Դավիթ Հարությունյան. ԵԽԽՎ-ն դադարել է արժեքների կազմակերպություն լինելուց եւ ավելի ու ավելի է վերածվում շահերի կազմակերպության


Դավիթ Հարությունյան. ԵԽԽՎ-ն դադարել է արժեքների կազմակերպություն լինելուց եւ ավելի ու ավելի է վերածվում շահերի կազմակերպության

  • 11-10-2011 15:56:01   | Հայաստան  |  Քաղաքական

Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի թիվ 1416 բանաձեւի շրջանակներում գործող Լեռնային Ղարաբաղի հարցով ենթահանձնաժողովն իրականում չի կարող կյանքի կոչել իր առաքելությունը` Հայաստանի եւ Ադրբեջանի պատվիրակությունների միջեւ ստեղծել փոխադարձ վստահություն, ինչպես նաեւ այդ վստահությունն ընդլայնել երկու պետությունների հասարակությունների միջեւ հարաբերությունների վրա: Ինչպես հոկտեմբերի 11-ի ասուլիսում հայտնեց ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար, հանրապետական Դավիթ Հարությունյանը, ենթահանձնաժողովի վերաբերյալ պատվիրակության այս միասնական դիրքորոշումն ինքը ներկայացրել է ԵԽԽՎ հոկտեմբերի 3-ից 7-ը կայացած նստաշրջանում` Վեհաժողովի Բյուրոյի եւ Մշտական հանձնաժողովի գործունեության հաշվետվության ընթացքում: Հայկական պատվիրակությունը, բնականաբար, չի մասնակցել ԼՂ-ի հարցով ենթահանձնաժողովի նստաշրջանի առաջին օրը տեղի ունեցած նիստին: «Մենք նշել ենք, որ որպես առաջին քայլ մենք ազդարարել էինք մորատորիում, եւ արդեն երկրորդ նստաշրջանն է, ինչ մենք շարունակում ենք մեր որդեգրած գիծը` առանց որեւէ շեղման»,-նշեց Դ.Հարությունյանը: Ըստ նրա, ի տարբերություն հայկական պատվիրակության, ադրբեջանական պատվիրակությունը «որեւէ ձեւով դրական չի արձագանքել մեր առաջարկությանը»: Արդյունքում` հարեւան երկրի պատվիրակներն առիթը բաց չեն թողնում իրենց ելույթներում Հայաստանի հասցեին տարբեր մեղադրանքներ եւ հերյուրանքներ հնչեցնելու համար: Ի դեպ` նույնը նրանք արել են նաեւ նստաշրջանում Հայաստանի ժողովրդավարական հաստատությունների գործունեության վերաբերյալ բանաձեւի քննարկման ժամանակ, ինչի պատճառով հայկական պատվիրակությունը նրանց ելույթների ընթացքում ողջ կազմով լքել է նիստերի դահլիճը: Ըստ Դ.Հարությունյանի, Վեհաժողովի Բյուրոյի եւ Մշտական հանձնաժողովի գործունեության հաշվետվության ընթացքում ելույթ են ունեցել նաեւ Ադրբեջանի պատվիրակները: «Պատվիրակությունը փորձում էր մեր չմասնակցությունը ներկայացնել որպես Հայաստանի պատվիրակության կողմից Բյուրոյի որոշումների չկատարում` փորձելով հավասարության նշան դնել Բյուրոյի մեկ այլ որոշման հետ»,-ասաց Դ.Հարությունյանը: Նրա պարզաբանմամբ, Բյուրոն որոշում էր կայացրել, որ Ադրբեջան պետք է ուղեւորվի ԵԽԽՎ-ի զեկուցողը` քաղաքական բանտարկյալների հետ կապված զեկույցը պատրաստելու համար, մինչդեռ այդ անձի մուտքը Ադրբեջան մերժվել է: Հայկական պատվիրակության ղեկավարը չցանկացավ կանխատեսումներ անել հիշյալ ենթահանձնաժողովի հետագա գործունեության վերաբերյալ` կարծիք հայտնելով, որ ենթահանձնաժողովի հետ կապված քննարկում կլինի ԵԽԽՎ Բյուրոյի առաջիկա նիստերից որեւէ մեկում: Լրագրողի այն հարցին, թե որքանով է հավանական համարում ԵԽԽՎ-ի նախագահ Մեւլութ Չավուշօղլուի լիազորությունների ժամկետի ավարտից հետո նրա ջանքերով վերակենդանացված ենթահանձնաժողովի գործունեության դադարեցումը, Դ.Հարությունյանն ասաց. «Դեռեւս ձեռնպահ կմնամ այդ հարցին պատասխանելուց, որովհետեւ հնարավոր տարբեր տարբերակներ առկա են, ամեն ինչ ԵԽԽՎ-ում կախված է քաղաքական կոնյուկտուրայից, ցավոք սրտի,: Կազմակերպությունը, մեր խորին համոզմամբ, դադարել է արժեքների կազմակերպություն լինելուց եւ ավելի ու ավելի է վերածվում շահերի կազմակերպության»:
Նոյյան տապան  -   Քաղաքական