Էդվարդ Նալբանդյան. Հայաստանը այն երկրներից մեկն է, որոնք<br /> շահագրգռված են Վրաստանի կայունությամբ<br />


Էդվարդ Նալբանդյան. Հայաստանը այն երկրներից մեկն է, որոնք
շահագրգռված են Վրաստանի կայունությամբ

  • 20-02-2009 20:00:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Վրաստանի արտաքին գործերի նախարարության պատվիրակության երեւանյան այցի արդյունքների ամփոփմանն էր նվիրված Հայաստանի եւ Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների երկու ղեկավարների` Էդվարդ Նալբանդյանի եւ Գրիգոլ Վաշաձեի համատեղ մամուլի ասուլիսը: Նախարարները հայտնեցին, որ հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ քաղաքական, տնտեսական եւ մշակութային համագործակցությանն առնչվող հարցեր: Մասնավորապես քննարկվել են այն պայմանավորվածությունների կատարման գործընթացները, որ ձեռք էին բերվել անցած տարվա սեպտեմբերին Հայաստանի եւ Վրաստանի նախագահների հանդիպման արդյունքում եւ 2008 թվականի դեկտեմբերին հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի նիստում: «Մենք մեծ նշանակություն ենք տալիս Վրաստանի հետ տնտեսական համագործակցությանը: Հայաստանը այն երկրներից է, որոնք ծայրաստիճան շահագրգռված են Վրաստանի կայունությամբ: Եվ ոչ այն պատճառով, որ մեր ապրանքահոսքի մեծ մասն անցնում է Վրաստանով եւ որ այնտեղ հայկական համայնք ունենք, որի թվաքանակը գերազանցում է 300 հազարը, այլ այն պատճառով, որ մեր երկու երկրներին կապում են եղբայրության եւ ավանդական համագործակցության դարավոր կապեր»,- հայտարարեց Նալբանդյանը: Մամլո ասուլիսում հաղորդվեց մարտին Հայաստանում Վրաստանի մշակույթի օրեր անցկացնելու մասին, ըստ որում վրացական պատվիրակությունը գլխավորելու է հենց արտգործնախարար Վաշաձեն: Իսկ ապրիլին Թբիլիսի կայցելի Էդվարդ Նալբանդյանը վրացի իր գործընկերոջ հրավերով: Վրաստանի հայաբնակ Սամցխե-Ջավախեթի երկրամասի վերջին զարգացումների առնչությամբ Վաշաձեն հայտարարեց, որ ձերբակալված են Վրաստանի երկու քաղաքացիներ կատարված հանցագործության համար: Ըստ նրա, նրանց փոխարեն կարող էին ձերբակալված լինել նաեւ վրացիներ. ազգային պատկանելությունն այստեղ որեւէ դեր չի խաղում: «Ջավախեթիի խնդիրներ չկան, այնտեղ, ինչպես որ ողջ Վրաստանում, կան սոցիալ-տնտեսական խնդիրներ: Այդ երկրամասը մեկն է Վրաստանի երկրամասերից, որը գտնվում է չափազանց ծանր վիճակում Ռուսաստանի հետ պատերազմից հետո: Եթե որեւէ մեկը մտածում է, որ Քութայիսում մարդիկ ավելի լավ են ապրում, ապա դա այդպես չէ, ընդհակառակը, ապրում են հաճախ ավելի վատ»,- հայտարարեց Վրաստանի արտաքին գործերի նախարարը: Ըստ նրա, պարզապես հայերի ինտեգրացման գործընթացը Վրաստանում իրականացվում է ոչ այնպես արագ, ինչպես որ ցանկանում են վրացահայերը եւ Վրաստանի կառավարությունը: «Վրաստանի կառավարության նպատակն է պաշտպանել Վրաստանում ապրող բոլոր ժողովուրդների իրավունքները»,- հայտարարեց Վաշաձեն: Երկու նախարարները հավաստիացրին, որ այնպիսի խնդիրներ չկան, որոնք երկու երկրների կառավարությունները համատեղ գործակցությամբ չկարողանային լուծել:
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play