Լևոն Զուրաբյան. «Եթե երկխոսությունը որպես իրավիճակի լուծման միջոց չի գործում, պետք է դիմել այլ միջոցների»


Լևոն Զուրաբյան. «Եթե երկխոսությունը որպես իրավիճակի լուծման միջոց չի գործում, պետք է դիմել այլ միջոցների»

  • 27-09-2011 16:54:42   | Հայաստան  |  Քաղաքական

Սեպտեմբերի 30-ին կկայանա Հայ Ազգային Կոնգրեսի հերթական հանրահավաքը, որտեղ կքննարկվի ՀԱԿ-ի հետագա անելիքների ծրագիրը: Հայտնելով այս մասին սեպտեմբերի 27-ի ասուլիսում, Կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը նշեց հանրահավաքի հիմնական պատճառը. «Սեպտեմբերին իշխանությունները պետք է կողմնորոշվեին արտահերթ ընտրությունների անցկացման հարցում: Ժամանակ դեռ կա, սակայն չեմ կարծում, թե նրանք պատրաստ են զիջման»: Լ.Զուրաբյանի խոսքերով, իշխանություններն ակնհայտորեն կանգնել են կես ճանապարհին եւ զիջման չեն գնում` համարելով, թե լարվածությունը թուլացել է: Սակայն, ըստ նրա, լարվածությունը թուլացել է հետեւյալ պատճառով. «Ժողովուրդը սպասում էր, որ իր պահանջները կկատարվեին երկխոսության միջոցով»: ՀԱԿ-ի համակարգողը նշեց, որ երկխոսության միջոցով իրենք նպատակ ունեին ժողովրդի ձայնը հասանելի դարձնել իշխանություններին եւ ապահովել անցումը դեպի ժողովրդավարություն: Սակայն, ըստ նրա, երկխոսությունն այսօր չի ծառայում իր նպատակին: «Եթե երկխոսությունը որպես իրավիճակի լուծման միջոց չի գործում, պետք է դիմել այլ միջոցների»,- հայտարարեց Լ.Զուրաբյանը, պարզաբանելով, որ այժմ ժողովուրդը իր ձայնը լսելի պետք է դարձնի հանրահավաքների բազմամարդության եւ վճռական գործողությունների միջոցով: Միաժամանակ, Լ.Զուրաբյանի խոսքերով, իրենք երաշխավորում են զանգվածային գործողությունների բացառապես խաղաղ ընթացքը:
Նոյյան տապան  -   Քաղաքական