ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿԿԱՅԱՆԱ ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՀԱՄԱՏԵՂ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ
«ԱԴԱՄԱՆԴ» ԼԻԱՄԵՏՐԱԺ ՖԻԼՄԻ ՊՐԵՄԻԵՐԱՆ
06-12-2007 17:30:00 | Հայաստան | Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Դեկտեմբերի 10-ին
Երեւանի «Մոսկվա» կինոթատրոնում կկայանա հայ-ռուսական համատեղ
արտադրության «Ադամանդ» լիամետրաժ գեղարվեստական ֆիլմի պրեմիերան:
Ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին հայտնեց կինոնկարի գլխավոր
դերակատար Գոռ Վարդանյանը, մարտաֆիլմում ներկայացվում են Գեղարդում
պահվող գանձերը, որոնց ցանկանում են տիրանալ ռուսները:
1 ժամ 20 րոպե տեւողությամբ «Ադամանդ» ֆիլմի սցենարիստն է
Կարեն Վաթյանը, ռեժիսորը` Ալեքսանդր Կրիմինենկոն: Գլխավոր դերերում
հանդես են եկել նաեւ հայտնի դերասաններ Ջամալ Աջիգեիեւը եւ Յուրի
Նազարովը: Ֆիլմի նկարահանմանը մասնակցել են մեկ տասյնակից ավելի
կարատեի աշխարհի չեմպիոններ: Ըստ Գ.Վարդանյանի, կինոնկարը ավելի
շատ նախատեսված է երեխաների եւ պատանիների համար: «Ադամանդ» ֆիլմի
երեւանյան պրեմիերայից հետո այն կցուցադրվի նաեւ Մոսկվայում:
Ֆիլմը նկարահանվել է դեռեւս 2004թ.-ին, սակայն մոնտաժային
աշխատանքներն ավարտվել են վերջերս: Գ.Վարդանյանն ավելի վաղ փորձել
է հանդիսատեսին ներկայացնել արցախյան պատերազմի տարիներին տեղի
ունեցած պատմական իրադարձությունների մասին պատմող իր ֆիլմը, որն
ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում արժանացել է հանդիսատեսի
եւ կինոքննադատների դրվատանքին: Նշվեց նաեւ, որ «Ճակատագիր»
կինոնկարը այս տարի ԱՄՆ-ում կայացած «The method fest» փառատոնում
արժանցել է առաջին մրցանակի: Փառատոնում ներկայացվել է 750 ֆիլմ,
որոնցից եզրափակիչ փուլ են դուրս եկել միայն 25-ը: «Ճակատագիրը»
2008թ.-ին կներկայացվի նաեւ Բեռլինում կայանալիք ֆիլմերի
փառատոնին:
Գ.Վարդանյանը հաջորդ տարի նախատեսում է Հայաստանում բացել
միջազգային ստանդարտներով կինոարտադրության ստուդիա: Բացի այդ, նա
նախատեսում է նաեւ Երեւանում նկարահանել մի շարք մանկական ֆիլմեր,
որոնցում հանդես կգան Հայաստանի Դուքենդո-ֆուլ կոնտակտ կարատեի
սաները: «Ֆեդերացիայի գործունեությունը ցույց է տալիս, որ
երեխաները սիրում են սպորտը եւ ցանկանում են այդ սպորտաձեւով նաեւ
ինքնահաստատվել: Իսկ իմ նպատակն է առաջին հերթին երեխաներին կտրել
փողոցից եւ նրանց սովորեցնել ոչ միայն ինքնապաշտպանվել, այլեւ
պայքարել մեր կյանքում առկա անարդարությունների դեմ: Մանկական
ֆիլմերը եւս դրանց մասին են լինելու»,- նշեց Գ.Վարդանյանը: