ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏԱՆԻ ԸՄԲԻՇՆԵՐԸ 7 ՄՐՑԱՆԱԿ ՇԱՀԵՑԻՆ ՌՈՒՍԹԱՎԻԻ
ՄՐՑԱՇԱՐՈՒՄ
15-11-2004 18:25:00 | Հայաստան | Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Վրաստանի Ռուսթավի
քաղաքում անցկացվեց հունահռոմեական ոճի ըմբշամարտի պատանեկան
միջազգային մրցաշար, որտեղ խաղարկվեցին աշխարհի բազմակի չեմպիոն
Թեմուր Կազարաշվիլու անվան մրցանակները:
Ռուսթավիի մրցաշարին մասնակցեցին նաեւ Հայաստանի 18
ներկայացուցիչներ: Նրանցից 7-ը տուն վերադարձան մրցանակներով:
Առավել հաջող հանդես եկան գյումրեցի Արմեն Սարգսյանը (46 կգ
քաշային կարգ) եւ երեւանցի Արմեն Եղիազարյանը (69 կգ), որոնք,
շահելով իրենց բոլոր գոտեմարտերը, դարձան մրցաշարի հաղթողներ:
Հայաստանցի ըմբիշներից 5-ը իրենց քաշային կարգերում 2-րդ եւ 3-րդ
մրցանակակիրներ դարձան: