Հայաստանի Մայքրոսոֆթ Ինովացիոն Կենտրոնը կարող է օրինակելի ճանաչվել ամբողջ տարածաշրջանի համար


Հայաստանի Մայքրոսոֆթ Ինովացիոն Կենտրոնը կարող է օրինակելի ճանաչվել ամբողջ տարածաշրջանի համար

  • 30-09-2011 20:25:12   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Հայաստանի Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի(MIC) ղեկավար Եվա Հյուսյանը կներկայացնի Հայաստանը Հարավային եւ Արեւելյան Եվրոպայի Տեղեկատվական եւ Հեռահաղորդակցության Տեխնոլոգիաների Ֆորում (SEE ICT Forum) կառույցի Ինովացիոն եւ Գերազանցության Կենտրոնների գործունեությանը նվիրված հանդիպմանը: ՀՀ Էկոնոմիկայի նախարարության, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի, ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի եւ Մայքրոսոֆթ ընկերության համատեղ ջանքերով ստեղծված Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը առանձնանում է նմանատիպ կառույցներից ոլորտի եւ տեղական շուկայի հետ փոխկապակցմամբ, կրթական ծրագրերի մեջ ներգրավմամբ եւ կարողությունների զարգացմանն ուղղված թիրախային ծրագրերով: Կենտրոնը հանդես է գալիս իբրեւ պետական եւ մասնավոր հատվածների, ինչպես նաեւ միջազգային դոնոր կազմակերպությունների համագործակցության հաջող օրինակ: Ավելին` Հայաստանի Մայրոսոֆթ ինովացիոն կենտրոնը բավարար ներուժ ունի իր գործունեության շրջանակը տարածաշրջանում ընդլայնելու համար, ինչը կնպաստի Հայաստանի` իբրեւ ինովացիայի խթանման տարածաշրջանային կենտրոնի կերպարի ամրապնդմանը: Հայկական հաջող փորձի ուսումնասիրությունը կարեւոր է հանդիպման մասնակից այլ երկրների համար, որոնք նույնպես մտադիր են ինովացիոն գործունեությունը խթանող կենտրոններ բացել: SEE ICT Forum-ը միավորում է Հարավային եւ Արեւելյան Եվրոպայի երկրների տեղեկատվական եւ հեռահաղորդակցության ոլորտի միությունները, դոնոր կազմակերպությունները եւ հետազոտական կառույցները: 2009 թվականից` ֆորումին միանալուց ի վեր, Հայաստանը կառույցում ներկայացնում են Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը(ԻՏՁՄ) եւ Նորք տեղեկատվավերլուծական կենտրոնը: ԻՏՁՄ նաեւ համակարգել է Jobfinder, Essential Solutions, CHS Vericel Service հայկական ընկերությունների մասնակցությունը կառույցի միջոցառումներին: 2010 թվականին կառույցի մեջ ներգրավված մի շարք երկրների ներկայացուցիչներ այցելեցին ԻՏՁՄ կողմից կազմակերպվող Digitec Business Ֆորումին: Հատկանշական է, որ, գնահատելով ԻՏՁՄ մեծ փորձը ոլորտի զարգացման եւ միջոցառումների կառավարման ասպարեզում, 2010 թվականին ԻՏՁՄ ներկայացուցիչն ընտրվեց SEE ICT Forum խորհրդի անդամ` ստանձնելով տվյալ կառուցի շրջանակներում հարավային եւ արեւելյան Եվրոպայի ՏՀՏ ոլորտի զարգացման եւ միջոցառումների կառավարման գործառույթները: Նախատեսվում է, որ SEE ICT Forum կառույցի հաջորդ հանդիպումներից մեկը կկազմակերպվի Հայաստանում, գալիք Digitec Business Ֆորում միջոցառման շրջանակներում`2012 թվականի մայիս-հունիս ամիսներին:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն