Հիմնադրվեց «Վրաստանի հայ նկարիչների միությունը»


Հիմնադրվեց «Վրաստանի հայ նկարիչների միությունը»

  • 12-08-2011 16:24:01   | Վրաստան  |  Մշակույթ
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հովանավորությամբ Վիրահայոց թեմի առաջնորդարանում անցկացվեց Վրաստանի հայ նկարիչների միության հիմնադիր ժողովը, որին մասնակից դարձան Թբիլիսիից եւ Սամցխե-Ջավախքից ժամանած գեղանկարիչներ, մանրանկարիչներ, քանդակագործներ, արվեստի այս ճյուղը ներկայացնող այլ գործիչներ: Ժողովը բացվեց թեմի առաջնորդ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի օրհնության խոսքով: Սրբազանը մասնավորապես նշեց. «...Թեեւ վերջին յոթ տարիների ընթացքում Վրաստանում գործող հայ նկարիչները եկեղեցու առաջնորդությամբ բազմաթիվ ցուցահանդեսներ են կազմակերպել ինչպես Վրաստանում, այնպես էլ Հայաստանում, Կանադայում եւ այլ երկրներում ու միասնաբար կյանքի են կոչել մշակութային բազմաթիվ միջոցառումներ, այդուհանդերձ անհրաժեշտություն է նկատվում նորահաստատ «Հայարտուն» կենտրոնի հովանու ներքո հիմնել «Վրաստանում ստեղծագործող հայ նկարիչների միություն»: Վազգեն եպիսկոպոսը հայտնեց նաեւ, որ «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի աջակցությամբ կենտրոնում կստեղծվեն միության արդյունավետ գործունեությանը նպաստող անհրաժեշտ բոլոր պայմանները: Հընթացս ժողովի մասնակիցներից յուրաքանչյուրը հանդես եկավ գործնական առաջարկով: ԽՍՀՄ նկարիչների միության եւ Վրաստանի նկարիչների միության անդամ, արվեստագետ Լեւոն Օսիպովը նշեց. «Կարծում եմ, սա հրաշալի նախաձեռնություն է, եւ հուսով եմ Միությունը, որի ստեղծման առիթը համախմբել է այսօր բոլորիս, կարդարացնի իր առջեւ դրված պահանջներն ու նպատակը»: Ժողովն ընթացավ բավականին գործնական մթնոլորտում: Ավարտին, ներկաների միաձայն քվեարկությամբ հիմնադրվեց «Վրաստանի հայ նկարիչների միությունը»` համապատասխան միավորումներով: Միության նախագահ ընտրվեց ճանաչված եւ բազմավաստակ մանրանկարիչ Մերուժան Շահումյանը, Թբիլիսիի պատասխանատու` Իռենա Օհանջանովան, Ախալքալաքիի շրջանի պատասխանատու` Կառլեն Կարապետյանը, Նինոծմինդայում` Համլետ Արոյանը, իսկ Ախալցիխեում` Ալեքսանդր Իգիթխանյանը: Համաժողովի մասնակիցների միաձայն որոշմամբ ընտրվեց նաեւ նկարիչների միության գեղարվեստական խորհրդի նախագահ, որի պարտականությունները ստանձնեց Լեւոն Օսիպովը:
Նոյյան տապան  -   Մշակույթ