ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը երեք դատավորների գործերով կարգապահական վարույթ հարուցելու հաղորդմամբ դիմում է արդարադատության նախարարին
15-09-2011 17:02:54 | Հայաստան | Իրավունք
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը հանրությանն արդեն հայտնի երեք դատավորների գործերով կարգապահական վարույթ հարուցելու հաղորդմամբ այժմ դիմում է ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին:
Հիշեցնենք, որ երեք քաղաքացիներ դիմել էին Մարդու իրավունքների պաշտպանին՝ համոզված, որ դատավորներն իրենց հանդեպ անարդար են գործել: Բազմաթիվ այլ նմանատիպ դիմումներից Մարդու իրավունքների պաշտպանն ընտրել էր նշված երեքը, քանի որ իր գնահատմամբ այդ գործերով դատավորների կողմից թույլ էր տրվել օրենքի ակնհայտ եւ կոպիտ խախտում: Պաշտպանն ըստ օրենքի երեք դատավորների վերաբերյալ հաղորդումներ էր ներկայացրել ՀՀ արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովին եւ իր հաղորդումների մասին իրազեկել հանրությանը: Դրան անմիջապես հետեւել էին Մարդու իրավունքների պաշտպանի նկատմամբ դատական իշխանության տարբեր մարմինների անունից արված հրապարակային «հարձակումներ»՝ ապատեղեկատվության, իրավական ակտերի մոլորեցնող մեջբերումների, ապօրինի «հորդորների» եւ անգրագետ մեղադրանքների տեսքով:
Այնուհետեւ բոլոր երեք գործերով ՀՀ արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովը մերժել է վարույթի հարուցումը հետեւյալ հիմնավորմամբ. «...ուսումնասիրելով հաղորդումը եւ հաղորդմանը կից նյութերը` գտել է, որ ... կարգապահական վարույթ հարուցելու հիմքերը բավարար չեն: « Այս չորստողանոց մերժումներում կար հետեւյալ երկու թերացումը: Նախ, Պաշտպանի հաղորդումներին կից նյութեր երբեւէ չէին ուղարկվել, հետեւաբար կարելի է ենթադրել, որ կարգապահական հանձնաժողովը նույնիսկ տեղյակ չէ, թե ինչն է ուսումնասիրել: Երկրորդ, ՀՀ դատական օրենսգրքով կարգապահական վարույթ հարուցելու համար բավարար է օրենքի նորմի ակնհայտ եւ կոպիտ խախտում թույլ տալու մասին առերեւույթ հիմքերի առկայությունը, իսկ կարգապահական հանձնաժողովի կողմից գրության մեջ նշված այն փաստը, որ վարույթ հարուցելու «հիմքերը բավարար չեն», ենթադրում է, որ գոնե մեկ հիմք ամեն գործով կար, իսկ ՀՀ դատական օրենսգիրքը չի սահմանում վարույթ հարուցելու համար քանի հիմք է անհրաժեշտ: Նշված թերացումները մատնանշող Պաշտպանի գրությանն ի պատասխան՝ կարգապահական հանձնաժողովի գրավոր արձագանքում ասվում է, որ «տրվել է սպառիչ պատասխան»:
Ամենեւին սպառված չհամարելով գործընթացը եւ հետեւողական վճռականությամբ շարունակելով պայքարը՝ Պաշտպանը հաղորդումներն այժմ էլ ներկայացրել է դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու իրավասություն ունեցող մյուս մարմնին՝ ՀՀ արդարադատության նախարարին:
Մարդու իրավունքների պաշտպանի խնդիրն է`
վերականգնել իրեն դիմած երեք եւ շատ այլ դիմումատուների հավատը արդարության եւ դատարանի հանդեպ,
հանրությանը կոնկրետ օրինակներով ներկայացնել, թե ինչպես է գործում դատական ապօրինություններից հասարակությանը պաշտպանելու միակ մեխանիզմը, այն է՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելը,
կարգապահական պատասխանատվության մեխանիզմի ներկայիս մենաշնորհային եւ կլանային դրսեւորումները նվազեցնելով ՝ օրինապահ դատավորներին ազատել հաճախ անարդար կիրառվող կարգապահական պատասխանատվության մեխանիզմի ճնշումներից:
Ըստ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդագրության, Պաշտպանը կանխատեսում է հնարավոր հետեւյալ զարգացումները.
ՀՀ արդարադատության նախարարը նշված գործերով կմիանա Մարդու իրավունքների պաշտպանի պայքարին եւ կաջակցի վերոհիշյալ խնդիրների լուծմանը.
ՀՀ արդարադատության նախարարը կմիանա ՀՀ արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովին եւ չի տեսնի գոնե առերեւույթ խախտումներ 19 ամիս տեւող գործի եւ այդքանից հետո օրենքով հստակ սահմանված պահանջի չկատարման մեջ կամ մարդու անմեղության կանխավարկածի խախտման, թարգմանչով չապահովելու եւ այլ դատավարական սխալներում.
Հասարակությունն ի վերջո այս երեք օրինակելի գործերով կմիանա Մարդու իրավունքների պաշտպանի պայքարին եւ կպահանջի հիմնավոր, հրապարակային եւ տրամաբանված արձագանքներ ու գործընթաց, որն էլ կարող է դրականորեն ազդել մարդու իրավունքների ոտնահարման նվազագույնը հիսուն տոկոս դեպքերում, քանի որ մեր վիճակագրությամբ եւ խորին համոզմամբ այդքան է դատական համակարգի մեղքը երկրում մարդու իրավունքների բոլոր խախտումների ընդհանուր պատկերի մեջ:
Հաղորդագրությունում նշված է, որ Մարդու իրավունքների պաշտպանն այս տոնայնությամբ եւ գործելաոճով է պայքարում բացառապես այն դեպքերում, երբ Սահմանադրությունը, օրենքը կամ համապատասխան պետական մարմինները հնարավորություն չեն տալիս համագործակցության ու քննարկումների միջոցով պաշտպանել մարդկանց անօտարելի իրավունքներն ու կենսական շահերը: