Վահան Հովհաննիսյանը չի բացառում արտահերթ ընտրությունների մասին որոշման հավանականությունը


Վահան Հովհաննիսյանը չի բացառում արտահերթ ընտրությունների մասին որոշման հավանականությունը

  • 06-06-2011 16:27:40   | Հայաստան  |  Քաղաքական
Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը չի բացառում արտահերթ ընտրությունների մասին «անսպասելի որոշման» հավանականությունը: Այս մասին նա հայտնեց հունիսի 6-ի ասուլիսում` հավելելով, որ մյուս կողմից ինքը հասկանում է, որ «իշխանության մեջ էլ հիմա, բնականաբար, երկու թեւի պայքար կա»: Ըստ նրա, դրանք «կազմակերպված թեւեր չեն, քաղաքական ճակատներ չեն իհարկե, բայց մտայնություններ են»` թե առողջ եւ թե պարտվողական: Վ.Հովհաննիսյանի համոզմամբ, Հայ ազգային կոնգրեսի շարքերում եւս մարդիկ միակարծիք չեն, ինչի մասին վկայում է այն, որ իշխանությունների հետ երկխոսության գնալու պատճառով ՀԱԿ-ի որոշ անդամներ լքեցին վերջինի շարքերը: Պատգամավորն ընդգծեց, որ չի տիրապետում ՀԱԿ-ի կողմից բանակցություններին ներկայացվելիք օրակարգին: «Եթե գնացին պատվիրակություններով բանակցելու, սա ընդհանրապես տարօրինակ է: Սա կնմանի քաղաքացիական պատերազմի տրամաբանության, երբ բարիկադների տարբեր կողմերում գտնվող նույն ազգի ներկայացուցիչները սպիտակ դրոշով մոտենում են ինչ-որ կետի եւ սկսում են բանակցել` ով հանձնվի»,-կարծիք հայտնեց Վ.Հովհաննիսյանը: Ըստ նրա, ակնհայտ է, որ իշխանություններն եւս ունեն իրենց օրակարգը, սակայն հարցականի տակ է, թե այդ օրակարգի մեջ ՀԱԿ-ը տեղավորվում է, թե` ոչ: «Ես էլ եմ կարծում, որ իշխանությունը պետք է ներողություն խնդրի ու գնա: Այստեղ խնդիրն այն է` ումից ներողություն խնդրի ու գնա: Ես կարծում եմ, որ հասարակությունից, ժողովրդից պետք է խնդրի այդ ներողությունը, այլ ոչ թե կոնկրետ քաղաքական ուժից, որքան էլ այդ ուժն իրեն առաջնահերթ դրոշակակիր ներկայացնի: Դրա ձեւն ուրիշ է. դրա համար արտահերթ ընտրությունները պարտադիր չեն, նորմալ հերթական ընտրություններով էլ կարող է այդ ամեն ինչը կատարվել, պարզապես իշխանությունը պետք է գիտակցի, որ ինքը հավերժ չէ, որ ինքը ձախողել է»,-հայտարարեց Վ.Հովհաննիսյանը` հավելելով, որ եթե այդ գիտակցումը չկա, «ուրեմն բանակցությունների այն սցենարը, որ պատկերացնում է ՀԱԿ-ը, քիչ հավանական է, որ իրականանա, բայց ոչ մի անսպասելի բան անհնարին չէ մեր երկրում»:
Նոյյան տապան  -   Քաղաքական