Մերձդնեստրյան Մոլդովական Հանրապետությունն այն վայրն է, որտեղ միահյուսվում են ուժի երեք կենտրոնների աշխարհաքաղաքական շահերը


Մերձդնեստրյան Մոլդովական Հանրապետությունն այն վայրն է, որտեղ միահյուսվում են ուժի երեք կենտրոնների աշխարհաքաղաքական շահերը

  • 03-06-2011 12:18:49   | Հայաստան  |  Վերլուծություն
Դիվանագիտության առումով հարաբերականորեն հանդարտ ժամանակաշրջանը Մոլդովա-մերձդնեստրյան սահմանին փոխարինվեց հիմնական , «ծանրքաշայինների» ` Ռուսաստանի, Եվրամիության եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների արտաքին քաղաքական վճռական գործողություններով: Այսպիսով, Մերձդնեստրյան Մոլդովական Հանրապետությունն (ՄԴՄՀ) այն վայրն է, որտեղ միահյուսվում են ուժի երեք կենտրոնների աշխարհաքաղաքական շահերը: Դրանցից ամենամեծ ռազմաքաղաքական կապիտալն ունի ԱՄՆ-ը, Միացյալ Եվրոպան երկրորդն է, Ռուսաստանը` երրորդը: Վաշինգտոնի ներգրավվածությունը մերձդնեստրյան խնդրում այնքան նկատելի է, որ Կրեմլը, հանձին նախագահ Մեդվեդեւի, արդեն հանդես է եկել մերձդնեստրյան կարգավորման բանակցություններում ԱՄՆ-ին որպես գործընթացի մասնակից, այլ ոչ թե դիտորդ ներգրավելու նախաձեռնությամբ: Դրանով իսկ կասկածի տակ է դրվել ներկայիս ,5+2ե բանակցային ձեւաչափի (Մոլդովա, Մերձդնեստր, Ռուսաստան, Ուկրաինա, ԵԱՀԿ, իսկ որպես դիտորդ` Եվրամիություն եւ Միացյալ Նահանգներ) նպատակահարմարությունը: 2011թ. փետրվարի 7-ին հանրապետական սենատոր, դեպի արեւելք ՆԱՏՕ-ի էքսպանսիայի կողմնակից Ռիչարդ Լուգարը Բարաք Օբամայի վարչակազմից պահանջեց ,ճնշում գործադրելե Ռուսաստանի վրա մերձդնեստրյան հակամարտության կարգավորման հարցում` Կրեմլին որոշակի զիջումների մղելու համար: Ռ.Լուգարի զեկույցում խորհուրդներ կան այն առնչությամբ, որ ,գերակա դարձվիե առանձնացած շրջանը Քիշնեւի կառավարմանը վերադարձնելը, մանավանդ որ ,ԱՄՆ առաջատար դերը եվրոպական անվտանգության հարցերում առաջվա պես անփոփոխ է մնումե: Վաշինգտոնի Անցումային դեմոկրատիաների նախագծի ղեկավար Բրյուս Ջեքսոնը Քիշնեւում հայտարարել է, որ Մոլդովան 1990-ական թթ. բաց է թողել մերձբալթյան պետությունների նման ԵՄ-ին ինտեգրվելու ճանապարհը կրկնելու լավ հնարավորությունը: Վաշինգտոնում ավելի հաճախ են պահանջներ հնչում հակամարտության գոտում ռուսական խաղաղարարներին ԵԱՀԿ, Եվրամիության եւ Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի հովանու ներքո գործող միջազգային ռազմական ուժերով փոխարինելու վերաբերյալ: Ամերիկացիները կուզենային Մերձդնեստրը տեսնել Մոլդովայի կազմում` ինքնավարության իրավունքով, քանի որ Դնեստրի արեւելյան ափի ռազմավարական այս կարեւոր հատվածը տնօրինելը Վաշինգտոնին թույլ կտար էլ ավելի ամրանալ ռուսական սահմանների մոտ: 1990-ական թթ. սկզբին Մոլդովայի անկախության ձեռքբերմամբ եւ այդ երկրի` դեպի Արեւմուտք ակնթարթային վերակողմնորոշմամբ Մոսկվայի դրությունը Հարավարեւելյան Եվրոպայում հարվածի տակ ընկավ` կապված տարածաշրջանում ռուսական սահմանների աշխարհաքաղաքական խոցելիության հետ: Բեսարաբիայի (եւ, համապատասխանաբար, Ռումինիայի) արեւելյան սահմանը կրկին գտնվում է Օդեսայի նավահանգստից (Սեւծովյան նավատորմի գլխավոր բազան Սեւ եւ Միջերկրական ծով դուրս գալու համար) մոտ 50 մղոն հեռավորության վրա, եւ արդեն իմաստ չի ունենում խոսել Դունայի հանդեպ լիարժեք ռազմավարական վերահսկողության մասին: Մերձդնեստրյան ուղղությամբ ամերիկյան դիվանագիտությունը պատահականորեն չէր, որ աշխուժացավ Մոլդովայում խորհրդարանական ընտրությունների ավարտից հետո: Ընտրությունների արդյունքներով` ո՛չ արեւմտամետ Եվրոպական ինտեգրման դաշինքի (ԵԻԴ) չորս կուսակցությունները, ո՛չ կոմունիստների կուսակցությունը (Մոլդովայի Հանրապետության կոմունիստական կուսակցություն) նախագահի ընտրության համար չունեն անհրաժեշտ ձայների երկու երրորդը, ուրեմն` քաղաքական պայքարի բոլոր վայրիվերումները դեռ առջեւում են: Վլադիմիր Վորոնինի գլխավորած կոմունիստների եւ Մարիան Լուպուի ղեկավարած Դեմոկրատական կուսակցության միջեւ կոալիցիայի ստեղծման գաղափարը խիստ բացասաբար ընդունվեց ինչպես Միացյալ Նահանգների, այնպես էլ Եվրամիության կողմից: Շվեդիայի եւ Լեհաստանի ԱԳ նախարարներ Կառլ Բիլդտը եւ Ռադոսլավ Սիկորսկին (հակառուսական խորացված տրամադրություններ ունեցող եվրոպական քաղաքական գործիչներից են) չափից ավելի մեծ ջանքեր գործադրեցին այդ պլանի խափանման համար: Եվրախորհրդարանի նախագահ Եժի Բուզեկը նշել է, որ հիմա, Կիեւում Վիկտոր Յանուկովիչի իշխանության գալուց եւ Բելառուսում Ալեքսանդր Լուկաշենկոյի պաշտոնանկության ձախողումից հետո, Արեւմուտքը հաշվարկն անում է Մոլդովայի վրա, որը ժողովրդավարական փոխակերպումների ակնհայտ ձգտում է ցուցաբերում: Եվրամիությունը, հանդես գալով որպես նշանակությամբ երկրորդ ուժի կենտրոն, Ռուսաստանի հետ կոշտ մրցակցության պատրաստակամություն է ցուցաբերում Մոլդովա-մերձդնեստրյան հակամարտության գոտում գերիշխանության իրավունքի համար: ԵՄ ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Շտեֆան Ֆյուլեի հայտարարությունը, թե վերջին ընտրությունները Մոլդովայում տարածաշրջանի քաղաքական կայունացման հնարավորություն են տալիս, նույնպես տեղավորվում են ընդհանուր համատեքստում: Փետրվարի 8-10-ին պաշտոնական այցով Մոլդովայում էր Լիտվայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Աուդրոնյուս Աժունալիսը, որը հավաստեց Բրյուսելի` բանակցային գործընթացը վերսկսելու ցանկությունը: Այնինչ, Մոլդովայի եւ Մերձդնեստրի գծով ԵՄ հատուկ ներկայացուցչի պաշտոնը զբաղեցրել է սլովակ Միրոսլավ Լայչակը, որը Չեխիան ու Սլովակիան, Սերբիան Հարավսլավիայի մնացած մասից, իսկ հետո էլ Չեռնոգորիան Սերբիայից ,բաժանելուե փորձ ունի: Այս ֆոնին ՄԴՄՀ ԱԳՆ-ն` հանձին Վլադիմիր Յաստրեբչակի, հայտարարեց իր արտաքին քաղաքականության գերակա ուղղությունների (Ռուսաստան-Ուկրաինա-Մոլդովա) եւ գալիք տարի դիվանագիտական մեթոդներով միջազգային ճանաչման իր իրավունքն ապացուցելու մտադրության մասին: Ուշագրավ է Միացյալ Նահանգների եւ Եվրամիության համատեղ գործողությունների ներդաշնակությունը: Ճիշտ որսալով Եվրոպայում հասունացող ազգային ինքնության ճգնաժամի եւ բազմամշակութայնության քաղաքականության տապալման հիմնախնդիրը` Վաշինգտոնը կրկին դիմեց եվրոպական էլիտաներին` ,հրատարակելե եվրաատլանտիզմի նոր հայեցակարգ` Արեւմտյան Եվրոպայի եւ Հյուսիսային Ամերիկայի մերձեցում ընդհանուր արժեքների եւ լիբերալ շուկայի գաղափարներին ու մարդու իրավունքներին հավատարմության, ինչպես նաեւ Եվրոպայի ու ԱՄՆ-ի աշխարհաքաղաքական շահերի անբաժանության դրույթի հիմքի վրա: Այս հայեցակարգն այնքան խորն է եւ ծավալուն, որ բրիտանացի քաղաքական գործիչ Ջոն Ուիլյամսը եվրաատլանտիզմի տեսությանն աստվածաբանական երանգ է տվել` այն անվանելով ,ատլանտիստական աստվածաբանությունե: 1996թ. հիմնադրվեց այսպես կոչված ,Նոր ատլանտյան նախաձեռնությունըե, որը նախատեսում էր եվրոպական աշխարհամասում հանապազօրյա հիմնախնդիրների լուծման ամերիկա-եվրոպական համատեղ մեխանիզմներ մշակել: 2007թ.` Եվրախորհրդարանի կողմից ,անդրատլանտյան գործընկերությանե համաձայնագրի շրջանակում ԵՄ-ի եւ ԱՄՆ-ի միջեւ հարաբերությունների բարելավման մասին բանաձեւի ընդունումից ուղիղ մեկ տարի հետո, լույս տեսավ ,Անդրատլանտյան նոր օրակարգըե: Վաշինգտոն-Բրյուսել ռազմավարական գործընկերությունը շարունակում է զարգանալ` չնայած եվրոպացիների թվացյալ հակաամերիկանիզմին: 2010թ. մարտի 26-ին Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բառոզուն առաջ քաշեց ,Նոր ատլանտիզմ XXI դարի համարե թեզիսը: Հենց այդպես էր կոչվում նրա ելույթը, որում Բառոզուն կոչ էր անում խորացնել անդրատլանտյան կապերը, եւ որում ԵՄ-ը եւ ԱՄՆ-ը նշում էր որպես գլոբալ լիդերներ: Նման համատեքստում ՆԱՏՕ-ին Ռուսաստանի Դաշնության միանալու մասին հավաքական Արեւմուտքի առաջարկներն ավելին չեն, քան եվրաատլանտյան քողարկված խորամանկություններ (ստրատագեմներ): Մոլդովական ուղղությամբ հատուկ ակտիվություն է ցուցաբերում Բեռլինը: 2010թ. դեկտեմբերի 21-ին Մոլդովա այցելեց Գերմանիայի փոխարտգործնախարար Վերներ Հոյերը եւ մի շարք հանդիպումներ ունեցավ մոլդավացի քաղաքական գործիչների հետ: Մերձդնեստրյան հարցը 2011թ. փորձություն կլինի ռուս-գերմանական համագործակցության համար: Աշխարհամասայինից ծովիշխանության (թալասոկրատիայի) Բեռլինի դիրքորոշման փոփոխությունը, ինչն առավել ցայտուն դրսեւորվեց Անգելա Մերկելի իշխանության գալով, լրջորեն վնասում է Կրեմլի եվրոպական քաղաքականությանը: Միանգամայն կանխատեսելի է թվում Վարշավայի ակտիվացումը, որը ռուսական ներկայությունը Մերձդնեստրում դիտարկում է որպես անցանկալի գործոն: Բրոնիսլավ Կոմորովսկու այցը Բուխարեստ եւ մերձդնեստրյան հակամարտության լուծմանը Լեհաստանի մասնակցության կարեւորության մասին նրա մեկնաբանությունները դրա ուղղակի ապացույցն են: Լեհերը վկայակոչում են այն, որ Մերձդնեստրը ոչ միայն Մոլդովայի եւ Ռումինիայի, այլեւ ողջ Եվրամիության, հետեւաբար եւ ՆԱՏՕ-ի հիմնախնդիրն է: Այս խոսքերը կրկներգի նման հնչել են Մոլդովայի նախագահի պաշտոնակատար Միխայ Գիմպուի այն հայտարարություններում, թե Հյուսիսատլանտյան դաշինքը պարտավոր է միջամտել եւ նպաստել տարածաշրջանից ռուս խաղաղարարների դուրսբերմանը: Քիշնեւը, հավանություն տալով Մեծ Ռումինիայի գաղափարին, որի կազմում, ըստ գաղափարը մտահղացողների, պետք է մտնեն ոչ միայն Մոլդովան եւ ՄԴՄՀ-ն, այլ նաեւ ուկրաինական տարածքի մի մասը (Բուկովինան եւ Օդեսայի մարզը), պատրաստ է համագործակցել ցանկացած հակառուսական ուժի հետ: Սրան զուգահեռ` ռումինացիներն արդիականացնում են Դունայի ռազմական նավատորմիկը, որը կազմված է 2 բրիգադից (Բրեիլա եւ Տուլչա): Դրանց կազմում են 3 մեծ եւ 6 փոքր գետային զրահանավեր, 18 զրահանավակներ, ավելի քան 20 ականազերծիչ նավ եւ դեսանտային ինքնագնաց ու բեռնանավ: Ռումինական հատուկ նշանակության զորքերի երկու գումարտակ 2006-ից տեղակայված են ռումինա-ուկրաինական սահմանին` Իզմայիլի եւ Բուկովինայի դիմաց: Ավիացիոն խմբավորման ուժեղացման համար Բուխարեստը դիտարկում է շվեդական Gripen, գերմանական Eurofighter կամ ամերիկյան F-16c ինքնաթիռներ գնելու հնարավորությունը (24 հատ): Ամերիկյան մի շարք փորձագետներ կարծում են, որ 24 ինքնաթիռներն ամբողջությամբ չեն լուծի Ռումինիայի ՌՕՈւ տեխնիկական պարկի արդիականացման խնդիրը, ուստի ենթադրվում է, որ անհրաժեշտության դեպքում ԱՄՆ ՌՕՈւ-ն կկարողանա աջակցել ռումինացի գործընկերներին: Բուխարեստի առաջիկա պլաններից է Սեւ ծովում ունեցած ծովային խմբավորման զգալի հզորացումը. այստեղ ծանրակշիռ տարածաշրջանային լիդեր է հանդիսանում Թուրքիան: Մեծ Ռումինիայի գաղափարը չի հակասում Անկարայի` սեփական ազդեցությունը Սեւ ծովի ավազանում ամրապնդելու ձգտումներին: Մերձդնեստրյան դիմակայությունում Թուրքիան միշտ մոլդավացիների կողմն է բռնել` ղեկավարվելով քաղաքական պրագմատիզմով: Մոլդովայի հետ դաշնակցային հարաբերությունները թույլ կտան Թուրքիային` Քիշնեւի համաձայնությամբ, ակտիվ հումանիտար քաղաքականություն վարել Մոլդովայի կազմի մեջ գտնվող Գագաուզիայի ինքնավար մարզում (մայրաքաղաքը` Կոմրատ): Կոմրատն ակտիվ հումանիտար եւ տնտեսական կապեր է պահպանում ոչ միայն Անկարայի, այլեւ Բաքվի հետ: Թյուրքական ծագում ունեցող գագաուզները թուրքերի եւ ադրբեջանցիների հետ միավորված են էթնիկ ազգակցությամբ: Հաշվի առնելով Ադրբեջանի ամերիկամետ ուղղվածությունը եւ Սեւծովյան տարածաշրջանում առավելագույն ազդեցության հասնելու Թուրքիայի տրամադրվածությունը` Գագաուզիան կարող է ժամանակի ընթացքում վերածվել թյուրքական քաղաքականության ,հարավարեւելյան պլատֆորմիե` նպատակ ունենալով դուրս մղել Ռուսաստանը տարածաշրջանից: Ամփոփելով վերն ասվածը` նշենք, որ Վաինգտոն-Բրյուսել անդրատլանտյան առանցքը քանակապես գերազանցում է Մոսկվայի ռեսուրսները եվրոպական ողջ ուղղությամբ: ԵՄ-ԱՄՆ երկյակը թույլ է տալիս համատեղ դիմակայել ռուսական ազդեցության սաստկացմանը Մոլդովա-մերձդնեստրյան հակամարտության գոտում: Մոսկվան իր մրցակիցների հանդեպ բարոյահոգեկան գերազանցություն ունի: Մերձդնեստրի եւ Մոլդովայի տարածքը մշտապես գտնվել է Ռուսական կայսրության, այնուհետեւ` ԽՍՀՄ ու Ռուսաստանի Դաշնության ուժային դաշտում: Սակայն գաղափարախոսական միջոցները քաղաքական պարտությունների դարման չեն: ՄԴՄՀ ազգային կազմը (3%` ռուսներ, 30%` ուկրաինացիներ, 30%` մոլդավացիներ) նպաստում է Ռուսաստանի դիրքերի ամրապնդմանը հանրապետությունում, բայց հիմա արդեն ամերիկյան եւ եվրոպական ոչ կառավարական կազմակերպությունները փորձում են ՄԴՄՀ հումանիտար տարածքը վերցնել իրենց ոչ բացահայտ վերահսկողության տակ: Միաժամանակ, ուկրաինական ազգայնական կազմակերպությունները, Ուկրաինայի ԱԳՆ աջակցությամբ, կապեր են հաստատում Մերձդնեստրի ուկրաինական սփյուռքի հետ` փորձելով նրանց մեջ սերմանել ուկրաինակենտրոն (ռուսատյաց) մոտեցում մերձդնեստրյան պետականության հանդեպ: Եթե Ռուսաստանը հեռանա Մերձդնեստրից, դա կոպիտ աշխարհաքաղաքական վրիպում կլինի, քանի որ այդ ժամանակ կավարտվի եվրոպական սահմանի պարագծով մեկ ընկած տարածքների մաքրումը Ռուսաստանի նկատմամբ բարեկամաբար տրամադրված պետություններից: Դա կլինի հռչակավոր ,անակոնդայի օղակե (ամերիկյան ծովակալ, ԱՄՆ-ում քաղաքացիական պատերազմի մասնակից Մաք Քլելանի աշխարհաքաղաքական տեսությունը, որի էությունն այն է, որ հակառակորդին ափամերձ գոտուց սեղմում են մայրցամաքի խորքերը` նրան զրկելով դեպի ծով ելքից), միայն թե` ցամաքային տարբերակով: Բուխարեստի կողմից Մեծ Ռումինիայի գաղափարի վերածնումը, ամերիկյան նեոկոնների կողմից դրան աջակցելը եւ միավորված Եվրոպայի սաստկացված դիվանագիտական հարձակումը Ռուսաստանի դիրքերի վրա վկայում են Եվրոպայի հարավ-արեւելքում լարվածության նոր փուլի մասին: Ցավոք, Կրեմլի քաղաքական կամքը եւ անհրաժեշտ ռեսուրսային բազան չեն բավարարում` միանձնյա իրագործելու համար իր ռազմավարական նախագծերը մերձդնեստրյան հակամարտության գոտում: Հավաքական Արեւմուտքը Ռուսաստանին առաջարկում է հետ քաշվել: Աղբյուրներ եւ գրականություն Срджа Трифкович (Американский институт на Украине), ,Проблема на Прутеե. Леонид Савин, ,Неоатлантизм в Европеե. Науково-ідеологічний центр ім. Д. Донцова (Україна). ,Единая Гагаузияե. ,Турция увеличит помощь Гагаузииե. Vladimir Socor (Jamestown Foundation) “Efforts Underway To Reanimate Negotiations On The Transnistria Conflict”. George Friedman (STRATFOR), “Geopolitical journey: Moldova”. «Գլոբուս Էներգետիկ եւ տարածաշրջանային անվտանգություն», թիվ 3, 2011 «Նորավանք» հիմնադրամ
Նոյյան տապան  -   Վերլուծություն