ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ<br /> ԿԿԱԶՄԻ ԱՐՏԵՐԿՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀԱՅԿԱԿԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՆԵՐԸ<br />


ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ
ԿԿԱԶՄԻ ԱՐՏԵՐԿՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀԱՅԿԱԿԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՆԵՐԸ

  • 18-01-2005 17:40:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնը կազմել է Շիրակի եւ Տավուշի մարզերի պատմամշակութային հուշարձանների պետական ցուցակը, որ հաստատվել է ՀՀ կառավարության կողմից: Ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին հայտնեց կենտրոնի տնօրեն Հակոբ Սիմոնյանը, այս տարի կառավարությանը կներկայացվի նաեւ Սյունիքի մարզի պատմամշակութային հուշարձանների ցուցակը: Հակոբ Սիմոնյանի խոսքերով, Շիրակի մարզի հուշարձանների ցուցակում ընդգրկվել է 2334 հուշարձան, այն դեպքում, երբ 1983 եւ 1986 թթ. կազմված պետական ցուցակներում դրանց թիվը հասնում էր 700-800-ի: 2004 թ. պետական ցուցակում ընդգրկվել են 19-րդ դարի վերջին եւ 20-րդ դարի սկզբին Գյումրիում կառուցված բնակելի, հասարակական, մոնումենտալ կառույցները: Տավուշի մարզում գրանցվել է 1996 հուշարձան: Ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերվել են հնագիտական հուշարձաններ, դամբարանադաշտեր, հնագույն ամրոցներ, բրոնզեդարյան բնակատեղիներ, վաղ եւ միջնադարյան կոթողային հուշարձաններ: Պետական ցուցակում ներառվել են Իջեւան քաղաքի մոնումենտալ քանդակները, որոնք կերտվել են տարբեր երկրների ճանաչված քանդակագործների կողմից: Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի տնօրենը կարեւորում է հուշարձանների պետական ցուցակների կազմումը, քանի որ հողերի սեփականաշնորհման պատճառով դրանք կարող են կործանվել: Հակոբ Սիմոնյանը նշեց, որ ավարտելով ՀՀ պատմամշակութային հուշարձանների պետական ցուցակների կազմման աշխատանքները, կենտրոնը պետք է կազմի արտերկրի` Ռուսաստանի, եվրոպական երկրների, ԱՄՆ-ի, ինչպես նաեւ պատմական Հայաստանի տարածքում գտնվող հայկական պատմամշակութային հուշարձանների ցուցակները:
Նոյյան տապան  -   Մշակույթ