ԵԱՏՄ ղեկավարներին մինչև դեկտեմբեր կզեկուցեն ՀՀ-ի վերաբերյալ գործողությունների տարբերակները


 

ԵԱՏՄ ղեկավարներին մինչև դեկտեմբեր կզեկուցեն ՀՀ-ի վերաբերյալ գործողությունների տարբերակները

  • 05-06-2026 12:40:42   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Sputnik. Ռուսաստանի փոխվարչապետը նշել է, որ Հայաստանի շուրջ այսօր ստեղծված իրավիճակը անորոշություն է առաջացնում առաջին հերթին ներդրողների համար:
 
Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) լիդերները մինչև 2026 թվականի դեկտեմբեր զեկույց կստանան միավորմանը Հայաստանի անդամակցության հարցում գործողությունների տարբերակների վերաբերյալ։ Այս մասին Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակում ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
 
Խոսելով այն մասին, թե արդյոք մինչև 2026 թվականի դեկտեմբեր արդեն կդիտարկվեն Երևանի անդամակցության սառեցման ինչ-որ տարբերակներ, նա նշել է, որ «խոսքը գործողությունների հնարավորությունները դիտարկելու և դրանք մինչև դեկտեմբեր անդամ պետությունների առաջնորդներին զեկուցելու մասին է»։
 
«Ակնհայտորեն, ինչպես դա միշտ լինում է նման դեպքերում, կստեղծվի աշխատանքային խումբ, որում կընդգրկվեն համապատասխան շահագրգիռ անդամ պետությունները։ Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներին, իսկ դրանք մեր երկրների կառավարությունների ղեկավարներն են, հանձնարարվել է դիտարկել այս հարցերը։ Նրանք կգնահատեն իրավիճակը և առաջարկություններ կներկայացնեն Բարձրագույն եվրասիական տնտեսական խորհրդին, որի նիստը կկայանա այստեղ՝ Սանկտ Պետերբուրգում, 2026 թվականի դեկտեմբերին»,-պարզաբանել է Օվերչուկը։
 
Երևանը վերջին շրջանում հայտարարում է Եվրամիության հետ ինտեգրվելու ուղղության մասին։ ՀՀ ԱԺ-ն 2025 թվականի մարտի 26-ին օրենք է ընդունել ԵՄ-ին ՀՀ անդամակցության գործընթաց սկսելու մասին։ Դրա հետ մեկտեղ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Երևանը մտադիր չէ դուրս գալ ԵԱՏՄ-ից և ակնկալում է համատեղել կազմակերպությանն անդամակցությունն ու ԵՄ-ին ինտեգրումը, քանի դեռ հնարավոր է։
 
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նշել է, որ ԵՄ-ին ինտեգրումն ինքնաբերաբար հանգեցնում է ԵԱՏՄ-ի հետ Հայաստանի փոխգործակցության դադարեցմանը, դրան ուղեկցող բոլոր արտոնությունների կորստին, որոնցից Երևանը շահում էր Եվրասիական տնտեսական միությունում գտնվելու ամբողջ ընթացքում։
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը