխայցելություններ:
Նոյյան տապան  -   Մշակույթ