ՍԱՔՍՈՆԻԱ-ԱՆՀԱԼԹ ԵՐԿՐԱՄԱՍԻ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐԻՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՀՀ<br /> ԱԳ ՆԱԽԱՐԱՐԸ<br />


ՍԱՔՍՈՆԻԱ-ԱՆՀԱԼԹ ԵՐԿՐԱՄԱՍԻ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐԻՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՀՀ
ԱԳ ՆԱԽԱՐԱՐԸ

  • 05-09-2005 21:05:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ - ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Սեպտեմբերի 3-7-ը Հայաստանում անցկացվող Գերմանիայի Սաքսոնիա-Անհալթ երկրամասի մշակութային շաբաթի մասին է պատմել երկրամասի մշակույթի նախարար Յան-Հենդրիկ Օլբերտցը սեպտեմբերի 5-ին Հայաստանի ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի հետ հանդիպմանը: Շաբաթի շրջանակում անցկացվում են համերգներ, ցուցահանդեսներ, կինոցուցադրումներ, ինչպես նաեւ հայ-գերմանական գիտաժողով` պատմաբանների եւ հայագետների մասնակցությամբ: Կողմերը գոհունակություն են հայտնել մշակույթի, կրթության եւ գիտության բնագավառներում երկկողմ արդյունավետ համագործակցության առնչությամբ, որին էապես նպաստել են այդ ոլորտների վերաբերյալ ստորագրված մի շարք երկկողմ իրավական փաստաթղթեր: ՀՀ ԱԳ նախարարը բարձր է գնահատել գիտնականների, ուսանողների, ուսուցիչների եւ դպրոցականների միջեւ իրականացվող փոխանակումների բազմազան ծրագրերը: Հատուկ նշվել է Գերմանիայի ակադեմիական փոխանակման ծառայության (DAAD) արդյունավետ գործունեությունը: Ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ին հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունից, Սաքսոնիա-Անհալթի երկրամասի մշակույթի նախարարի Հայաստան այցի ընթացքում նախատեսված են հանդիպումներ Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսի, մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարար Հովիկ Հովեյանի, կրթության եւ գիտության նախարար Սերգո Երիցյանի հետ: Այցի ընթացքում նախատեսված է ստորագրել «Համատեղ հայտարարություն ՀՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարության, ՀՀ կրթության եւ գիտության նախարարության եւ Սաքսոնիա-Անհալթ երկրամասի մշակույթի, գիտության եւ կրթության նախարարության միջեւ` մշակույթի, կրթության եւ գիտության բնագավառներում համագործակցության մասին»:
Նոյյան տապան  -   Մշակույթ