Հայաստանի գիւղական համայնքները մասնակցում են առաջին միջազգային բուժքոյրական համագումահին


Հայաստանի գիւղական համայնքները մասնակցում են առաջին միջազգային բուժքոյրական համագումահին

  • 28-04-2011 14:04:19   | Հայաստան  |  Հասարակութիւն
Հայաստանի մանուկներ հիմնադրամի հովանու ներքոյ գտնուող շահառու գիւղական համայնքները մասնակցում են ապրիլի 27-30-ին անցկացուող «Վերափոխե՛նք բուժքոյրական առաջնորդութիւնը» առաջին միջազգային բուժքոյրական համագումարին: Հիմնադրամը համագումարի մասնակիցներին եւ հիւրերին ներկայացրեց իր առողջապահական ծրագիրը` ՀՀ գիւղական համայնքների համապարփակ զարգացման համատեքստում, իսկ հիմնադրամի զարգացման հովանու ներքոյ գտնուող Մեասնիկեան համայնքի «Յիսուսի մանուկներ» առողջութեան կենտրոնի թոքաբանը խօսեց տուբերկուլոզով հիւանդների բուժման եւ խնամքի ժամանակ առողջութեան առաջնային պահպանման օղակի բուժքրոջ դերի մասին: Սպասարկելով ՀՀ Արմավիրի մարզի Բաղրամեանի շրջանի 15 գիւղական համայնքի մօտ 22 հազար ազգաբնակչութեանը, «Յիսուսի մանուկներ» առողջութեան կենտրոնը հիմնանորոգուել է Հիմնադրամի բարերար` Ջորջ Փակումէանի ֆինանսական աջակցութեամբ 2009 թուականին եւ հանդիսանում է առողջապահական ծառայութիւններ մատուցող տարածաշրջանի առանցքային կենտրոնը: Հայաստանում առաջին միջազգային բուժքոյրական համագումարի կազմակերպիչներն են Քոյրական գործի կազմակերպիչների հայկական ասոցիացիան եւ Էրեբունի պետական բժշկական քոլեջը` Կրթութեան գլոբալ զարգացման ինստիտուտի եւ ՀՀ Առողջապահութեան նախարարութեան հետ համատեղ: Համագումարը համախմբել է քոյրական գործի ճանաչուած միջազգային մասնագէտներին` ներառեալ աշխարհի լաւագոյն համալսարանների եւ քոլեջների անուանի գիտնականներն ու մանկավարժները, ինչպէս նաեւ աշխարհասփիւռ քոյրական ասոցիացիաների, ֆորումների եւ միաթիւնների անդամներին: Համագումարի նպատակն է ստեղծել համաշխարհային գործընկերութիւններ քոյրական գործի ոլորտում` զարգացնելու մասնագիտական կրթութիւնն ու քոյրական գործը, ոլորտի կառավարումն ու քաղաքականութեան մշակումը: Միջոցառման գերակայ խնդիրներից է նաեւ խթանել առողջապահական ծառայութիւնների բարելաւումն ու նպաստել վերջիններիս ծածկոյթի ընդլայմանը` կարեւորելով բուժքոյրերի աշխատանքը եւ նրանց` որպէս առաջնորդի դերը անհատների, ընտանիքների եւ համայնքների առողջութեան որակը բարձրացնելու գործում: Հայաստանի մանուկներ հիմնադրամի անունից ելոյթ ունեցաւ Հիմնադրամի առողջապահական ծրագրի դասաւանդող Լուսինէ Սահակեանը, իսկ «Յիսուսի մանուկներ» տարածաշրջանային առողջութեան կենտրոնի աշխատանքները ներկայացրեց թոքաբան Ազատւհի Յակոբեանը: Համագումարի մասնակիցներից էին նաեւ Հիմնադրամի զարգացման ծրագրերում ընդգրկուած այլ` Քարակերտ, Մեասնիկեան, Դալարիկ եւ Շէնիկ գիւղական համայնքների թուով ինը բուժքոյր: Լուսինէ Սահակեանի խօսքերով, վերջին տարիներին ՀՀ գիւղական վայրերի զարգացման եւ գիւղաբնակների շրջանում առողջապահական ծառայութիւնների որակի բարձրացման ուղղութեամբ տարուող Հիմնադրամի շարունակական աշխատանքը տուել է շօշափելի արդիւնքներ այն առումով, որ բարելաւուել է հաղորդակցութիւնը բժիշկների եւ հիւանդների միջեւ, բարձրացել է բուժաշխատողների պատասխանատուութիւնը հիւանդների խնամքի եւ նրանց ուսուցման գործում եւ, ի հարկէ, զարգացել են տեղի բժիշկների կարողութիւններն ու հմտութիւնները: «Համագումարի քառօրեայ աշխատանքներին մասնակցութիւնը գիւղերում աշխատող բուժքոյրերի համար կը բացի ոչ միայն մասնագիտական զարգացման նորանոր հնարաւորութիւններ, այլեւ համայնքային առողջապահութեան ոլորտում կը հզօրացնի վերջիններիս դիրքերը` որպէս առաջնորդների, կը ստեղծի փորձի փոխանակման միջավայր եւ կը խթանի հայ քոյրերի ինտէգրումը համաշխարհային քոյրական ցանցին: Հայաստանի մանուկներ հիմնադրամն ուրախ է կազմել գիւղական առողջապահական ծառայութիւնների բարեփոխումների կարեւոր մասը, ինչն, ի վերջոյ, կը նպաստի բարելաւուած հանրային առողջապահութեանը»,- ասել է Լ.Սահակեանը: Ըստ Ազատւհի Յակոբեանի, տուբերկուլոզը լուրջ սպառնալիք է ներկայացնում ողջ աշխարհի, այդ թւում նաեւ Հայաստանի բնակչութեան առողջութեանը: Ամէն տարի այս վտանգաւոր հիւանդութիւնից մահանում է մօտ 2 մլն մարդ: Ուստի այսօր խիստ կարեւոր խնդիր է հիւանդութեան տարածման կանխումն ու արդիւնաւէտ բուժումը: «Այդ պատճառով էլ աւելի է կարեւորւում առողջութեան առաջնային պահպանման օղակում բուժքրոջ դերը տուբերկուլոզով հիւանդների վաղ յայտնաբերման եւ կանխարգելման գործում, ինչպէս նաեւ պացիենտին եւ ընտանիքի անդամներին կրթելու, համայնքի անդամների հետ լուսաւորչական աշխատանքներ իրականացնելու եւ հիւանդութեան վերաբերեալ իրազեկութիւնը բարձրացնելու մէջ: Վերջերս հիմնանորոգուած եւ վերաբացուած մեր առողջութեան տարածաշրջանային կենտրոնը հնարաւորութիւն է ընձեռում մեր աշխատանքը կատարել հաճոյքով եւ հպարտութեամբ` նշանակալի օգուտ բերելով Բաղրամեանի շրջանի մանուկների եւ մեծահասակների առողջութեանն ու բարեկեցութեանը»,- նշել է Ա.Յակոբեանը: «Յիսուսի մանուկներ» առողջութեան կենտրոնը, որ նուիրուած է Անիթայ եւ Քեւօրք Փակումէանների վառ յիշատակին եւ որի հիմնանորոգման եւ արդիականացման աշխատանքները հնարաւոր դարձան «Փակումէան ընտանիք» բարեգործական հիմնադրամի ֆինանսական աջակցութեան շնորհիւ, տարածաշրջանի միակ հաստատութիւնն է, որն առաջնային եւ մասնագիտացուած բուժօգնութիւն է տրամադրում Բաղրամեան շրջանի ամբողջ բնակչութեանը: Ի լրումն պատուաստումներին եւ առաջնային առողջութեան պահմանման գործունէութեանը, կենտրոնում իրենց ծառայութիւններն են մատուցում ինչպէս ընդհանուր պրոֆիլի մասնագէտները /ընտանեկան բժիշկներ/, այնպէս էլ բազմաթիւ նեղ մասնագէտներ /մանկաբարձ/գինեկոլոգ, մաշկաւեներաբան, ուռուցքաբան, հոգեբոյժ, նեարդաբան, թոքաբան եւ ակնաբոյժ/: Հիւանդութիւնների առաւել ճշգրիտ ախտորոշման համար կենտրոնում առկայ է բիոքիմիական բարձրակարգ լաբորատորիայ, ուլտրաձայնային եւ ռենտգեն հետազօտութիւնների ծառայութիւններ: Առաջին յարկում գործում է մեքենայով ապահովուած շտապ օգնութեան ծառայութիւն: Ի տարբերութիւն սովորական պոլիկլինիկաների, առողջութեան կենտրոնում առկայ են նաեւ բազմաթիւ այլ առողջապահական ծառայութիւններ, ինչպէս օրինակ ատամնաբուժարանը, մարզասրահը եւ դեղատունը: Բուժքոյրական առաջնորդութեան վերաբերեալ տարաբնոյթ հեռանկարներ ի մի բերելու եւ Հայաստանում քոյրերի մասնագիտութեան առաջընթացին նպաստելու իր առաջնային գերնպատակից զատ, բուժքոյրական միջազգային համագումարի շրջանակներում կը քննարկուեն նաեւ այնպիսի արդի հարցեր, ինչպիսիք են շարունակական քոյրական կրթութիւնը, քոյրական գործի կառավարումը, քոյրական ասոցիացիաներին անդամագրուելու եւ համաշխարհային գործընկերութիւններ հիմնադրելու միջոցով բուժքոյրերի մասնագիտական ցանցերի ստեղծման կարեւորութիւնը, բուժքոյրերի դերը մօր եւ մանկան առողջութեան, շտապ օգնութեան եւ ինտենսիւ խնամքի ժամանակ, երիտասարդների առողջութեան պահպանման գործում, ՄԻԱՒ/Ձիահ-ով հիւանդների, տուբերկուլոզով եւ հեպատիտով հիւանդների բուժման եւ խնամքի ժամանակ, ինչպէս նաեւ բուժքրոջ դերը ծերերի եւ յատուկ կարիքներով մարդկանց խնամքի ժամանակ: # # # Հայաստանի մանուկներ հիմնադրամի առողջապահական ծրագրի մասին 2004 թ.-ին իր «Օրինակելի համայնք» համապարփակ զարգացման ծրագիրը սկսելուց յետոյ եւ 2006-ից սկսած այն «Օրինակելի գիւղախումբ» ընդլայնելուց ի վեր` Հայաստանի մանուկներ հիմնադրամը մշտապէս ֆինանսաւորել եւ կազմակերպել է գիւղական բուժամբուլատորիաների եւ բուժկէտերի անձնակազմերի վերապատրաստման դասընթացնէր` որպէս կարողութիւնների հզօրացման կարեւորագոյն բաղադրիչ: Հիմնադրամի բժիշկները պարբերաբար մոնիտորինգ են անցկացրել տեղի բուժհաստատութիւններում, եւ սերտօրէն համագործակցելով տեղի բուժանձնակազմերի հետ, ապահովել են բարձրակարգ ժամանակակից մօտեցումներ առաջնային բուժօգնութեան եւ շարունակական բժշկական կրթութեան ասպարէզում: Գիւղական վայրերում իրենց գործունէութիւնը ծաւալած բուժաշխատողների համար կազմակերպուել են նաեւ դասընթացնէր` տրամադրուած սարքաւորումների ճիշտ օգտագործման վերաբերեալ: Վերջիններիս շարքում են ռենտգեն եւ ուլտրաձայնային հետազօտութեան սարքերը, մանրադիտակները, կշեռքները, ակնաբուժական եւ էլեկտրասրտագրութեան սարքերը: Համայնքային առողջապահական կրթութիւնը, որպէս Հիմնադրամի առողղջապահական ծրագրի կարեւորագոյն մաս, անցած տարիների ընթացքում բարձրացրել է գիւղացիների իրազեկութիւնը առողջ ապրելակերպի, նախածննդեան խնամքի, տարատեսակ քաղցկեղների վաղ յայտնաբերման, վերարտադրողական առողջութեան եւ իրաւունքների, դեռահասի առողջութեան, առաջին բուժօգնութեան, քրոնիկական հիւանդութիւնների կառավարման, վարակիչ հիւադութիւնների կանխարգելման, դեղամիջոցների արդիւնաւէտ օգտագործման եւ այլ թեմաներով: Այս ամէնը համալրուել է հիւանդների ակտիւ ուսուցմամբ շաքարախտի, բրոնխային ասթմայի, սրտային հիւանդութիւնների եւ զարկերակային գերճնշման թեմաներով: Հայաստանի մանուկներ հիմնադրամի մասին Հայաստանի մանուկներ հիմնադրամը բարեգործական կազմակերպութիւն է, որի աշխատանքի առանցքում Հայաստանի գիւղական համայնքներում ապրող երեխաների համար լուսաւոր ապագայի կառուցումն է` ապահովելով երեխաների ու երիտասարդների համար բարելաւուած կրթութիւն, առողջապահութիւն, համայնքային ակտիւ կեանք ու տնտեսապէս բարենպաստ պայմաններ: 2004 թուականին նորամուծութիւն համարուող քլասթերինգի (խմբաստեղծում) սկզբունքի ներկայացմամբ, Հիմնադրամը ներկայումս իրականացնում է «ՀՀ Գիւղական վայրերի համապարփակ զարգացման ծրագիրը» եւ գործունէութիւն է ծաւալել Արմավիրի մարզի Բաղրամեան շրջանի Արգինայ, Բաղրամեան, Դալարիկ, Երուանդաշատ, Լեռնագոգ, Յուշակերտ, Մեասնիկեան, Շէնիկ եւ Քարակերտ համայնքներում, ինչպէս նաեւ Արագածոտնի մարզի Արտենի եւ Արագածաւան համայնքներում: Վերջին վեց տարիների ընթացքում Հիմնադրամի շարունակական զարգացման շնորհիւ` Բաղրամեանի տարածաշրջանի մօտ 22,000 գիւղաբնակ, այդ թւում 5,000 երեխայ, օգտուել է բարելաւուած դպրոցներից, մանկապարտէզներից, բուժական ամբուլատորիաներից, սպորտային համալիրներից, համայնքային եւ սոցիալ-հոգեբանական կենտրոններից, հմտութիւնների զարգացման դասընթացներից ու սեմինարներից, ինչպէս նաեւ բիզնեսի զարգացմանն ուղղուած զանազան հնարաւորութիւններից:
  -   Հասարակութիւն