ՀԱՅԿԱԿԱՆ ՀԵՌՈՒՍՏԱՍԵՐԻԱԼՆԵՐԻ ԹՎԻ ԱՃԸ ԿԱՐՈՂ Է ՆՊԱՍՏԵԼ ԴՐԱՆՑ
ՈՐԱԿԻ ԲԱՐՁՐԱՑՄԱՆԸ
03-11-2008 16:44:00 | Հայաստան | Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 3 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Եթե ասում են, որ արվեստը
կյանքի արտացոլանքն է, ապա դա չի նշանակում, որ հեռուստասերիալները
պետք է ներկայացնեն այն «այլանդակ երեւույթները», որոնք այսօր
գոյություն ունեն առօրյա կյանքում: Իսկ հեռուստալիքներով
ցուցադրվող հայկական սերիալներում, ինչպես նոյեմբերի 3-ին
բանաստեղծուհի, հրապարակախոս Մարինե Պետրոսյանի հետ բանավեճում
նշեց դերասանուհի Հասմիկ Տեր-Կարապետյանը, ներկայացվում է միմիայն
փողոցային կյանքը, զարհուրելի ժարգոնը, եւ դրանք ոչ մի
դաստիարակչական դեր չեն կարող կատարել:
Նա անընդունելի համարեց հեռուստատեսությամբ նման սերիալների
ցուցադրումը, քանի որ դրանցով առաջին հերթին տարվում են
դեռահասները: «Ես դեմ եմ այդ սերիալների ցուցադրությանը, եւ
կարծում եմ, պետք է վերահսկել հեռարձակվող ցանկացած հաղորդում,
քանի որ սերիալներից, շոու ծրագրերից, հումորային հաղորդումներից
հասարակությունը շատ բան է ընդօրինակում»,- ասաց
Հ.Տեր-Կարապետյանը:
Նա նշեց նաեւ, որ իր ծանոթ դերասաններն այդ սերիալներում
նկարահանվում են միայն գումար վաստակելու համար:
Ի տարբերություն դերասանահու, Մ.Պետրոսյանը գտնում է, որ
այսօր սերիալները կարեւոր նշանակություն ունեն: Նրա կարծիքով,
հատկապես «Շանթ» հեռուստաընկերության ցուցադրած «Վերվարածները» եւ
«Որոգայթը» բավականին հաջողված սերիալներ են: Ըստ նրա, այդ
սերիալներից կարելի է շատ բան սովորել, քանի որ դրանք
իրականությունն են արտացոլում: «Հայկական սերիալներում
ներկայացվում է կյանքի ճշմարտության մի հատվածը: Եվ եթե դա էլ
չցուցադրվի, ապա հեռուստատեսությունում ճշմարտության ոչ մի հատիկ
չի մնա, ու այն կվերածվի կեղծ, զզվելի, մարմելադի պես մի բանի»,-
ընդգծեց Մ.Պետրոսյանը:
Այդուհանդերձ, բանավեճի մասնակիցները հույս հայտնեցին, որ
սերիալների թվի աճը կնպաստի նաեւ որակի բարձրացմանը, եւ ի հայտ կգա
լուրջ ստեղծագործական մրցակցություն: