Վարդան Հարությունյան. «Մենք դատապարտում ենք ազատ լրատվամիջոցների դեմ շարունակվող ճնշումները»


Վարդան Հարությունյան. «Մենք դատապարտում ենք ազատ լրատվամիջոցների դեմ շարունակվող ճնշումները»

  • 09-09-2011 12:41:23   | Հայաստան  |  Իրավունք
 «Հրապարակ» թերթի դեմ սկսվել է հերթական դատական գործը։ Ինչպես նշված է «Իրավունքի եւ ազատության կենտրոն» հ/կ-ի նախագահ Վարդան Հարությունյանյանի սեպտեմբերի 9-ի հայտարարությունում, օրաթերթը միայն հարկադիր կատարողի այցելությունից է տեղեկացել այն մասին, որ ոչ միայն ներքաշված է հերթական դատական քաշքշուկի մեջ, այլեւ դատարանի որոշմամբ զրկված է խոսքի ազատությունից: Հարկադիր կատարողի ներկայացրած փաստաթղթից պարզվում է, որ դատարանը վճռել է, որ պետք է «հայցագնի` 3 մլն ՀՀ դրամի չափով արգելանք դնել պատասխանող «Հրապարակ» օրաթերթ ՍՊ ընկերությանը պատկանող գույքի վրա, ինչպես նաեւ արգելել «Հրապարակ» օրաթերթ ՍՊ ընկերությանը սույն քաղաքացիական գործով առկա վեճի հետ կապված որեւէ տեղեկատվության տարածումը` մինչեւ գործով վերջնական ակտ կայացնելը»: Վ.Հարությունյանը նշում է, որ հայաստանյան իրականությունում թերթերի դեմ դատական վեճ բացելը եւ որպես իբր վնասի հատուցում աստղաբաշխական գումարներ պահանջելը դատապարտման արժանի, բայց արդեն առօրյա երեւույթ է: Սակայն, ըստ նրա, դատական ակտով զրկել մամուլի միջոցին խոսքի ազատությունից, պահանջելով հանդես չգալ այս կամ այն թեմայով` նորություն է, եւ վանգավորն այն է, որ այս նորությունը շատ արագ կարող է տարածում գտնել: «Մենք դատապարտում ենք ազատ լրատվամիջոցների դեմ շարունակվող ճնշումները: Հայտարարում ենք, որ հայաստանյան թերթերի դեմ ընթացած ու ընթացող դատական գործերը որպես կանոն միտված են ոչ թե հայցվորների պատիվն ու արժանապատվությունը վերականգնելուն, ինչպես հայտարարվում է դատարան դիմողների կողմից, այլ աստղաբաշխական տուգանքներով լրատվության միջոցը ձեռնասուն դարձնելուն կամ իսպառ ոչնչացնելուն: Քանի որ դատարանը Սահմանադրության խախտմամբ Հրապարակ օրաթերթին զրկել է խոսքի ազատությունից` արգելելով հանդես գալ «սույն քաղաքացիական գործով առկա վեճի հետ կապված որեւէ տեղեկատվության տարածումից եւ այդ արգելքը տարածվում է միայն «Հրապարակի» վրա, ապա լրատվամիջոցներին առաջարկում ու կոչ ենք անում « սույն քաղաքացիական գործով առկա վեճի հետ կապված» հանդես գալ բազմազան մեկնաբանություններով ու հրապարակումներով: Սա կարող է լինել խոսքի ու մամուլի ազատության դեմ ուղղված իշխանությունների ու իշխանավորների թելադրանքով գործող դատարանի հակասահմանադրական որոշման լավագույն պատասխաններից մեկը»,- ասված է «Իրավունքի եւ ազատության կենտրոն» հ/կ-ի նախագահի հայտարարությունում:
Նոյյան տապան  -   Իրավունք