ՊՐԻՇՏԻՆԱ, 17 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Կոսովոյի ինքնահռչակ
հանրապետութիւնն այսօր նշում է իր անկախութեան առաջին տարեդարձը:
Այդ ժամանակամիջոցում Կոսովոն ձեռք է բերել սեփական օրհներգ, դրօշ,
սահմանադրութիւն եւ պետականութեան մի ամբողջ շարք այլ
ատրիբուտներ, այդուհանդերձ դիտորդներից շատերը երկրի իրադրութիւնը
գնահատում են անկայուն: Անվտանգութիւնն այստեղ այսօր էլ ապահովում
են ՆԱՏՕ-ի խաղաղապահ ուժերը, իսկ տնտեսութիւնը ուղղակիօրէն կախուած
է ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի ֆինանսական օգնությունից, որ կազմում է
հարիւրաւոր միլիոն եւրօ:
Կոսովոյի անկախութիւնը ճանաչել են 54 պետութիւն, ներառեալ
ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան եւ Իտալիան: Մինչդեռ, Սերբիան
շարունակում է Կոսովոն համարել իր տարածքի անքակտելի մաս: Բելգրադի
դիրքորոշումը պաշտպանում են Ռուսաստանը, Չինաստանը, Հնդկաստանը եւ
բազմաթիւ այլ երկրներ, որոնց կարծիքով Կոսովոյի անկախութեան
հռչակումը հակասում է միջազգային իրաւունքին:
Այդ քայլի օրինականութեան հարցը Սերբիայի պահանջով յանձնուած է
Հաագայի միջազգային դատարանի քննությանը: