ԱՄՆ-ի դեսպանը այցելել է Արզնի-Շամիրամ մայր ջրանցքի
վերանորոգված տեղամաս
16-09-2009 19:20:00 | Հայաստան | Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանում ԱՄՆ-ի
դեսպան Մարի Լ. Յովանովիչը, ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման
նախարար Արմեն Գեւորգյանը, գյուղատնտեսության նախարար Գերասիմ
Ալավերդյանը սեպտեմբերի 16-ին Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի
եւ Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգելդյանի ուղեկցությամբ այցելել
են ՀՄՀ-Հայաստան ծրագրի շրջանակներում վերականգնվող Արզնի-Շամիրամ
մայր ջրանցքի վերանորոգված տեղամաս:
Արզնի-Շամիրամ ջրանցքը Հայաստանի մայր ջրանցքների համակարգի
այն վեց ջրանցքներից մեկն է, որը վերականգնվելու է ՀՄՀ-Հայաստանի
«Ոռոգվող Գյուղատնտեսություն» ենթածրագրի շրջանակներում:
Այնուհետեւ նրանք այցելել են Արագածոտնի մարզի Կարբի համայնք`
ծանոթանալու ջրի ներտնտեսային կառավարման դասընթացների մասնակից
ֆերմերի տնտեսությանը, որտեղ վերջինս կիրառում է գյուղատնտեսական
նոր տեխնոլոգիաները: ՀՄՀ-Հայաստան ծրագրի շրջանակներում
ֆինանսավորվել է կաթիլային ոռոգման համակարգի տեղադրումը, որը
հնարավորություն է տվել ֆերմերին անցնելու ավելի արդյունավետ եւ
շահութաբեր ոռոգմանը:
Տվյալ տնտեսությունը ՀՄՀ-Հայաստան ծրագրի շրջանակներում
ֆինանսավորվող այն բազմաթիվ ցուցադրական տնտեսություններից մեկն է,
որտեղ տեղակայված են ծրագրի շրջանակներում ձեռք բերված տեխնիկական
սարքավորումները: Այցելությունները նման ցուցադրական տեղամասեր
լրացնում են ուսուցման դասընթացներում ձեռք բերված գիտելիքները`
ֆերմերներին հնարավորություն տալով տեսնել, թե ինչպես են
գործնականում կիրառվում ուսուցանված նոր մոտեցումները:
Ըստ «ՆՏ»-ին տրամադրված հաղորդագրության, մինչ օրս
ՀՄՀ-Հայաստան ծրագրի «Ոռոգվող գյուղատնտեսություն» ենթածրագրի
շրջանակներում Հայաստանի մոտ 300 համայնքների ավելի քան 30 հազար
ֆերմերներ ուսուցանվել են ջրի կառավարման տեխնոլոգիաների եւ
բարձրարժեք գյուղատնտեսության թեմաներով: Կոտայքի եւ Արագածոտնի
մարզերի 60 համայնքներում ուսուցանված ֆերմերների թիվը կազմում է
մոտ 5000: