«ՋԱԶԻ ԳՈՒՅՆԵՐԸ» ՆԿԱՐՉԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹ-ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍՈՎ ԵՐԵՎԱՆՈՒՄ<br /> ՄԵԿՆԱՐԿԵՑ ՋԱԶԻ ՓԱՌԱՏՈՆԸ<br />


«ՋԱԶԻ ԳՈՒՅՆԵՐԸ» ՆԿԱՐՉԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹ-ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍՈՎ ԵՐԵՎԱՆՈՒՄ
ՄԵԿՆԱՐԿԵՑ ՋԱԶԻ ՓԱՌԱՏՈՆԸ

  • 08-04-2005 15:46:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանում ԱՄՆ դեսպանատան կազմակերպած ջազի փառատոնը մեկնարկեց ապրիլի 8-ին «Ջազի գույները» նկարչական մրցույթ-ցուցահանդեսով, որին մասնակցեցին Երեւանի Գեղարվեստի ակադեմիայի եւ Փանոս Թերլեմեզյանի անվան նկարչական ուսումնարանի սաները: Արդեն չորրորդ տարին Հայաստանի Նկարիչների միությունում (ՀՆՄ) անցկացվող մրցույթի մասնակիցները ջազային երաժշտության հնչյունների ներքո փորձում են պատկերել ջազը գույներով: Մրցույթի բոլոր մասնակիցները ԱՄՆ դեսպանատան կողմից ստացան սերտիֆիկատներ, ձայնասկավառակներ, իսկ Հայաստանի Նկարիչների միության կողմից` նկարչական պիտույքներ: Հայաստանում ԱՄՆ փոխդեսպան Էնթընի Գոֆրիի խոսքերով, չորրորդ տարին անցկացվող այս մրցույթը վկայում է այն մասին, որ Հայաստանում ոչ միայն հաստատավել է ջազը, այլեւ տարեցտարի ավելանում են ջազի սիրահարները: Ըստ նրա, ջազի փառատոնի նպատակն է հասարակության ուշադրությունը բեւեռել ջազի յուրօրինակ ժառանգությանն ու պատմությանը, ցույց տալ դրա կարեւորությունը` որպես կենդանի ամերիկյան արվեստ ու ազգային մշակութային գանձ: Է. Գոֆրին նշեց, որ «Ջազի նշանավորման ամիսը» նշվում է ԱՄՆ-ում, իսկ 2003 թ.-ից ամերիկյան Կոնգրեսը սկսել է պաշտպանել այն միջազգայնորեն նշելու բոլոր նախաձեռնությունները: Ջազի օրերի շրջանակում Հայաստանում կկազմակերպվեն համերգներ, սվինգ պարահանդես, իսկ Հայաստանի Ազգային պատկերասրահում կբացվի ջազի եւ բլյուզի մասին պատմող ֆիլմերի շաբաթ: Դեսպանատան հրավերով Հայաստան կժամանեն ամերիկյան ջազային երաժիշտներ, այդ թվում Ֆրանկ Ամսալեմի հեղինակավոր քառյակը, երգչուհի Սառա Լազուրսկին, ինչպես նաեւ Օթար Մագրաձեի քառյակը` Թբիլիսիից:
Նոյյան տապան  -   Մշակույթ