ԱՄՆ-ի դեսպանը այցելել է Արզնի-Շամիրամ մայր ջրանցքի
վերանորոգուած տեղամաս
16-09-2009 19:20:00 | Հայաստան | Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանում ԱՄՆ-ի
դեսպան Մարի Լ. Յովանովիչը, ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման
նախարար Արմէն Գեւորգեանը, գիւղատնտեսութեան նախարար Գերասիմ
Ալավերդեանը սեպտեմբերի 16-ին Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակեանի
եւ Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգելդյանի ուղեկցութեամբ այցելել
են ՀՄՀ-Հայաստան ծրագրի շրջանակներում վերականգնուող Արզնի-Շամիրամ
մայր ջրանցքի վերանորոգուած տեղամաս:
Արզնի-Շամիրամ ջրանցքը Հայաստանի մայր ջրանցքների համակարգի
այն վեց ջրանցքներից մէկն է, որը վերականգնուելու է ՀՄՀ-Հայաստանի
«Ոռոգւող Գիւղատնտեսութիւն» ենթածրագրի շրջանակներում:
Այնուհետեւ նրանք այցելել են Արագածոտնի մարզի Կարբի համայնք`
ծանօթանալու ջրի ներտնտեսային կառավարման դասընթացների մասնակից
ֆերմերի տնտեսութեանը, որտեղ վերջինս կիրառում է գիւղատնտեսական
նոր տեխնոլոգիաները: ՀՄՀ-Հայաստան ծրագրի շրջանակներում
ֆինանսաւորուել է կաթիլային ոռոգման համակարգի տեղադրումը, որը
հնարաւորութիւն է տուել ֆերմերին անցնելու աւելի արդիւնաւէտ եւ
շահութաբեր ոռոգմանը:
Տուեալ տնտեսութիւնը ՀՄՀ-Հայաստան ծրագրի շրջանակներում
ֆինանսաւորւող այն բազմաթիւ ցուցադրական տնտեսություններից մէկն է,
որտեղ տեղակայուած են ծրագրի շրջանակներում ձեռք բերուած տեխնիկական
սարքաւորումները: Այցելութիւնները նման ցուցադրական տեղամասեր
լրացնում են ուսուցման դասընթացներում ձեռք բերուած գիտելիքները`
ֆերմերներին հնարաւորութիւն տալով տեսնել, թէ ինչպէս են
գործնականում կիրառւում ուսուցանված նոր մօտեցումները:
Ըստ «ՆՏ»-ին տրամադրուած հաղորդագրութեան, մինչ օրս
ՀՄՀ-Հայաստան ծրագրի «Ոռոգւող գիւղատնտեսութիւն» ենթածրագրի
շրջանակներում Հայաստանի մօտ 300 համայնքների աւելի քան 30 հազար
ֆերմերներ ուսուցանվել են ջրի կառավարման տեխնոլոգիաների եւ
բարձրարժէք գիւղատնտեսութեան թեմաներով: Կոտայքի եւ Արագածոտնի
մարզերի 60 համայնքներում ուսուցանված ֆերմերների թիւը կազմում է
մօտ 5000: