Էդվարդ Նալբանդեան. Հայաստանը այն երկրներից մէկն է, որոնք<br /> շահագրգռուած են Վրաստանի կայունութեամբ<br />


Էդվարդ Նալբանդեան. Հայաստանը այն երկրներից մէկն է, որոնք
շահագրգռուած են Վրաստանի կայունութեամբ

  • 20-02-2009 20:00:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Վրաստանի արտաքին գործերի նախարարութեան պատուիրակութեան երեւանեան այցի արդիւնքների ամփոփմանն էր նուիրուած Հայաստանի եւ Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչութիւնների երկու ղեկավարների` Էդվարդ Նալբանդեանի եւ Գրիգոլ Վաշաձեի համատեղ մամուլի ասուլիսը: Նախարարները յայտնեցին, որ հանդիպման ընթացքում քննարկուել են երկկողմ քաղաքական, տնտեսական եւ մշակոյթային համագործակցութեանն առնչուող հարցեր: Մասնաւորապէս քննարկուել են այն պայմանավորվածությունների կատարման գործընթացները, որ ձեռք էին բերուել անցած տարուայ սեպտեմբերին Հայաստանի եւ Վրաստանի նախագահների հանդիպման արդիւնքում եւ 2008 թուականի դեկտեմբերին հայ-վրացական միջկառավարական յանձնաժողովի նիստում: «Մենք մեծ նշանակութիւն ենք տալիս Վրաստանի հետ տնտեսական համագործակցութեանը: Հայաստանը այն երկրներից է, որոնք ծայրաստիճան շահագրգռուած են Վրաստանի կայունութեամբ: Եվ ոչ այն պատճառով, որ մեր ապրանքահոսքի մեծ մասն անցնում է Վրաստանով եւ որ այնտեղ հայկական համայնք ունենք, որի թուաքանակը գերազանցում է 300 հազարը, այլ այն պատճառով, որ մեր երկու երկրներին կապում են եղբայրության եւ աւանդական համագործակցութեան դարաւոր կապեր»,- յայտարարեց Նալբանդեանը: Մամլոյ ասուլիսում հաղորդուեց մարտին Հայաստանում Վրաստանի մշակոյթի օրեր անցկացնելու մասին, ըստ որում վրացական պատուիրակութիւնը գլխաւորելու է հենց արտգործնախարար Վաշաձեն: Իսկ ապրիլին Թբիլիսի կայցելի Էդվարդ Նալբանդեանը վրացի իր գործընկերոջ հրաւէրով: Վրաստանի հայաբնակ Սամցխե-Ջաւախեթի երկրամասի վերջին զարգացումների առնչութեամբ Վաշաձեն յայտարարեց, որ ձերբակալուած են Վրաստանի երկու քաղաքացիներ կատարուված հանցագործութեան համար: Ըստ նրա, նրանց փոխարէն կարող էին ձերբակալուած լինել նաեւ վրացիներ. ազգային պատկանելությունն այստեղ որեւէ դեր չի խաղում: «Ջավախեթիի խնդիրներ չկան, այնտեղ, ինչպէս որ ողջ Վրաստանում, կան սոցիալ-տնտեսական խնդիրներ: Այդ երկրամասը մէկն է Վրաստանի երկրամասերից, որը գտնւում է չափազանց ծանր վիճակում Ռուսաստանի հետ պատերազմից յետոյ: Եթէ որեւէ մէկը մտածում է, որ Քութայիսում մարդիկ աւելի լաւ են ապրում, ապա դա այդպէս չէ, ընդհակառակը, ապրում են յաճախ աւելի վատ»,- յայտարարեց Վրաստանի արտաքին գործերի նախարարը: Ըստ նրա, պարզապէս հայերի ինտեգրացման գործընթացը Վրաստանում իրականացւում է ոչ այնպէս արագ, ինչպէս որ ցանկանում են վրացահայերը եւ Վրաստանի կառավարութիւնը: «Վրաստանի կառավարութեան նպատակն է պաշտպանել Վրաստանում ապրող բոլոր ժողովուրդների իրաւունքները»,- յայտարարեց Վաշաձեն: Երկու նախարարները հավաստիացրին, որ այնպիսի խնդիրներ չկան, որոնք երկու երկրների կառավարութիւնները համատեղ գործակցութեամբ չկարողանային լուծել:
  -   Քաղաքական