2005 Թ.-ԻՆ «ԱՐԴՇԻՆԻՆՎԵՍՏԲԱՆԿ»-Ի ԶՈՒՏ ՇԱՀՈՒՅԹԸ 56,9%-ՈՎ ԱՃԵԼ
Է
18-04-2006 18:30:00 | Հայաստան | Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: «Արդշինինվեստբանկ»-ը
2005թ.-ին աննախադեպ աճ է արձանագրել բոլոր ցուցանիշների գծով` ՀՀ
բանկային համակարգում դրանցով զբաղեցնելով առաջին եւ երկրորդ
տեղերը: Ինչպես ապրիլի 18-ի ասուլիսում հայտնեց բանկի վարչության
նախագահ Արամ Անդրեասյանը, հաշվետու տարում «Արդշինինվեստբանկ»-ի
ակտիվների ծավալը 2004թ.-ի համեմատ աճել է 42%-ով եւ կազմել մոտ
54,3 մլրդ դրամ, ինչը կազմում է ՀՀ բանկային համակարգի ընդհանուր
ակտիվների 12,04%-ը: Բանկի ընդհանուր կապիտալը աճել է 63,3%-ով եւ
կազմել 88,8 մլրդ դրամ, իսկ պարտավորությունները աճել են 38,5%-ով
եւ կազմել մոտ 45,4 մլրդ դրամ: Բանկի զուտ շահույթը ավելացել է
56,9%-ով եւ կազմել 2,3 մլրդ դրամ:
«Արդշինինվեստբանկ»-ի վարկային ներդրումները 2005թ.-ին կազմել
25,2 մլրդ դրամ, ինչը նախորդ տարվա ցուցանիշից մոտ 35%-ով ավելի է:
Ա.Անդրեասյանի խոսքերով, հատկանշական է սպառողական վարկերի
ծավալները զգալի աճը: Միայն «Արդշինինվեստբանկ»-ում դրանք հաշվետու
տարում աճել են 23%-ով եւ կազմել 9,4 մլրդ դրամ: Ըստ բանկի
վարչության նախագահի, դա վկայում է, որ բնակչության 30-35%-ի
ֆինանսական վիճակը բարելավվել է:
Նշվեց նաեւ, որ բանկը առաջին տեղն է զբաղեցնում ֆիզիկական եւ
իրավաբանական անձանցից ներգրաված ժամկետային ավանդների ծավալով,
ինչը, Ա.Անդրեասյանի խոսքերով, վկայում է բանկի նկատմամբ
բնակչության վստահության մասին: Անդրադառնալով վարկերի բարձր
տոկոսադրույքների խնդրին, Ա.Անդրեասյանը նշեց, որ միջազգային
շուկաներում ֆինանսական ռեսուրսների գները բարձրացել են:
Մաիժամանակ նա հավաստիացրեց, որ չնայած այդ հանգամանքին վարկերի
տոկոսադրույքները Հայաստանում շարունակում են նվազել:
2005թ.-ի ադյունքներով «Արդշինինվեստբանկ»-ը հանդիսացել է
նաեւ ամենախոշոր հարկատու բանկը: Բոլոր հարկատեսակների գծով բանկը
պետական բյուջե է վճարել մոտ 1 մլրդ դրամ (մոտ 2,22 մլն ԱՄՆ
դոլար):
Ներկայումս «Արդշինինվեստբանկ»-ը ունի 49 մասնաճյուղ (երկուսը
ԼՂՀ-ում) եւ մեկ ներկայացուցչություն Փարիզում: