Հովիկ Աբրահամյան. «Ուսուցչի նկատմամբ սերն ու հարգանքը յուրաքանչյուրը պահպանում է ողջ կյանքի ընթացքում»


Հովիկ Աբրահամյան. «Ուսուցչի նկատմամբ սերն ու հարգանքը յուրաքանչյուրը պահպանում է ողջ կյանքի ընթացքում»

  • 05-10-2011 13:35:40   | Հայաստան  |  Հասարակություն

Ազգային ժողովի հոկտեմբերի 5-ի նիստում խորհրդարանի նախագահ Հովիկ Աբրահամյանը շնորհավորեց ուսուցիչներին մասնագիտական տոնի՝ Ուսուցչի օրվա, առթիվ։ ԱԺ նախագահը նաեւ շնորհավորական ուղերձ է հղել, որում մասնավորապես ասված է. «Մանկավարժն է ճանապարհ բացում եւ սովորեցնում քայլել այդ ճանապարհով: Առաջին հերթին ձեզանից է կախված, թե ինչպիսին կլինի անձի, քաղաքացու հոգեկերտվածքն ու մտածողությունը։ Դուք ձեր առաքելությունն իրականացնում եք արժանապատվորեն եւ անտրտունջ, որովհետեւ գիտակցում եք, որ ընտրել եք մի ճանապարհ, որից երբեւէ չեք հրաժարվելու` անկախ ցանկացած դժվարությունից, որովհետեւ ուսուցիչը կոչում է, ոչ թե մասնագիտություն: Հայ ժողովուրդը միշտ բարձր է գնահատել ուսուցչին եւ խոնարհվել նրա վաստակի առաջ: Այսօր էլ բարձր է ուսուցչի դերը մեր երկրի առաջընթացի գործում: Սիրելի ուսուցիչներ, շնորհակալ ենք ձեր վեհանձն եւ բոլորին շատ անհրաժեշտ աշխատանքի համար: Շնորհակալ ենք, քանի որ անգնահատելի եւ մեծ է ձեր դերը մատաղ սերնդի կրթելու եւ դաստիարակելու ազգանվեր գործում։ Շնորհակալ ենք ձեր նվիրվածության եւ անխոնջ աշխատանքի համար։ Ուսուցչի նկատմամբ սերն ու հարգանքը յուրաքանչյուրը պահպանում է ողջ կյանքի ընթացքում: Սիրելի ուսուցիչներ, մեկ անգամ եւս շնորհավորում եմ ձեզ եւ մաղթում առողջություն, երջանկություն, բարեկեցություն եւ հաջողություն ձեր ազգապահպան գործում»:
Նոյյան տապան  -   Հասարակություն