Եվրոդատարանի վճիռներով ճանաչուել է Հայաստանում Մարդու
իրաւունքների եւրոպական կոնվենցիայի խախտումների 26 դէպքեր
20-03-2009 18:30:00 | Հայաստան | Մարդու իրաւունքներ
ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Մարդու իրաւունքների
եւրոպական կոնվենցիային Հայաստանի միանալուց ի վեր, 7 տարուայ
ընթացքում ՀՀ 15 քաղաքացիների դիմումների հիման վրայ Մարդու
իրաւունքների եւրոպական դատարանը կայացրել է 14 վճիռ (երկու
դիմումներ միացուել եւ քննվել են մէկ վարոյթի շրջանակում): Այս
մասին «Մարդու իրաւունքների եւրոպական կոնվենցիայի չափորոշիչների
կիրառումը ՀՀ դատաիրավական բարեփոխումների համատեքստում» մարտի
20-ի համաժողովում յայտնեց Եւրոպական դատարանի անդամ Ալվինա
Գիւլումեանը:
14 վճիռներով դատարանը ճանաչել է Մարդու իրաւունքների
եւրոպական կոնվենցիայի թւով 6 յոդուածների խախտման 26 դէպք, որից
9-ը վերաբերւում է 6-րդ յօդուածին` արդար դատաքննութեան իրաւունք,
7-ը` 11 յօդուածին` խաղաղ հաւաքների ազատութեան իրաւունք, 5-ը
Կոնվենցիայի 2-րդ արձանագրութեան 2-րդ յօդուածին, որը վերաբերւում է
բողոքարկման իրաւունքին: Խախտումներից 3-ը վերաբերել են
Կոնվենցիայի 3-րդ յօդուածին` խոշտանգումներ կամ անմարդկային
վերաբերմունք, 1-ական դէպքում խախտումները վերաբերել են
Կոնվենցիայի 10-րդ յօդուածին` տեղեկատուութեան ազատութիւն,
Կոնվենցիայի առաջին արձանագրութեան 3-րդ յօդուածին` ազատ
ընտրութիւնների իրաւունք:
Ա.Գիւլումեանը նշեց, որ ընդհանուր առմամբ ՀՀ-ի դէմ
ներկայացուել է 1 255 դիմում, որից 550-ն ընդդէմ ՀՀ-ի Ադրբեջանի
քաղաքացիների դիմումներն են` կապուած ղարաբաղեան հակամարտութեան
հետ: Այդ դիմումներից ոչ մէկը դեռեւս քննութեան չի առնուել: ՀՀ
քաղաքացիների կողմից ընդդէմ ՀՀ-ի ներկայացուել է 528 դիմում: