Արցախում բարձր են գնահատում երկրի բարգավաճմանն ուղղված յուրաքանչյուր ձեռնարկում. Բակո Սահակյան


Արցախում բարձր են գնահատում երկրի բարգավաճմանն ուղղված յուրաքանչյուր ձեռնարկում. Բակո Սահակյան

  • 01-10-2011 18:13:27   | Հայաստան  |  Քաղաքական

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 1-ին ներկա է գտնվել Ստեփանակերտ քաղաքում մեկնարկած «Artsakh Expo 2011» երկրորդ առեւտրաարդյունաբերական ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությանը, որից հետո մասնակցել է «Bridge Artsakh 2011» երրորդ տնտեսական համաժողովի նիստին: Իր ողջույնի խոսքում Նախագահը նշել է, որ Արցախում բարձր են գնահատում երկրի բարգավաճմանն ուղղված յուրաքանչյուր ձեռնարկում, ամեն մի քայլ, որը կնպաստի գործարար կյանքի աշխուժացմանը, տնտեսության զարգացմանն ու անկախ պետականության հիմքերի շարունակական ամրապնդմանը: Բակո Սահակյանն ընդգծել է, որ դա համազգային նշանակության խնդիր է, որի լուծման ամենաարդյունավետ տարբերակներից են ինչպես համայն հայության ջանքերի ու ներուժի օգտագործումը, այնպես էլ փոխշահավետ համագործակցության հաստատումը արտերկրի տարբեր ընկերությունների ու անհատ ձեռնարկատերերի հետ: Երկրի ղեկավարը համաժողովում քննարկվելիք թեմաները որակել է հրատապ ու արդիական, որոնք պարունակում են փոխգործակցության խոստումնալից հեռանկարներ: Համաժողովին մասնակցում էր Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանը, ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:
Նոյյան տապան  -   Քաղաքական