ԻՋԵՑՎԵԼ Է ԸՆՏԱՆԵԿԱՆ ԱՆԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՇԵՄԸ<br />


ԻՋԵՑՎԵԼ Է ԸՆՏԱՆԵԿԱՆ ԱՆԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՇԵՄԸ

  • 27-12-2007 18:10:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Դեկտեմբերի 27-ի նիստում ՀՀ կառավարությունն ընդունել է «2008թ.-ի պետական նպաստների չափերը սահմանելու մասին» որոշումը: Ինչպես նիստից հետո լրագրողներին հայտնեց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Արտեմ Ասատրյանը, որոշմամբ ընտանեկան անապահովության գնահատման շեմը` 33 միավորից իջեցվել է մինչեւ 30 միավոր: Որքան բարձր են անապահովության միավորները, այդքան բարձր է տրամադրվող գումարի չափը: Ա.Ասատրյանը նշեց, որ բազային նպաստի չափը սահմնավել է 8 հազար դրամ (մոտ 26 ԱՄՆ դոլար)` գործող 7 հազար դրամի փոխարեն: Ընտանիքի անդամի մահվան կապակցությամբ նախկին 25 հազար դրամի փոխարեն հաջորդ տարի կտրամադրվի 50 հազար դրամ: Ընտանիքում երրորդ եւ ավելի երեխայի ծննդյան դեպքում 200 հազար դրամի փոխարեն կտրամադրվի 300 հազար դրամ: Երեխայի ծննդյան համար հատկացվող գումարը` 35 հազար դրամ, մնացել է անփոփոխ:
Նոյյան տապան  -   Հասարակություն