ՀՀ ԱԺ ՆԱԽԱԳԱՀԸ ՊԱՐԳԵՎԱՏՐԵՑ ԿԱՐԱՏԵԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆԻ
ԱՆԴԱՄՆԵՐԻՆ
19-11-2004 21:10:00 | Հայաստան | Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ ԱԺ նախագահ Արթուր
Բաղդասարյանը Նոյեմբերի 18-ին ընդունել է Հայաստանի կարատեի
ֆեդերացիայի ղեկավարներ Գրիգոր Միքայելյանին, Մարկ Գրիգորյանին եւ
ազգային հավաքականի անդամներին: Այս մասին «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ին
հայտնեցին ՀՀ ԱԺ Հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Գ.Միքայելյանը ներկայացրել է Կարատեի ազգային հավաքականի
վերջին տարիների հաջողությունները. լինելով կարատեի աշխարհի գավաթի
կրկնակի գավաթակիր, 2004-ի հոկտեմբերին հավաքականը Լոս Անջելեսում
կարատեի միջազգային 40 րդ առաջնությունում նվաճել է 20 ոսկե, 8
արծաթե, 5 բրոնզե մեդալներ: Հայաստանի հավաքականը ճանաչվելզ է
առաջինը եւ արժանացավ Կարատեի միջազգային ասոցիացիայի ոսկե
մեդալին: Նշվել է, որ հայ մարզիկների այդ հաջողությունները շարժել
են ճապոնացիների հետաքրքրությունը, որոնք պատրաստակամություն են
հայտնել աջակցելու Հայաստանում Արեւելյան մարտարվեստների կենտրոնի
ստեղծմանը:
Ա.Բաղդասարյանը շնորհավորելով հավաքականի անդամներին, նշել է,
որ նրանց փայլուն հաղթանակները կարեւորվում են Հայաստանի մարզական
ընդհանուր անհաջողությունների համապատկերում: Խորհրդարանի նախագահը
Ազգային ժողովի պատվոգիր է հանձնել Հայաստանի կարատեի ֆեդերացիայի
ղեկավարներին` մարզական հաղթանակների համար եւ իր հիմնադրամից 1
մլն դրամ (մոտ 2 հազ. ԱՄՆ դոլար) հատկացրել ֆեդերացիային`
մարզիչներին խրախուսելու եւ ֆեդերացիայի կարիքները հոգալու համար: