«ՈՍԿԵ ԾԻՐԱՆ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆԸ ԸՆԴԼԱՅՆՈՒՄ Է<br /> ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐԸ<br />


«ՈՍԿԵ ԾԻՐԱՆ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆԸ ԸՆԴԼԱՅՆՈՒՄ Է
ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐԸ

  • 22-12-2005 17:40:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: 2006 թ. հուլիսի 11-15-ը Երեւանում կայանալիք «Ոսկե ծիրան» միջազգային երրորդ կինոփառատոնի օրերին սկիզբ կդրվի «Ռեժիսորներ առանց սահմանի» նորաստեղծ կազմակերպության գործունեությանը: Կազմակերպության նպատակն է ստեղծել տարածաշրջանային կինոգործիչների ֆորում, սատարել անկախ կինոարտադրությանը, ստեղծել տարածաշրջանային ցանց, օժանդակել համատեղ կինոարտադրությանը: Ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցի հետ զրույցում նշեց Հայաստանի Կինոքննադատների եւ կինոլրագրողների ասոցիացիայի նախագահ Սուսաննա Հարությունյանը, կազմակերպության ձեւավորման գործընթացը սկսվել էր դեռեւս անցյալ տարվա «Ոսկե ծիրան» կինոփառատոնի օրերին կազմակերպված սեմինարի ժամանակ: «Կինոն որպես միջմշակութային երկխոսության միջոց» թեմայով սեմինարին ներկա էին 12 երկրների 50-ից ավելի կինոքննադատներ, ռեժիսորներ, արվեստաբաններ, կինոլրագրողներ, դերասաններ եւ ազգագրագետներ, որոնց քննարկումների եւ երկխոսության արդյունքում էլ ծնվել էր այս գաղափարը: Ս. Հարությունյանի խոսքերով, այս տարվա դեկտեմբերի 2-4-ը Լիսաբոնում կայացած Եվրոպական մշակութային պառլամենտի 4-րդ նստաշրջանին ինքը ներկայացրել է «Ռեժիսորներ առանց սահմանի» կազմակերպության ծրագիրը, որն արժանացել է պառլամենտի պատգամավորների հավանությանը: Հաշվի առնելով ծրագրի կարեւորությունը տարածաշրջանի համար` Եվրոպական մշակութային պառլամենտը որոշում է կայացրել ստանձնել այդ ծրագրի հովանավորությունը, ինչն էլ ամրագրվել է Լիսաբոնի հռչակագրում: 2006 թ. «Ոսկե ծիրան» կինոփառատոնի օրերին, հուլիսի 13-14-ը, կկազմակերպվի նոր սեմինար, որին կմասնակցեն նորաստեղծ կազմակերպության հաստատված անդամները:
Նոյյան տապան  -   Մշակույթ