ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐԸ ԹՈՒՅԼ ԱՐՁԱԳԱՆՔԵՑ ԻՐԱՆԻ ԿՈՂՄԻՑ<br /> ՀՈԼՈՔՈՍԹԻ ՈՒՐԱՑՄԱՆԸ<br />


ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐԸ ԹՈՒՅԼ ԱՐՁԱԳԱՆՔԵՑ ԻՐԱՆԻ ԿՈՂՄԻՑ
ՀՈԼՈՔՈՍԹԻ ՈՒՐԱՑՄԱՆԸ

  • 21-12-2005 13:58:00   | ԱՄՆ  |  Վերլուծություն
Հարութ Սասունյան, «Կալիֆոռնիա կուրիեր» Անցյալ շաբաթ արտգործնախարար Վարդան Օսկանյանը խուսափողական պատասխան տվեց, երբ նրան հարց տվեցին Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի կողմից հրեական Հոլոքոսթի պարբերական ուրացումների վերաբերյալ: Օսկանյանի պատասխանը տարածվեց տարբեր լրատվական գործակալությունների կողմից, այդ թվում «Ազատություն»-Ազատ Եվրոպա ռադիոկայանի ծավալուն հաղորդագրությամբ, որ վերնագրված էր. «Երեւանը չի շտապում դատապարտել Իրանի ղեկավարին Հոլոքոսթն ուրանալու համար»: «Մենք միշտ ձեռնպահ ենք մնացել այդ հարցով գնահատականներից, - ասել է Օսկանյանն անցած շաբաթ, երբ նրան խնդրել են մեկնաբանել նախագահ Ահմադինեժադի հայտարարությունը, որ համընդհանուր դատապարտման էր արժանացել:- Մենք Իրանի հետ մեր հարաբերությունները դիտարկում ենք միայն երկկողմ շրջանակում: Նման հարցեր երբեք չեն քննարկվել մեր երկկողմ հարաբերություններում»: Միացյալ Նահանգները, Եվրամիությունը եւ նույնիսկ Ռուսաստանը` Իրանի մերձավոր դաշնակիցը, խստիվ դատապարտել են Հոլոքոսթի ուրացումը Իրանի ղեկավարի կողմից: Հրաժարվելով դատապարտել Հոլոքոսթի ուրացումը Իրանի կողմից եւ մատնանշելով, որ դա Հայաստանի եւ Իրանի միջեւ երկկողմ հարաբերությունների հարց չի հանդիսացել` Օսկանյանը Հայաստանը խոցելի դարձրեց միջազգային հանրության քննադատության համար: Հայաստանի արտգործնախարարի արձագանքը զարմանալիորեն անհամարժեք էր, հատկապես երբ նա եւ նրա օգնականները մի քանի շաբաթ ունեին խորհելու այդ հարցի շուրջ եւ ավելի լավ պատասխան պատրաստելու, քան տվեց նա: Օսկանյանի պատասխանի հետ կապված երեք խնդիր կա. 1) Հոլոքոսթի ուրացումը որպես Իրանի եւ Հայաստանի միջեւ հարաբերություններից դուրս գտնվող հարց ներկայացնելը նշանակում է անարձագանք թողնել Հոլոքոսթի` ամբողջ մարդկությանն առնչվող հանցագործության ուրացումը; 2) Ասելը, թե Հոլոքոսթի ուրացումն առնչություն չունի հայ-իրանական հարաբերությունների հետ, հնարավոր է դարձնում, որպեսզի մնացյալ ամբողջ աշխարհը նույն անտարբեր պատասխանը տա, երբ նրան խնդրեն ընդդիմանալ Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ուրացմանը; 3) Իրանի հետ կապված Հայաստանի քաղաքական/տնտեսական շահերից ելնելով` Հոլոքոսթի ուրացումը չդատապարտելը կասկածի տակ է դնում Հայաստանի իսկ քննադատությունը Իսրայելի եւ Միացյալ Նահանգների հասցեին: Հայերը հաճախ են մեղադրում այս երկու երկրներին իրենց աննրբանկատ եսասիրական նկատառումներով Հայոց ցեղասպանության առնչությամբ Թուրքիայի ուրացողական դիրքորոշմանն աջակցելու մեջ: Նախարար Օսկանյանը կարող էր այս հարցին խուսափողական պատասխան տալ երկու պատճառներով. 1) Չցանկանալով նեղացնել Իրանի ղեկավարությանը, ինչը կարող էր հանգեցնել Իրանի եւ Հայաստանի միջեւ կարեւորագույն տնտեսական կապերի խզման: եւ 2) Ցանկանալով հաղորդագրություն ուղարկել Իսրայելի ղեկավարներին` հիշեցնելով նրանց իրենց անընդունելի աջակցությունը թուրքական կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ուրացմանը: Նկատի ունենալով վերը նշված հասկանալի մտահոգությունները` գերադասելի կլիներ, եթե նախարար Օսկանյանն իր պատասխանը ձեւակերպեր ընդհանուր գծերով հետեւյալ կերպ. «Քանի որ Հայաստանը ճանաչում է բոլոր ցեղասպանությունները` ներառյալ Հոլոքոսթը, մենք մտահոգված ենք այն փաստով, որ որոշ կառավարություններ ոչ միայն չեն դատապարտում Հայոց ցեղասպանության ուրացումը, այլեւ պաշտպանում են Թուրքիայի ուրացողական դիրքորոշումը»: Նման պատասխանը գերադասելի կլիներ, քանի որ այն. 1) Ցեղասպանության ուրացման բեռը կտեղափոխեր Իսրայելի վրա; 2) Կկանխեր Իսրայելի եւ այլ պետությունների կողմից Հայաստանի քննադատությունը Հոլոքոսթի ուրացումն անարձագանք թողնելու համար; եւ 3) Այլ պետությունների արդարացում չէր թողնի Հայոց ցեղասպանության ուրացման նկատմամբ անտարբեր դիրքորոշման համար: Հատկանշական է, որ Ամերիկայի թուրքական միությունների համագումարի (ԱԹՄՀ) նախագահ Վուրալ Չենգիզը ժամանակ չկորցրեց Իրանի կողմից Հոլոքոսթի ուրացման առնչությամբ Օսկանյանի մեկնաբանությունները շահարկելու համար: Չենգիզը հայտարարեց. «Այս հայտարարություններն ի ցույց են դնում Հայաստանի Հանրապետության ղեկավարության երկերեսանիությունը, որը սովորաբար զուգահեռ է անցկացնում Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում Օսմանյան կայսրության հայերի եւ Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում Եվրոպայի հրեաների ճակատագրի միջեւ` ջանալով ամրապնդել Թուրքիայի դեմ իր հավակնությունները»: Նա շարունակեց. «Օսկանյանի դիրքորոշումը պարզորոշ ցույց է տալիս, թե բարոյապես որքան փչացած է հայաստանյան ղեկավարությունը. նրանք ոչ միայն կեղծում են պատմությունը` Օսմանյան կայսրության հայերի ճակատագիրը համեմատելով Երկրորդ աշխարհամարտի ընթացքում հրեաների ճակատագրի հետ, այլեւ հենց որ խաղաթղթի վրա են հայտնվում իրենց տնտեսական շահերը` անհապաղ իջնում են իրենց բարոյական բարձունքներից»: Անկախ նրանից, որ ԱԹՄՀ-ի հայտարարությունը հավանաբար որեւէ ամերիկացի բարձր վարձատրվող հանրային կապերի մասնագետի ձեռքի գործն է, Չենգիզը թերեւս չի նկատել, որ իր կամքից անկախ ճանաչում է այն փաստը, որ Հայաստանը «բարոյական բարձունքում» է գտնվում Հայոց ցեղասպանությունը հրեական Հոլոքոսթի հետ համեմատելիս: Վստահաբար, Չենգիզն Օսկանյանին քննադատելու արժանահավատությունը չունի, քանի որ Թուրքիայի կառավարությունը հետեւողականորեն եւ ամենավրդովեցուցիչ խոսքերով ուրանում է Հայոց ցեղասպանությունը: Այդ առումով, հրեական Հոլոքոսթի ուրացումներն Իրանի առաջնորդի կողմից չեն տարբերվում Հայոց ցեղասպանության ուրացումներից, որ ցփնում են Թուրքիայի ղեկավարները վերջին 90 տարիներին (!): Միակ տարբերությունն այն է, որ երբ Իրանի ղեկավարն ուրանում է Հոլոքոսթը, ամբողջ աշխարհը վեր է թռչում` քննադատելու նրան, մինչդեռ խուլ լռություն է տիրում, երբ թուրք ղեկավարներն են ուրանում Հայոց ցեղասպանությունը:
Նոյյան տապան  -   Վերլուծություն