Երեւանում տեղի ունեցավ Մատենադարանի նոր մասնաշենքի հանդիսավոր բացումը


Երեւանում տեղի ունեցավ Մատենադարանի նոր մասնաշենքի հանդիսավոր բացումը

  • 20-09-2011 17:57:27   | Հայաստան  |  Մշակույթ
Սեպտեմբերի 20-ին Երեւանում տեղի ունեցավ Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի՝ Մատենադարանի, նոր մասնաշենքի հանդիսավոր բացումը: Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, Ամենայն Հայոց եւ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսներ Գարեգին Երկրորդն ու Արամ Առաջինը: Մատենադարանի նոր մասնաշենքի կառուցումը, գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Հրաչյա Թամրազյանի գնահատմամբ, «դարակազմիկ պատմամշակութային իրադարձություն» է: Կառույցն առավել կարեւոր է այն պատճառով, որ Մատենադարանը «ոգեղեն կառույց է,՝ տաճար, որ լույս է սփռում»: Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը հատկանշական համարեց, որ շենքի հանդիսավոր բացումը տեղի է ունենում Հայաստանի անկախության հռչակման 20-ամյա տարեդարձի տոնակատարությունների շրջանակներում: Ավելին, նոր մասնաշենքը Հայոց անկախ պետականության ձեռքբերումներից մեկն է: Իսկ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Առաջինն ընդգծեց, որ Մատենադարանը եզակի է իր պատմությամբ, նշանակությամբ ու առաքելությամբ, եւ նոր մասնաշենքի կառուցման իրագործումը նույնպես եզակի է: Մատենադարանի գլխավոր մասնաշենքի տարածքը մոտ 4 անգամ գերազանցող մասնաշենքը կառուցվել է մոսկվաբնակ գործարար եւ բարերար Սերգեյ Համբարձումյանի եւ այլ բարերարների ֆինանսավորմամբ: Ս.Համբարձումյանն առաջինն էր, որ արձագանքել էր Մատենադարանը վերակերտելու Հայաստանի նախագահի կոչին: Կառույցի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը մասնաշենքի նախագծումը սկսել էր դեռեւս 1986թ.-ին, սակայն այն ընդհատվել էր, քանի որ Հայաստանը դժվարություններ էր կրում երկրին պատուհասած Սպիտակի երկրաշարժի հետեւանքով: Երբ նորից բարձրացավ Մատենադարանը վերակերտելու գաղափարը, Ա.Մեսչյանը այն ժամանակ ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանին ներկայացրել էր էսքիզային նախագիծը, որը հավանության էր արժանացել: 1957թ.-ին, երբ ճարտարապետ Մարկ Գրիգորյանի նախագծով կառուցվեց Մատենադարանը, ձեռագրատունն ուներ ընդամենը 6419 ձեռագիր, իսկ միայն վերջին երեք տարիներին այն հարստացել է 1500 միավոր գրքերով եւ դրանց թիվը հասել է 18 հազարի:
Նոյյան տապան  -   Մշակույթ