2008 ԹՎԱԿԱՆԻՆ ԼԵՀԱՍՏԱՆԸ ԿՍԿՍԻ ԵՎ ԿԱՎԱՐՏԻ ԻՐ ԶՈՐՔԵՐԻ
ԴՈՒՐՍԲԵՐՈՒՄԸ ԻՐԱՔԻՑ, ԲԱՅՑ ԿՄՆԱ ԱՖՂԱՆՍՏԱՆՈՒՄ
23-11-2007 19:46:00 | Լեհաստան | Միջազգային
ՎԱՐՇԱՎԱ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: 2008 թվականին
Լեհաստանը կսկսի եւ կավարտի իր զորքերի դուրսբերումը Իրաքից: Այս
մասին հայտարարել է երկրի վարչապետ Դոնալդ Տուսկը:
Տուսկը ավելացրել է, որ լեհական զորակազմը Իրաքից դուրս
կբերվի դաշնակիցների հետ խորհրդակցելուց հետո: «Մեկ տարի անց, այս
նույն ժամանակ, այստեղ` Սեյմում, ես ձեզ կասեմ, որ մեր
առաքելությունը Իրաքում ավարտված է»,- ասել է վարչապետը:
Այդուհանդերձ, շարունակել է Տուսկը, Լեհական զորքերի
առաքելությունը Աֆղանստանում «վկայում է Լեհաստանի, որպես ՆԱՏՕ-ի
անդամ պետության հուսալիության մասին, ուստի եւ կշարունակվի»:
Տուսկը նկատել է, որ Աֆղանստանում լեհ զինվորները պայքար են մղում
թմրադեղերի արտադրության դեմ, որ այնտեղից փոխադրվում են ի թիվս
այլ երկրների նաեւ հենց Լեհաստան: