ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏԱՆԻ ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐԻՆ ՉՀԱՋՈՂՎԵՑ ԲԱՐՁՐ ՏԵՂԵՐ
ԳՐԱՎԵԼ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ
15-11-2004 18:12:00 | Հունաստան | Սպորտ
ՀԵՐԱԿԼԻՈՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հունաստանի Կրետե
կղզու Հերակլիոն քաղաքում ավարտվեց շախմատի աշխարհի պատանեկան
առաջնությունը, որն անցկացվում էր 5 տարիքային խմբերում (10, 12,
14, 16 եւ 18 տարեկանների): Այդպիսով, ընթանում էին տղաների ու
աղջիկների 10 մրցաշարեր:
Աշխարհի առաջնությունում Հայաստանը ներկայացնում էին 21
շախմատիստներ: Նրանցից ոչ մեկը չկարողացավ բարձր տեղ գրավել ու
մեդալ նվաճել: 1-ին տասնյակում տեղ գրավել կարողացավ միայն Նունե
Դարբինյանը (14 տ.), որը 11 հնարավորից 7,5 միավոր վաստակեց:
Նույնքան միավոր ունեին Սամվել Տեր-Սահակյանը (12տ.) եւ Գարուշ
Մանուկյանը (16տ.), որոնք իրենց տարիքային խմբերում գրավեցին 11-րդ
տեղը: Հայ 4 շախմատիստներ` Դավիթ Շահինյանը (10տ.), Հայկ Թամազյանը
(12տ.), Հրայր Սիմոնյանը (14տ.) եւ Արման Փաշիկյանը (18տ.),
վաստակեցին 7-ական միավոր: Հայաստանը ներկայացնող մյուս տղաներն ու
աղջիկները աշխարհի առաջնությունում ավելի համեստ արդյունքներ
ունեցան: