Բրիտանացի դեռահասների 60%-ը տառապում է «խելացի հեռախոսներից» կախվածությամբ


Բրիտանացի դեռահասների 60%-ը տառապում է «խելացի հեռախոսներից» կախվածությամբ

  • 05-08-2011 17:46:18   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ
Սոցիալական ցանցերի նկատմամբ աճող հետաքրքրությունը խթանում է սմարթֆոնների անհավանական պահանջարկը Արեւմուտքի զարգացած երկրներում: Այդ մասին է վկայում, մասնավորապես, «Ofcom» հետազոտական կազմակերպության Մեծ Բրիտանիայում անցկացրած հարցումը, որի համաձայն, դեռահասների 60%-ը տառապում է իրենց «խելացի հեռախոսներից» (անգլերեն- smart phones) կախվածությամբ: Ինչպես գրում է ռուսաստանյան «Expert-online»-ը, նշված խմբի հարցվողները որպես «չափազանց բարձր» են գնահատում իրենց կախվածությունը «խելացի» սարքերից: Բրիտանացի երեխաների համարյա կեսը եւ մեծահասակների 25%-ը նշել են, որ պարբերաբար՝ օրը մի քանի անգամ, սոցիալական ցանցեր են մտնում եւ ստուգում են իրենց էլեկտրոնային փոստարկղերը շարժական սարքերի միջոցով: Բրիտանացի դեռահասների 47%-ը խոստովանել է, որ իրենց բջջային հեռախոսներից չեն բաժանվում նույնիսկ զուգարանում, նման սովորություն ունի նաեւ մեծահասակների 22% -ը: Դեռահասները համարյա միշտ էլեկտրոնային հաղորդակցության համար շեղվում են ընթրելիս, կինոթատրոնում, գիշերները հաճախ արթնանում են իրենց սարքերի զանգերից: Այսպես, 2011թ.-ի առաջին կիսամյակում բրիտանական շուկայում սմարթֆոնների վաճառքի ծավալներն առաջին անգամ պատմության մեջ գերազանցել են սովորական բջջային հեռախոսների վաճառքի ծավալները. վաճառվել է 13,6 մլն սմարթֆոն: Եւ պատահական չէ, որ դեռահասների 60%-ը եւ մեծահասակների 37%-ը սմարթֆոններից կախվածությունը համեմատում են թմրակախվածության հետ: «Ofcom»-ը հարցումը կատարել է 2073 մեծահասակ (16-ից բարձր տարիքի) եւ 521 դեռահաս (12-15 տարեկան) բրիտանացիների շրջանում: Ընկերության հետազոտությունների գծով տնօրեն Ջեյմս Թիքեթն ընդգծել է. «Մեր զեկույցը ցույց է տալիս, որ հաղորդակցական տեխնոլոգիաների ազդեցությունը շատ մեծ է: Սոցիալական ցանցերը հաստատվել են մեր կյանքում, եւ մենք արդեն մոռանում ենք, թե ինչպես պետք է պահենք մեզ կամ շփվենք բնական միջավայրում»: «Մարդիկ սկսել են նոր տեխնոլոգիաներից կախվածության մեջ ընկնել,- շարունակում է նա: Ավելի ու ավելի շատ մարդիկ են սմարթֆոն գնում, եւ դրանք դառնում են հաղորդակցման գլխավոր միջոցը: Մենք քայլելիս ենք շփվում «Facebook»-ում` իրական աշխարհին ուշադրություն չդարձնելով: Իսկ երբ մեզանից վերցնում են սմարթֆոնը, ընկճախտ եւ «ջարդախտ» է սկսվում: Մենք շարժական թմրամոլների ազգ ենք»: «Еxpert-online»-ը գրում է, որ հասարակության վիրտուալացման մեջ ամենամեծ ներդրումն արել է հենց «Facebook» սոցիալական ցանցը: Հետազոտողների տվյալներով, այդ ցանցին բաժին է ընկնում 4 անգամ ավելի շատ հաղորդագրություն, քան շարժական սարքերով օգտագործվող այլ համանման ծառայություններին միասին: Դա հանգեցրել է այն բանին, որ արեւմտյան երկրների դեռահասները շատ ավելի քիչ են կարդում, քան նրանց հասակակիցները տասը տարի առաջ: Նույնիսկ խաղային կցորդները եւ անձնական համակարգիչները նման մեծ ազդեցություն չէին գործում երեխաների վրա, ինչպես սմարթֆոնները ներկայումս: Սմարթֆոնների ժողովրդականության աճի մասին են վկայում նաեւ շարժական կապի օպերատորները, որոնց կողմից տվյալների փոխանցման ծավալներըը միայն վերջին մեկ տարում աճել է 67%-ով: «Օ2»-ի եւ «Vodafone»-ի տվյալներով, օգտագործողներն ավելի հաճախ փոխանցում են տեսանյութերի հղումներ եւ լուսանկարներ փոխանակում: Սակայն սմարթֆոնները Մեծ Բրիտանիայի միակ տեխնածին խնդիրը չեն: Նույն «Ofcom»-ի տվյալներով, եթե բրիտանացիները 2009թ.-ին օրեկան 3,8 ժամ էին հռուստացույց դիտում, ապա 2010թ.-ին` արդեն ուղիղ 4 ժամ: Փորձագետներն այդ հանգամանքը պայմանավորում են այնպիսի ծառայությունների մատուցման հետ, ինչպիսիք են պատվերով տեսաֆիլմերը եւ HDTV տեխնոլոգիաների համատարած ներդրումը: 2010թ.-ին Մառախլապատ Ալբիոնում վաճառվել է այդ տեխնոլոգիայի 10 մլն հեռուստացույց: Բացի այդ, բրիտանական տնային տնտեսությունների 57%-ին հասանելի է օպտիկա-մանրաթելքային ցանցերով սփռվող լայնաշերտ ինտերնետը. բրիտանացիների 22%-ը պարբերաբար, համարյա ամեն օր օնլայն-խաղերով է զբաղվում, նրանցից յուրաքանչյուրն օրական միջին հաշվով 5 տեքստային հաղորդագրություն է ուղարկում: 35-44 տարեկանների 90%-ն ինտերնետ ունի տանը, եւ օգտագործողներից յուրաքանչյուրն 2011թ.-ի ապրիլին համակարգչի մոտ անցկացրել է միջին հաշվով 50 ժամ: Փորձագետները հատկանշում են, որ Մեծ Բրիտանիային բնորոշ երեւույթները հատուկ են նաեւ ամբողջ Արեւմուտքին: Այն անցնում է վիրտուալ միջավայր, եւ որքան էլ բժիշկները եւ հոգեբանները խոսեն նստակյաց կենսակերպի սպառնալիքների մասին, միտումը կարծես թե անկասելի է:
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ