Տեղի ունեցավ հայ-քուվեյթական միջկառավարական հանձնաժողովի հայկական կազմի նիստը
06-09-2011 17:08:12 | Հայաստան | Տնտեսություն
ՀՀ փոխվարչապետ, հայ-քուվեյթական տնտեսական եւ տեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Արմեն Գեւորգյանի մոտ սեպտեմբերի 6-ին տեղի ունեցավ հանձնաժողովի հայկական կազմի նիստը: Քննարկվեցին հոկտեմբերին Երեւանում անցկացվելիք միջկառավարական հանձնաժողովի առաջին նիստի հետ կապված հարցեր:
Փոխվարչապետը նշեց, որ պաշտոնական հանդիպումների եւ բարձր մակարդակով այցելությունների ընթացքում քուվեյթական կողմը Հայաստանի հետ հարաբերությունները զարգացնելու եւ կառուցողական համագործակցություն հաստատելու պատրաստակամություն է հայտնել: Դրա համար առկա են անհրաժեշտ նախադրյալներ. Քուվեյթում ՀՀ դեսպանատունն արդեն լիարժեք գործում է, իսկ առաջիկայում Հայաստանում նախատեսվում է Քուվեյթի դեսպանատան բացումը, ինչը նոր որակ կհաղորդի երկկողմ հարաբերությունների զարգացմանը:
Ա.Գեւորգյանը կարեւորեց հանձնաժողովի նիստի ընթացքում կոնկրետ ոլորտներում գործնական ծրագրերի քննարումը: Երկկողմ համագործակցության առումով հեռանկարային են համարվում էներգետիկայի, գյուղատնտեսության, զբոսաշրջության, քաղավիացիայի, կրթության ու մշակույթի եւ մի շարք այլ ոլորտներ:
Նիստի շրջանակում հյուրերը հնարավորություն կունենան ծանոթանալ գործարար եւ ներդրումային միջավայրին, հայկական վերամշակող արտադրությանը: Քուվեյթը համարվում է ներմուծող երկիր, եւ վերջինիս շուկան բաց է նաեւ հայկական արտադրատեսակների համար:
Հանձնաժողովի անդամներին հանձնարարվեց առաջարկներ ներկայացնել հանձնաժողովի առաջին նիստի ծրագրի վերաբերյալ: