ԹՈՒՐՔ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԸ ԵՎՐԱԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻՆ ԵՆ
ՀՂԵԼ ԱՍԱԼԱ-Ի ԿՈՂՄԻՑ ՍՊԱՆՎԱԾ ԹՈՒՐՔ ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԸ
25-01-2006 18:25:00 | Թուրքիա | Միջազգային
ԱՆԿԱՐԱ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ - ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Թուրք
խորհրդարանականների միությունը նամակներ է հղել Եվրախորհրդարանի
պատգամավորներին, որոնցում ներկայացված են Հայաստանի Ազատագրության
հայ գաղտնի բանակի (ԱՍԱԼԱ) կողմից սպանված թուրք դիվանագետների
ցուցակը եւ նրանց լուսանկարները:
Ինչպես հաղորդում է «Անատոլիան Թայմս»-ը, հիշյալ միության
նախագահ Հասան Քորքմազչանը հունվարի 23-ին Անկարայում հրավիրված
ասուլիսին հայտարարել է, թե իրենք այդ տեղեկատվությունը հղել են
Եվրախորհրդարանի բոլոր պատգամավորներին` «կանխելու հայկական
ահաբեկչական կազմակերպության իրականացրած սպանությունների
մոռացումը»:
Քորքմազչանը հայտնել է, որ նամակին կցվել են 1973-94 թթ.
ԱՍԱԼԱ-ի հարձակումների հետեւանքով սպանված 34 թուրք դիվանագետների
եւ նրանց հարազատների, ինչպես նաեւ այդ հարձակումների հետեւանքով
վիրավորված 12 դիվանագետների լուսանկարները:
«Այդ ահաբեկությունները չպատժվեցին եւ նույնիսկ հանդուրժվեցին
այն երկրներում, որտեղ իրականացվել էին: Անգամ որոշ երկրների
խորհրդարաններ հավանություն տվեցին ահաբեկչական կազմակերպության
երեւակայական եւ կեղծ պնդումներին` ընդունելով բանաձեւեր: Այդ
բանաձեւերը խրախուսեցին ահաբեկչությունը»,- հայտարարել է
Քորքմազչանը: