ՀՈՒՆԻՍԻ 28-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԱՇԽԱՏԱՆՔԸ ԿՍԿՍԻ ԳՐՈՂՆԵՐԻ<br /> ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՀԱՄԱԺՈՂՈՎԸ<br />


ՀՈՒՆԻՍԻ 28-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԱՇԽԱՏԱՆՔԸ ԿՍԿՍԻ ԳՐՈՂՆԵՐԻ
ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՀԱՄԱԺՈՂՈՎԸ

  • 25-06-2004 19:04:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հունիսի 28-ից հուլիսի 7-ը Հայաստանում կանցկացվի Գրողների համահայկական երկրորդ համաժողովը, որին կմասնակցեն Սփյուռքի գաղթօջախների շուրջ 60 գրողներ: Արդեն Հայաստան են ժամանել սփյուռքահայ գրողներ Երուսաղեմից, ԱՄՆ-ից, Կիպրոսից եւ Կանադայից: Ինչպես հունիսի 25-ի ասուլիսում հայտնեց ՀԳՄ նախագահ Լեւոն Անանյանը, համաժողովը հնարավորություն կտա Հայաստանի եւ Սփյուռքի գրողներին գնահատել ստեղծագործական երկու գրական դաշտերում ստեղծված արժեքները: Բացի այդ, ըստ ՀԳՄ նախագահի, «այդ համաժողովը մի նոր խթան կհանդիսանա Սփյուռքի եւ Հայաստանի գրական կապերի ամրապնդման գործում»: Ամփոփելով առաջին համաժողովից անցած երկու տարիների արդյունքները, Լ.Անանյանը հատկապես կարեւորեց Համահայկական գրական հիմնադրամի ստեղծման փաստը: Նա հայտնեց, որ երկրորդ համաժողովում կկազմավորվի հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը, որը եւ կտնօրինի անցած տարի կազմակերպված հեռուստամարաթոնի ընթացքում հանգանակված մոտ 200 հազար ԱՄՆ դոլարը: Գրողների համահայկական երկրորդ համաժողովի ծրագիրը բավական հագեցած է: Գրողները կհանդիպեն Վեհափառին, կայցելեն Օշական եւ Ծաղկաձոր: Գրողների պատվիրակությունը կմեկնի Արցախ, որտեղ կմասնակցի Մուրացանի 150-ամյակին նվիրված հանդիսությանը: Համաժողովի օրերին` հունիսի 28-ին, «Առնո Բաբաջանյան» մեծ համերգասրահում կկայանա ՀԳՄ-ի 70-ամյակին նվիրված միջոցառում, իսկ հունիսի 30-ին Կամերային թատրոնում կնշվի պոլսապայ գրող Զահրատի 80-ամյակը: Հուլիսի 5-ին Գրողների համահայկական երկրորդ համաժողովի մասնակիցները կայցելեն Մեծ եղեռնի զոհերի հուշահամալիր:
Նոյյան տապան  -   Մշակույթ