ՌՈԲԵՐ ԳԵՏԻԿՅԱՆԻ ՆՈՐ` «ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴՈՒԹՅՈՒՆ ԴԵՊԻ ՀԱՅԱՍՏԱՆ»
ՖԻԼՄԻ ԵՐԵՎԱՆՅԱՆ ՆԿԱՐԱՀԱՆՈՒՄՆԵՐՆ ԱՎԱՐՏՎԵԼ ԵՆ
20-09-2005 17:50:00 | Հայաստան | Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ - ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ:
Ավարտվել են ֆրանսահայ կինոռեժիսոր Ռոբեր Գեդիկյանի նոր`
«Ճանապարհորդություն դեպի Հայաստան» ֆիլմի երեւանյան
նկարահանումները: Ֆիլմի եզրափակիչ նկարահանումները կկատարվեն
Ֆրանսիայում` Մարսելում, իսկ առաջին ցուցադրությունը կկայանա
հաջորդ տարվա ապրիլին` Փարիզում: Հայ հանդիսատեսը կինոնկարը
կկարողանա դիտել միայն 2006 թ. ամռանը` հուլիսի 14-ին «Ոսկե ծիրան»
կինոփառատոնի շրջանակում: Ֆիլմում նկարահանվել են շուրջ 20 հայ
դերասաններ:
Ինչպես սեպտեմբերի 20-ի ասուլիսում հայտնեց Ռոբեր Գեդիկյանը,
ֆիլմի ստեղծման գաղափարն առաջացել էր մեկ տարի առաջ, երբ ինքը
կնոջ` ֆրանսիացի հայտնի դերասանուհի Արիան Ասկարիդի հետ Հայաստան
էր եկել` մասնակցելու «Ոսկե ծիրան» առաջին միջազագային
կինոփառատոնին: Նոր կինոնկարի սցենարի հեղինակը, ինչպես նաեւ
գլխավոր հերսուհու` Աննայի դերակատարը Արիան Ասկարիդն է:
Դերասանուհու խոսքերով, այս ֆիլմը հայրենիքից հեռու ապրող
հայերի մասին է, որոնք ապրելով օտարության մեջ, այնուամենայնիվ,
չեն կորցրել իրենց ազգային հատկանիշները, ամբողջովին չեն
տարրալուծվել այլ մշակույթի ու կենցաղի մեջ: «Այս թեման նեղ
ազգային չէ, սա համամարդկային թեմա է. այն որքանով որ առնչվում է
հայի հետ, նույնքանով էլ` իտալացու, գերմանացու, իսպանացու եւ
մյուս այլ ազգերի հետ, քանի որ ինքնության պահպանության խնդիրը
գոյություն է ունեցել բոլոր ժամանակներում»,- ընդգծեց Արիան
Ասկարիդը:
Ֆրանսիացի դերասանուհին գտնում է, որ ոչ մի տարբերություն չկա
հայ կամ ֆրանսիացի դերասանների միջեւ, կան պարզապես լավ կամ վատ
դերասաններ: Դերասանուհու խաղընկերը եղել է ազգությամբ հայ,
Արտաշատի Դրամատիկական թատրոնի դերասան Ռոմեն Ավինյանը: «Մենք
երկուսս խոսում էինք տարբեր լեզուներով, սակայն դա չխանգարեց մեր
աշխատանքին. մենք հասկանում էինք իրար հայացքներով եւ ժեստերով»,-
նշեց դերասանուհին:
Ֆիլմի մյուս գլխավոր դերակատարը` ազգությամբ ֆրանսիացի Ժերար
Մելանը նկարահանվել է հայի կերպարում: Նա նշեց, որ սկզբում իրեն
դժվար էր խաղալ այդ դերում, քանի որ ծանոթ չէր հայկական
իրականությանը, սակայն կարճ ժամանակ անց հաղթահարվել է նաեւ այդ
խոչընդոտը: «Այս երկրում ես տեսա մեծ մարդասիրություն: Այստեղ ես
գտա մարդկային ու պարզ հարաբերություններ, որը չեմ տեսել շատ
երկրներում: Ես հիմա ավելի շատ հայացա, քան նկարահանումների
սկզբում»,- նշեց Մելանը: