Հոկտեմբերի 11-ին Վահագն Չախալյանին Ռուսթավի N6 խիստ ռեժիմի բանտում տեսակցել է Հայ Առաքելական Եկեղեցու Վիրահայոց թեմի առաջնորդ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը: Տեսակցության ժամանակ Սրբազանը, հայտնելով ջավախքահայ քաղաքական գործչին իր զորակցությունը, միաժմանակ հորդորել է նրան դադարեցնել հացադուլը` հրաժարվելով իր առողջությանը վնասող այդ ծայրահեղ միջոցից: Ընդառաջելով Սրբազանի հայրական հորդորներին` Վահագն Չախալյանը որոշել է հոկտեմբերի 12-ից դադարեցնել հացադուլը:
Այդ որոշումն ընդունելիս` նա նաեւ հաշվի առել այն հանգամանքը, որ հացադուլ հայտարարելուց հետո բանտի ադմինիստրացիան բավարարել է նրա պահանջների մի մասը: Այսպես.
- Թույլատրվել է հայ հոգեւորականների եւ, մասնավորապես, Վազգեն Սրբազանի հետ նրա տեսակցությունը,
- Լուծվել է բանտախցի ջրամատակարարման խնդիրը, թույլատրվել է պահել ջրի համար բաքեր,
- Վերացվել են բանտի խանութից գնումներ կատարելու սահմանափակումները,
- Վերադարձվել են բռնագրավված գրքերը:
Վահագն Չախալյանը իր փաստաբանի միջոցով փոխանցել է, որ նա հաստատակամ է շարունակելու իր նկատմամբ արդարության վերականգնման եւ ջավախքահայության իրավունքների պաշտպանության համար պայքարը:
Վահագն Չախալյանի գործի մասին
Ջավախքահայ քաղաքական գործիչ Վահագն Չախալյանը 2008թ. հուլիսի 21-ին ձերբակալվել եւ 2009թ. ապրիլի 7-ին բոլոր պատիժների գումարման սկզբունքի կիրառմամբ 10 տարվա ազատազրկման է դատապարտվել Վրաստանի Ախալցխայի շրջանի առաջին ատյանի դատարանի կողմից մի շարք շինծու մեղադրանքների հիման վրա: Էական խախտումներով ուղեկցվող դատավարության արդյունքում ջավախքահայ գործիչը մեղավոր է ճանաչվել «հանրային կարգը խախտող զանգվածային միջոցառումների կազմակերպման եւ ակտիվ մասնակցության» (Վրաստանի քր. օրենսգրքի 226- րդ հոդված), «իշխանության ներկայացուցչի դեմ խուլիգանության» (239-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» ենթակետ) եւ «զենք-զինամթերքի պահպանման» (236-րդ հոդվածի 1-ին մաս) համար: Բոլոր մեղադրանքները, բացառությամբ մեկի, հիմնված են 2005-06թթ. Չախալյանի քաղաքական գործունեությանն առնչվող փաստերի կողմնակալ ու խեղաթյուրված մեկնաբանման վրա:
Վահագն Չախալյանի հետ միասին «հանրային կարգը խախտող զանգվածային միջոցառումների կազմակերպման» եւ «զենք-զինամթերքի պահպանման» մեղադրանքներով արդեն պայմանական ժամկետների եւ տուգանքների են դատապարտվել նրա հայրը` Ռուբեն Չախալյանը, եւ կրտսեր եղբայրը:
Վրաստանի վերաքննիչ դատարանը 2009թ. հոկտեմբերի 30-ին անփոփոխ է թողել Վահագն Չախալյանի, նրա հոր եւ կրտսեր եղբոր նկատմամբ առաջին ատյանի դատավճիռը, իսկ 2010թ. հուլիսի 5-ին Վրաստանի գերագույն դատարանն ընդհանրապես հրաժարվել է վարույթ ընդունել գործը:
Վահագն Չախալյանի նկատմամբ վրացական իշխանությունների հաշվեհարդարը հասարակական լայն հնչեղություն է ստացել Հայստանում եւ սփյուռքում: 2009-11թթ. մի շարք հայկական եւ սփյուռքյան ոչ-կառավարական կազմակերպություններ հայտարարություններ են ընդունել եւ այլ քայլեր ձեռնարկել ի պաշտպանություն ջավախքահայ գործչի: Չախալյանի նկատմամբ անարդար դատավճռի դեմ բողոքի ակցիաներ են անցկացվել Փարիզում, Լիոնում եւ Երեւանում:
Վահագն Չախալյանը բողոք է ներկայացրել վրաց իշխանությունների դեմ Մարդու իրավունքների Եվրոպական դատարան:
Բողոքի քննությունը ներկայումս ընթացքի մեջ է:
Ռոբերտ Թաթոյան
project coordinator
"Yerkir" Union of NGOs For Repatration And Settlement