ԹԱՅԻՐ ԹԱՂԻԶԱԴԵ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
ԿԱՌՈՒՑՈՂԱԿԱՆ Է ԵՎ ՎԿԱՅՈՒՄ Է ԽԱՂԱՂ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
ՆՎԻՐՎԱԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
21-04-2006 12:55:00 | Ադրբեջան | Միջազգային
ԲԱՔՈՒ, 21 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի արտաքին գործերի
նախարար Վ.Օսկանյանի վերջին հայտարարությունները կառուցողական են
եւ ցուցադրում են հավատարմություն խաղաղ բանակցությունների
գործընթացին: Այս մասին «Թրենդին» հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ
տեղեկատվության եւ մամուլի վարչության պետ Թայիր Թաղիզադեն: Խոսքը
վերաբերում է Վ.Օսկանյանի այն հայտարարությանը, որ «եթե Ադրբեջանը
ընդունում է ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքը, որ նրանք
հնարավորություն ունենան իրենք որոշելու, թե ինչպիսի կարգավիճակ
պետք է ունենան, այդ դեպքում` այո, Հայաստանը պատրաստ է լրջորեն
քննարկելու պատերազմի հետեւանքների վերացման խնդիրները»:
«Այս հայտարարությունը վկայում է, որ հայկական կողմը մտադիր է
ակտիվորեն մասնակցել ղարաբաղյան հակամարտության կարգավորման խաղաղ
բանակցությունների գործընթացին,- ասել է Թ.Թաղիզադեն:- Փաստացի այդ
հայտարարությունը «փուլային» լուծմանը հայկական կողմի
նվիրվածության հաստատումն է: Ինչպես հայտնի է, «փուլային»
տարբերակի համաձայն, առաջին փուլում պետք է լուծվի Լեռնային
Ղարաբաղի շրջակա շրջաններից Հայաստանի զինված ուժերի դուրսբերման
հարցը: Այստեղ կան նաեւ բազում այլ ուղեկից տարրեր, ներառյալ`
ականազերծում, հաղորդակցությունների վերականգնում, տեղահանված
անձանց վերադարձ, նրանց անվտանգության ապահովում: Իսկ երկրորդ
փուլը` Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշում»:
Ինչ վերաբերում է ինքնորոշմանը, ապա, ըստ Թ.Թաղիզադեի, այն
միանգամայն հնարավոր է եւ պետության կազմում: «Դա հենց այն
ամենաբարձր ինքնավարության կարգավիճակն է, որի մասին մենք ասում
ենք: Այսպիսով, դա կարելի է գնահատել որպես խաղաղ
բանակցությունների գործընթացին հայկական կողմի նվիրվածության
հաստատում եւ այն բանի գիտակցում, թե որոնք են Հայաստանի ազգային
շահերը»,- ամփոփել է նա: