ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Մայիսի 26-ին տեղի ունեցաւ
13 անուանակարգերում ՀՀ նախագահի 2007թ. մրցանակի 26 յաղթողների
մրցանակների յանձնման արարողութիւնը: «Հայոց ցեղասպանութեան
ճանաչման գործում նշանակալի աւանդ ներդրած անձանց շնորհվող
մրցանակ» անուանակարգում ՀՀ նախագահի մրցանակների է արժանացել
պրոֆեսոր Եուրի Բարսեղովը «Հայերի ցեղասպանութիւնը Թուրքիայի
պատասխանատւութիւնը եւ միջազգային հանրութեան
պարտաւորութիւնները» երկհատորյակի համար: 10 հազար ԱՄՆ դոլար
մրցանակը գիտնականը յատկացնում է «Հայաստան» համահայկական
հիմնադրամին` արցախեան պատերազմում զոհուած ազատամարտիկների
երեխաներին եւ հաշմանդամներին աջակցելու համար ֆոնդ ստեղծելու
նպատակով: Նոյն անուանակարգում մրցանակ յանձնուեց նաեւ ֆրանսիացի
պատմաբան Իվ Տերնոնին հայոց ցեղասպանութեան ճանաչման գործում
ներդրած նշանակալի գիտական աւանդի համար:
«Բնական գիտութիւններ» անուանակարգում մրցանակներ շնորհվեցին
«Օպտիկապես ոչ գծային նոր բիւրեղների ստացումը եւ հետազօտումը»
գիտական յոդուածների շարքի եւ «Համակարգչային կենսաբանություն.
Էրիթրոցիտի թաղանթի մոդելաւորումը եւ ուսումնասիրութիւնը
համակարգչային փորձի եւ մոլեկուլային դինամիկայի մեթոդով» գիտական
աշխատութեան համար: «Ֆիզիկա» անուանակարգում ՀՀ նախագահի մրցանակի
արժանացավ «Կիսահաղորդչային նանոկառուցվածքների էլեկտրոնային եւ
օպտիկական յատկութիւնների տեսական ուսումնասիրութիւն» յոդուածների
շարքը: «Բժշկագիտություն» անուանակարգում մրցանակ յանձնուեց պրոֆեսոր
Գէորգի Օկոեւի գլխաւորած խմբին` Հայաստանում արտամարմնային
բեղմնաւորման մեթոդի ներդրման եւ իրականացման համար, ինչի
արդիւնքում լոյս աշխարհ են եկել 89 երեխաներ: «Տեխնիկական
գիտութիւններ» անուանակարգում մրցանակ չշնորհվեց:
«Հումանիտար գիտութիւններ» անուանակարգում նախագահի մրցանակ
շնորհուեց պրոֆեսոր Նիկոլայ Յովհաննիսեանին` «Արաբական երկրների
պատմութիւն (7-րդ դարից մինչեւ 2005թ)» քառահատոր աշխատութեան
համար:
Երկու մրցանակ յանձնուեց «Կիլիկիա» առագաստանավով կատարուված
նաւարկութեան մասնակիցներին. «ԱՅԱՍ» ծովային հետազօտութիւնների
ակումբի նախագահ եւ «Կիլիկիա» առագաստանաւի նաւապետ Կարեն
Բալայեանին յանձնուեց «Մարդասիրական արժէքների տարածմանն ուղղուած
գործունէութիւն եւ ծրագրեր» անվանակարգի մրցանակը` «Նաւարկութիւն
7 ծովերով» ծրագրի իրագործման համար, իսկ «Գրականութիւն»
անուանակարգում մրցանակ յանձնուեց հրապարակախօս Զորի Բալայեանին
«Կիլիկիա» եռագրության համար:
«Արուեստ» անուանակարգում «Կանչեր հոգեւոր» 7 քանդակների համար
ՀՀ նախագահի մրցանակ յանձնուեց ՀՀ վաստակաւոր նկարիչ Արամազդ
Կարապետեան-Շիրազին:
ՀՀ նախագահի երիտասարդական մրցանակները շնորհվեցին հետեւեալ
արուեստագէտներին.
- «Կերպարուեստ եւ կինո» անուանակարգում` «Աթեքս» նորաձեւութեան
կենտրոնի դիզայներ Լիլիթ Քանքարյանին «Հայկական վերածնունդ»
հագուստի հաւաքածուի համար, Նարեկ Արզումանյանին` «Կերպարներ»
գեղանկարների շարքի, ու Նարինէ Մանուչարեանին` «Քաղաքը» գրաֆիկական
աշխատանքների շարքի համար:
- «Գրականութիւն» անուանակարգում` Ռուզաննա Ոսկանյանին,
«Թափանցիկ անձրեւներ» բանաստեղծութիւնների ժողովածուի համար:
- «Գործիքային կատարում» անուանակարգում` դաշնակահար
Լիլիթ Գրիգորեանին
- «Երգեցողություն» անուանակարգում` Ասատուր Բալջյանին:
ՀՀ նախագահի մրցանակների շնորհումը իրականացւում է «Հայաստան»
համահայկական հիմնադրամի կողմից սկսած 2001 թուականից` «Պողոսեան»
հիմնադրամի ֆինանսավորմամբ:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանը շնորհակալությաուն յայտնեց
Պօղոսեանների ընտանիքին նախագահների մրցանակների գեղեցիկ գաղափարը
նախաձեռնելու, դրա շարունակականությունը ապահովելու համար:
«Անհամբեր սպասում ենք Հայաստանում Պողոսեան հիմնադրամի նորանոր
յաջողութիւններին, մասնաւորապէս եւ յատկապէս մօտ ժամանակներս
նախագահի նստավայրի դիմաց գտնուող եւ երեւանցիների կողմից շատ
սիրուած պուրակի վերաբացմանը»,- ասաց նա:
ՀՀ նախագահը շնորհաւորեց բոլոր ներկաներին Հանրապետութեան
օրուայ առթիւ` յաւելելով, որ անկախ պետականութիւնը ենթադրում է նաեւ
ժողովրդի արժէքային համակարգի, մշակոյթի զարգացում, համակարգ, որ
դարեր շարունակ եղել է մեր ինքնութեան առանցքը: «Համոզուած եմ, որ
հայկական պետութիւնն ունի հայ մշակոյթը պահպանելու եւ
զարգացնելու յատուկ առաքելութիւն: Այդ կարեւոր առաքելութիւնն
արդիւնաւէտ իրականացնելու ճանապարհին մենք լուրջ անելիքներ
ունենք: Հայաստանի տնտեսական զարգացմանը եւ միջազգային
հեղինակութեան բարձրացմանը զուգընթաց մեզ անհրաժեշտ է գիտական եւ
հոգեւոր, մշակոյթային զարթոնք: Մեր երկրում բարոյական մթնոլորտի եւ
հասարակական իդեալների ձեւաւորման մէջ դուք մեծ դեր ունեք,
մտաւորականի դերի եւ կերպարի արժեւորումը, վստահ եմ` հրատապ է
մեզանում: Եթէ մի երկրում դպրոցականները երազում են ոչ միայն
իրաւաբան ու բիզնեսմէն դառնալ, այլեւ գիտնական ու երաժիշտ,
համոզուած եմ, որ նման երկրի գործերը բնականոն ընթացք կունենան: Դրա
համար նոր սերնդին պէտք են օրինակելի գործեր եւ մարդիկ, այսօր այդ
օրինակը դուք եք»,- ասաց ՀՀ նախագահը: