ԶՈՀՐԱՊ ԲԵԿ-ԳԱՍՊԱՐԵՆՑԻ «ԱՌԱՔԵԼ» ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ՖԻԼՄԸ<br /> ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15-ԻՆ ԿՀԱՆՁՆՎԻ ՀԱՆԴԻՍԱՏԵՍԻ ԴԱՏԻՆ<br />


 

ԶՈՀՐԱՊ ԲԵԿ-ԳԱՍՊԱՐԵՆՑԻ «ԱՌԱՔԵԼ» ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ՖԻԼՄԸ
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15-ԻՆ ԿՀԱՆՁՆՎԻ ՀԱՆԴԻՍԱՏԵՍԻ ԴԱՏԻՆ

  • 27-09-2005 16:55:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ - ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Ավարտվել են ռեժիսոր Զոհրապ Բեկ-Գասպարենցի «Առաքել» գեղարվեստական ֆիլմի նկարահանման աշխատանքները: Ֆիլմի պրեմիերան կկայանա հոկտեմբերի 15-ին Երեւանի «Մոսկվա» կինոթատրոնում: Ինչպես սեպտեմբերի 27-ի ասուլիսին հայտնեց ֆիլմի ռեժիսորը, կինոնկարի սցենարը գրվել է իր պապի եղբոր գեղեցիկ սիրո իրական պատմության հիման վրա: Ֆիլմի գործողությունները ծավալվում են 1910-15 թթ.: Հայ ազնվական ընտանիքի զավակը սիրահարվում է իրենց ծառային, եւ քանի որ հին ավանդույթի համաձայն տիրոջն արգելվում էր սիրել ծառային, ուստի երիտասարդը փախչում է հայրական տնից: Նա վերադառնում է միայն 1915 թ. եւ իր սերը վերագտնում գաղթի ճանապարհին: Ըստ Զ. Բեկ-Գասպարենցի, «Առաքել» ֆիլմը կլինի նոր «զենք» ցեղասպանության ճանաչման ճանապարհին: Ֆիլմի ռեժիսորը հայտնեց, որ մտադրություն կա այն ներկայացնել նաեւ Թուրքիայում: Ըստ նրա, ֆիլմը թարգմանվում է անգլերեն եւ ռուսերեն` միջազգային կինոփառատոններում ներկայացնելու նպատակով: Ֆիլմի Նկարահանումները կատարվել են Լոռու մարզում, Գյումրիում, Սեւանա լճի ավազանում, Երեւանում: Ֆիլմի գլխավոր դերակատարներն են Կարինե Ջանջուղազյանը, Զոհրապ Բեկ-Գասպարենցը, իր որդին` Զարեհը, Նաիրա Սուլթանյանը, Շահում Ղազարյանը եւ այլոք: Ֆիլմի նկարահանման համար ծախսվել է մոտ 100 հազար ԱՄՆ դոլար:
Նոյյան տապան  -   Մշակույթ