85-ԱՄՅԱ ԱՐՄԻՆԵ ԿԱԼԵՆՑԸ ՀՈՒՍՈՎ Է, ՈՐ ԿԿԱՐՈՂԱՆԱ ՆՈՐ ԿՏԱՎՆԵՐ<br /> ՍՏԵՂԾԵԼ<br />


85-ԱՄՅԱ ԱՐՄԻՆԵ ԿԱԼԵՆՑԸ ՀՈՒՍՈՎ Է, ՈՐ ԿԿԱՐՈՂԱՆԱ ՆՈՐ ԿՏԱՎՆԵՐ
ՍՏԵՂԾԵԼ

  • 15-10-2004 18:00:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Երեւանի Գեղարվեստի ակադեմիայի պատկերասրահում հոկտեմբերի 15-ին բացվեց անվանի գեղանկարչուհի Արմինե Կալենցի անհատական ցուցահանդեսը: «Ծաղիկներ Անի Նիկոլին» խորագրով ցուցահանդեսում Ներկայացված են նրա երեք տասնյակից ավելի աշխատանքները: Գեղանկարիչ Հակոբ Հակոբյանի խոսքերով, իսկական հանճարները շատ քիչ են, եւ Ա.Կալենցը այդ քչերից մեկն է, որ ստեղծագործելով վեց տասնյակից ավելի տարիներ իր հետքն է թողել հայկական մշակույթում: «Նրա վաստակը մեծ է մեր արվեստում, եւ հաճելի է, որ արդեն առաջացած տարիքին շարունակում է ստեղծագործել ու նորանոր գեղեցիկ կտավներ վրձնել»,- նշեց նա: Ա.Կալենցի որդու` նույնպես գեղանկարիչ Սարո Կալենցի, բնորոշմամբ, իր մոր համար դժվար էր ստեղծագործել ամուսնու` Հարություն Կալենցի նման մեծ արվեստագետի, կողքին: Այնուամենայնիվ, ըստ նրա, նկարչուհուն հաջողվեց ստեղծել կտավներ, որոնք իրենց նուրբ գծային զգացողությունով եւ գույների համադրությունով նորություն էին հայկական արվեստում: Նա հայտնեց նաեւ, որ հաջորդ տարի Երեւանում բացվելու է Հարություն եւ Արմինե Կալենցների անվան թանգարանը: Ինքը` Ա.Կալենցը, տարիների հեռվից բերկրանքով ու հիացմունքով է հիշում, որ մինչ ամուսնությունը ինքը ուսանել է Հ.Կալենցի մոտ: Եվ իրենց համատեղ կյանքի մասին գեղանկարչուհին գրել է «Ներիր ինձ Հարություն» եւ «Մտորումներ» գրքերը: 85-ամյա գեղանկարչուհին հուսով է, որ կկարողանա նոր կտավներ ստեղծել, քանի որ ասելիք ունի:
Նոյյան տապան  -   Մշակույթ