Հայաստանի գյուղական համայնքները մասնակցում են առաջին միջազգային բուժքույրական համագումարին <br /> <br />


Հայաստանի գյուղական համայնքները մասնակցում են առաջին միջազգային բուժքույրական համագումարին

  • 28-04-2011 14:04:19   | Հայաստան  |  Հասարակություն
Հայաստանի մանուկներ հիմնադրամի հովանու ներքո գտնվող շահառու գյուղական համայնքները մասնակցում են ապրիլի 27-30-ին անցկացվող «Վերափոխե՛նք բուժքույրական առաջնորդությունը» առաջին միջազգային բուժքույրական համագումարին: Հիմնադրամը համագումարի մասնակիցներին եւ հյուրերին ներկայացրեց իր առողջապահական ծրագիրը` ՀՀ գյուղական համայնքների համապարփակ զարգացման համատեքստում, իսկ հիմնադրամի զարգացման հովանու ներքո գտնվող Մյասնիկյան համայնքի «Հիսուսի մանուկներ» առողջության կենտրոնի թոքաբանը խոսեց տուբերկուլոզով հիվանդների բուժման եւ խնամքի ժամանակ առողջության առաջնային պահպանման օղակի բուժքրոջ դերի մասին: Սպասարկելով ՀՀ Արմավիրի մարզի Բաղրամյանի շրջանի 15 գյուղական համայնքի մոտ 22 հազար ազգաբնակչությանը, «Հիսուսի մանուկներ» առողջության կենտրոնը հիմնանորոգվել է Հիմնադրամի բարերար` Ջորջ Փակումեանի ֆինանսական աջակցությամբ 2009 թվականին եւ հանդիսանում է առողջապահական ծառայություններ մատուցող տարածաշրջանի առանցքային կենտրոնը: Հայաստանում առաջին միջազգային բուժքույրական համագումարի կազմակերպիչներն են Քույրական գործի կազմակերպիչների հայկական ասոցիացիան եւ Էրեբունի պետական բժշկական քոլեջը` Կրթության գլոբալ զարգացման ինստիտուտի եւ ՀՀ Առողջապահության նախարարության հետ համատեղ: Համագումարը համախմբել է քույրական գործի ճանաչված միջազգային մասնագետներին` ներառյալ աշխարհի լավագույն համալսարանների եւ քոլեջների անվանի գիտնականներն ու մանկավարժները, ինչպես նաեւ աշխարհասփյուռ քույրական ասոցիացիաների, ֆորումների եւ միաթյունների անդամներին: Համագումարի նպատակն է ստեղծել համաշխարհային գործընկերություններ քույրական գործի ոլորտում` զարգացնելու մասնագիտական կրթությունն ու քույրական գործը, ոլորտի կառավարումն ու քաղաքականության մշակումը: Միջոցառման գերակա խնդիրներից է նաեւ խթանել առողջապահական ծառայությունների բարելավումն ու նպաստել վերջիններիս ծածկույթի ընդլայմանը` կարեւորելով բուժքույրերի աշխատանքը եւ նրանց` որպես առաջնորդի դերը անհատների, ընտանիքների եւ համայնքների առողջության որակը բարձրացնելու գործում: Հայաստանի մանուկներ հիմնադրամի անունից ելույթ ունեցավ Հիմնադրամի առողջապահական ծրագրի դասավանդող Լուսինե Սահակյանը, իսկ «Հիսուսի մանուկներ» տարածաշրջանային առողջության կենտրոնի աշխատանքները ներկայացրեց թոքաբան Ազատուհի Հակոբյանը: Համագումարի մասնակիցներից էին նաեւ Հիմնադրամի զարգացման ծրագրերում ընդգրկված այլ` Քարակերտ, Մյասնիկյան, Դալարիկ եւ Շենիկ գյուղական համայնքների թվով ինը բուժքույր: Լուսինե Սահակյանի խոսքերով, վերջին տարիներին ՀՀ գյուղական վայրերի զարգացման եւ գյուղաբնակների շրջանում առողջապահական ծառայությունների որակի բարձրացման ուղղությամբ տարվող Հիմնադրամի շարունակական աշխատանքը տվել է շոշափելի արդյունքներ այն առումով, որ բարելավվել է հաղորդակցությունը բժիշկների եւ հիվանդների միջեւ, բարձրացել է բուժաշխատողների պատասխանատվությունը հիվանդների խնամքի եւ նրանց ուսուցման գործում եւ, իհարկե, զարգացել են տեղի բժիշկների կարողություններն ու հմտությունները: «Համագումարի քառօրյա աշխատանքներին մասնակցությունը գյուղերում աշխատող բուժքույրերի համար կբացի ոչ միայն մասնագիտական զարգացման նորանոր հնարավորություններ, այլեւ համայնքային առողջապահության ոլորտում կհզորացնի վերջիններիս դիրքերը` որպես առաջնորդների, կստեղծի փորձի փոխանակման միջավայր եւ կխթանի հայ քույրերի ինտեգրումը համաշխարհային քույրական ցանցին: Հայաստանի մանուկներ հիմնադրամն ուրախ է կազմել գյուղական առողջապահական ծառայությունների բարեփոխումների կարեւոր մասը, ինչն, ի վերջո, կնպաստի բարելավված հանրային առողջապահությանը»,- ասել է Լ.Սահակյանը: Ըստ Ազատուհի Հակոբյանի, տուբերկուլոզը լուրջ սպառնալիք է ներկայացնում ողջ աշխարհի, այդ թվում նաեւ Հայաստանի բնակչության առողջությանը: Ամեն տարի այս վտանգավոր հիվանդությունից մահանում է մոտ 2 մլն մարդ: Ուստի այսօր խիստ կարեւոր խնդիր է հիվանդության տարածման կանխումն ու արդյունավետ բուժումը: «Այդ պատճառով էլ ավելի է կարեւորվում առողջության առաջնային պահպանման օղակում բուժքրոջ դերը տուբերկուլոզով հիվանդների վաղ հայտնաբերման եւ կանխարգելման գործում, ինչպես նաեւ պացիենտին եւ ընտանիքի անդամներին կրթելու, համայնքի անդամների հետ լուսավորչական աշխատանքներ իրականացնելու եւ հիվանդության վերաբերյալ իրազեկությունը բարձրացնելու մեջ: Վերջերս հիմնանորոգված եւ վերաբացված մեր առողջության տարածաշրջանային կենտրոնը հնարավորություն է ընձեռում մեր աշխատանքը կատարել հաճույքով եւ հպարտությամբ` նշանակալի օգուտ բերելով Բաղրամյանի շրջանի մանուկների եւ մեծահասակների առողջությանն ու բարեկեցությանը»,- նշել է Ա.Հակոբյանը: «Հիսուսի մանուկներ» առողջության կենտրոնը, որ նվիրված է Անիթա եւ Քեվօրք Փակումեանների վառ հիշատակին եւ որի հիմնանորոգման եւ արդիականացման աշխատանքները հնարավոր դարձան «Փակումեան ընտանիք» բարեգործական հիմնադրամի ֆինանսական աջակցության շնորհիվ, տարածաշրջանի միակ հաստատությունն է, որն առաջնային եւ մասնագիտացված բուժօգնություն է տրամադրում Բաղրամյան շրջանի ամբողջ բնակչությանը: Ի լրումն պատվաստումներին եւ առաջնային առողջության պահմանման գործունեությանը, կենտրոնում իրենց ծառայություններն են մատուցում ինչպես ընդհանուր պրոֆիլի մասնագետները /ընտանեկան բժիշկներ/, այնպես էլ բազմաթիվ նեղ մասնագետներ /մանկաբարձ/գինեկոլոգ, մաշկավեներաբան, ուռուցքաբան, հոգեբույժ, նյարդաբան, թոքաբան եւ ակնաբույժ/: Հիվանդությունների առավել ճշգրիտ ախտորոշման համար կենտրոնում առկա է բիոքիմիական բարձրակարգ լաբորատորիա, ուլտրաձայնային եւ ռենտգեն հետազոտությունների ծառայություններ: Առաջին հարկում գործում է մեքենայով ապահովված շտապ օգնության ծառայություն: Ի տարբերություն սովորական պոլիկլինիկաների, առողջության կենտրոնում առկա են նաեւ բազմաթիվ այլ առողջապահական ծառայություններ, ինչպես օրինակ ատամնաբուժարանը, մարզասրահը եւ դեղատունը: Բուժքույրական առաջնորդության վերաբերյալ տարաբնույթ հեռանկարներ ի մի բերելու եւ Հայաստանում քույրերի մասնագիտության առաջընթացին նպաստելու իր առաջնային գերնպատակից զատ, բուժքույրական միջազգային համագումարի շրջանակներում կքննարկվեն նաեւ այնպիսի արդի հարցեր, ինչպիսիք են շարունակական քույրական կրթությունը, քույրական գործի կառավարումը, քույրական ասոցիացիաներին անդամագրվելու եւ համաշխարհային գործընկերություններ հիմնադրելու միջոցով բուժքույրերի մասնագիտական ցանցերի ստեղծման կարեւորությունը, բուժքույրերի դերը մոր եւ մանկան առողջության, շտապ օգնության եւ ինտենսիվ խնամքի ժամանակ, երիտասարդների առողջության պահպանման գործում, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով հիվանդների, տուբերկուլոզով եւ հեպատիտով հիվանդների բուժման եւ խնամքի ժամանակ, ինչպես նաեւ բուժքրոջ դերը ծերերի եւ հատուկ կարիքներով մարդկանց խնամքի ժամանակ: # # # Հայաստանի մանուկներ հիմնադրամի առողջապահական ծրագրի մասին 2004 թ.-ին իր «Օրինակելի համայնք» համապարփակ զարգացման ծրագիրը սկսելուց հետո եւ 2006-ից սկսած այն «Օրինակելի գյուղախումբ» ընդլայնելուց ի վեր` Հայաստանի մանուկներ հիմնադրամը մշտապես ֆինանսավորել եւ կազմակերպել է գյուղական բուժամբուլատորիաների եւ բուժկետերի անձնակազմերի վերապատրաստման դասընթացներ` որպես կարողությունների հզորացման կարեւորագույն բաղադրիչ: Հիմնադրամի բժիշկները պարբերաբար մոնիտորինգ են անցկացրել տեղի բուժհաստատություններում, եւ սերտորեն համագործակցելով տեղի բուժանձնակազմերի հետ, ապահովել են բարձրակարգ ժամանակակից մոտեցումներ առաջնային բուժօգնության եւ շարունակական բժշկական կրթության ասպարեզում: Գյուղական վայրերում իրենց գործունեությունը ծավալած բուժաշխատողների համար կազմակերպվել են նաեւ դասընթացներ` տրամադրված սարքավորումների ճիշտ օգտագործման վերաբերյալ: Վերջիններիս շարքում են ռենտգեն եւ ուլտրաձայնային հետազոտության սարքերը, մանրադիտակները, կշեռքները, ակնաբուժական եւ էլեկտրասրտագրության սարքերը: Համայնքային առողջապահական կրթությունը, որպես Հիմնադրամի առողղջապահական ծրագրի կարեւորագույն մաս, անցած տարիների ընթացքում բարձրացրել է գյուղացիների իրազեկությունը առողջ ապրելակերպի, նախածննդյան խնամքի, տարատեսակ քաղցկեղների վաղ հայտնաբերման, վերարտադրողական առողջության եւ իրավունքների, դեռահասի առողջության, առաջին բուժօգնության, քրոնիկական հիվանդությունների կառավարման, վարակիչ հիվադությունների կանխարգելման, դեղամիջոցների արդյունավետ օգտագործման եւ այլ թեմաներով: Այս ամենը համալրվել է հիվանդների ակտիվ ուսուցմամբ շաքարախտի, բրոնխային ասթմայի, սրտային հիվանդությունների եւ զարկերակային գերճնշման թեմաներով: Հայաստանի մանուկներ հիմնադրամի մասին Հայաստանի մանուկներ հիմնադրամը բարեգործական կազմակերպություն է, որի աշխատանքի առանցքում Հայաստանի գյուղական համայնքներում ապրող երեխաների համար լուսավոր ապագայի կառուցումն է` ապահովելով երեխաների ու երիտասարդների համար բարելավված կրթություն, առողջապահություն, համայնքային ակտիվ կյանք ու տնտեսապես բարենպաստ պայմաններ: 2004 թվականին նորամուծություն համարվող քլասթերինգի (խմբաստեղծում) սկզբունքի ներկայացմամբ, Հիմնադրամը ներկայումս իրականացնում է «ՀՀ Գյուղական վայրերի համապարփակ զարգացման ծրագիրը» եւ գործունեություն է ծավալել Արմավիրի մարզի Բաղրամյան շրջանի Արգինա, Բաղրամյան, Դալարիկ, Երվանդաշատ, Լեռնագոգ, Հուշակերտ, Մյասնիկյան, Շենիկ եւ Քարակերտ համայնքներում, ինչպես նաեւ Արագածոտնի մարզի Արտենի եւ Արագածավան համայնքներում: Վերջին վեց տարիների ընթացքում Հիմնադրամի շարունակական զարգացման շնորհիվ` Բաղրամյանի տարածաշրջանի մոտ 22,000 գյուղաբնակ, այդ թվում 5,000 երեխա, օգտվել է բարելավված դպրոցներից, մանկապարտեզներից, բուժական ամբուլատորիաներից, սպորտային համալիրներից, համայնքային եւ սոցիալ-հոգեբանական կենտրոններից, հմտությունների զարգացման դասընթացներից ու սեմինարներից, ինչպես նաեւ բիզնեսի զարգացմանն ուղղված զանազան հնարավորություններից:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play