Արամ Սաթյան. «Սերը երաժշտության հանդեպ դաստիարակվում է մանկուց»
08-09-2011 15:35:23 | Հայաստան | Մշակույթ
Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային թատրոնում սեպտեմբերի 14-ին տեղի կունենա Արամ Սաթյանի հեղինակային համերգը, որի ընթացքում կհնչեն կոմպոզիտորի տարբեր ոճերում գրված շուրջ 300 ստեղծագործություններից 14-ը: Ա.Սաթյանի դասական գործերը կներկայացնեն արտերկր ճանաչված հայազգի երիտասարդ երաժիշտները, իսկ էստարադային երգերի կատարումներով հանդես կգան Սյուզան Մարգարյանը, Ռայիսա Մկրտչյանը, Արամոն, Մհերը եւ այլք:
Համերգի կապակցությամբ սեպտեմբերի 8-ին հրավիրված ասուլիսում անդրադառնալով ներկայիս երիտասարդ կատարողներին եւ նրանց ներկացրած գործերին, Ա.Սաթյանը նշեց, որ ժամանակի ընթացքում արվեստը զարգանում եւ հասունանում է, եւ այժմ երգարվեստի ոլորտում կան եւ՛ լավ, եւ՛ վատ երաժիշտներ: «Երիտասարդ սերնդի 99 տոկոսը հնարավոր է, որ շնորհալի լինի, սակայն նրանց միայն 1 տոկոսն է տաղանդավոր»,- ասաց կոմպոզիտորը: Ինչ վերաբերում է կատարվող ստեղծագործություններին, ապա, Ա.Սաթյանի խոսքերով, ունկնդիրը սովորում է մատուցվող երգերին: Օրինակ, եթե մի երգ 20-30 անգամ մատուցվում է եթերով, ապա ակամայից ընդունվում է հասարակության կողմից: «Եթե մանկուց ինչ-որ մեկը ամերիկյան երաժշտություն է լսում, ապա սկսում է սիրել ամերիկյան երաժշտությունը: Սերը երաժշտության հանդեպ դաստիարակվում է մանկուց»,- նշեց նա։
Երգչուհի Սյուզան Մարգարյանը նշեց, որ իր եւ Ա.Սաթյանի ընկերությունն ու ստեղծագործական համգործակցությունը 25 տարվա պատմություն ունի։ Ըստ երգչուհու, կոմպոզիտորի ստեղծագործությունները ժամանակ չեն ճանաչում: «Եվ հենց դա է պատճառը, որ իմ երգացանկից Ա.Սաթյանի «Սերն անցավ» երգը նորից տարիներ անց վերաձայանագրվեց, եւ ընդունվեց ու սիրվեց նաեւ երիտասարդների կողմից»,- նշեց Ս.Մարգարյանը: