Լավրովը հայտնել է, որ Վրաստանի ղեկավարությունը գիտակցում է ԵՄ անդամակցության բացասական հետևանքները
05-06-2026 11:00:42 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
Վրաստանի ներկայիս ղեկավարությունը հասկանում է երկրի՝ Եվրամիությանը միանալու բացասական հետևանքները։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Իզվեստիա»-ի հետ հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։«Վրաստանի ներկայիս ղեկավարությունը պրագմատիկ է. նրանք վերահաստատում են իրենց ուղին դեպի Եվրամիություն, բայց գիտակցում են, որ այդ դեպքում ստիպված կլինեն դադարել լինել երկիր, որը հայտնի է իր արտադրանքով», - ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակում պարբերականի հետ զրույցում։
Լավրովը նաև հավելել է, որ «ցանկացած գյուղատնտեսական երկիր, որն ընդլայնման երկրորդ կամ երրորդ ալիքի ընթացքում միացել է ԵՄ-ին, կորցրել է իր գյուղատնտեսությունը, քանի որ ԵՄ-ն ունի «տերեր», որոնք ունեն իրենց սեփական գյուղատնտեսությունը, իրենց սեփական ֆերմերները և իրենց սեփական շահերը»։Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարը հիշեցրել է, որ Վրաստանի առևտրի 70%-ը ներկայում իրականացվում է Ռուսաստանի և ԱՊՀ այլ երկրների հետ, զգալի մասնաբաժիններով նաև Չինաստանի և այլ երկրների հետ։
«Այս ամենը լրջորեն հարցականի տակ կհայտնվի, եթե Վրաստանը միանա Եվրամիությանն՝ իմանալով, թե Բրյուսելն ինչ պահանջներ է առաջադրում նորեկներին։ Էլ չենք խոսում Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին միանալու պահանջի, Եվրահանձնաժողովի բոլոր արտաքին քաղաքականության գործողությունները ճանաչելու պահանջի և այլնի մասին»,- ասել է նա։Բացի այդ, Լավրովը նշել է, որ Ռուսաստանի և Վրաստանի միջև «հարաբերություններն, ընդհանուր առմամբ, պահպանվում են կանոնավոր հիմունքներով», իսկ ռուս զբոսաշրջիկները սիրում են այցելել Վրաստան և «վայելել վրացական բնությունն ու վրացական հյուրընկալությունը»։