ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Մայիսի 26-ին տեղի ունեցավ
13 անվանակարգերում ՀՀ նախագահի 2007թ. մրցանակի 26 հաղթողների
մրցանակների հանձնման արարողությունը: «Հայոց ցեղասպանության
ճանաչման գործում նշանակալի ավանդ ներդրած անձանց շնորհվող
մրցանակ» անվանակարգում ՀՀ նախագահի մրցանակների է արժանացել
պրոֆեսոր Յուրի Բարսեղովը «Հայերի ցեղասպանությունը Թուրքիայի
պատասխանատվությունը եւ միջազգային հանրության
պարտավորությունները» երկհատորյակի համար: 10 հազար ԱՄՆ դոլար
մրցանակը գիտնականը հատկացնում է «Հայաստան» համահայկական
հիմնադրամին` արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների
երեխաներին եւ հաշմանդամներին աջակցելու համար ֆոնդ ստեղծելու
նպատակով: Նույն անվանակարգում մրցանակ հանձնվեց նաեւ ֆրանսիացի
պատմաբան Իվ Տերնոնին հայոց ցեղասպանության ճանաչման գործում
ներդրած նշանակալի գիտական ավանդի համար:
«Բնական գիտություններ» անվանակարգում մրցանակներ շնորհվեցին
«Օպտիկապես ոչ գծային նոր բյուրեղների ստացումը եւ հետազոտումը»
գիտական հոդվածների շարքի եւ «Համակարգչային կենսաբանություն.
Էրիթրոցիտի թաղանթի մոդելավորումը եւ ուսումնասիրությունը
համակարգչային փորձի եւ մոլեկուլային դինամիկայի մեթոդով» գիտական
աշխատության համար: «Ֆիզիկա» անվանակարգում ՀՀ նախագահի մրցանակի
արժանացավ «Կիսահաղորդչային նանոկառուցվածքների էլեկտրոնային եւ
օպտիկական հատկությունների տեսական ուսումնասիրություն» հոդվածների
շարքը: «Բժշկագիտություն» անվանակարգում մրցանակ հանձնվեց պրոֆեսոր
Գեորգի Օկոեւի գլխավորած խմբին` Հայաստանում արտամարմնային
բեղմնավորման մեթոդի ներդրման եւ իրականացման համար, ինչի
արդյունքում լույս աշխարհ են եկել 89 երեխաներ: «Տեխնիկական
գիտություններ» անվանակարգում մրցանակ չշնորհվեց:
«Հումանիտար գիտություններ» անվանակարգում նախագահի մրցանակ
շնորհվեց պրոֆեսոր Նիկոլայ Հովհաննիսյանին` «Արաբական երկրների
պատմություն (7-րդ դարից մինչեւ 2005թ)» քառահատոր աշխատության
համար:
Երկու մրցանակ հանձնվեց «Կիլիկիա» առագաստանավով կատարված
նավարկության մասնակիցներին. «ԱՅԱՍ» ծովային հետազոտությունների
ակումբի նախագահ եւ «Կիլիկիա» առագաստանավի նավապետ Կարեն
Բալայանին հանձնվեց «Մարդասիրական արժեքների տարածմանն ուղղված
գործունեություն եւ ծրագրեր» անվանակարգի մրցանակը` «Նավարկություն
7 ծովերով» ծրագրի իրագործման համար, իսկ «Գրականություն»
անվանակարգում մրցանակ հանձնվեց հրապարակախոս Զորի Բալայանին
«Կիլիկիա» եռագրության համար:
«Արվեստ» անվանակարգում «Կանչեր հոգեւոր» 7 քանդակների համար
ՀՀ նախագահի մրցանակ հանձնվեց ՀՀ վաստակավոր նկարիչ Արամազդ
Կարապետյան-Շիրազին:
ՀՀ նախագահի երիտասարդական մրցանակները շնորհվեցին հետեւյալ
արվեստագետներին.
- «Կերպարվեստ եւ կինո» անվանակարգում` «Աթեքս» նորաձեւության
կենտրոնի դիզայներ Լիլիթ Քանքարյանին «Հայկական վերածնունդ»
հագուստի հավաքածուի համար, Նարեկ Արզումանյանին` «Կերպարներ»
գեղանկարների շարքի, ու Նարինե Մանուչարյանին` «Քաղաքը» գրաֆիկական
աշխատանքների շարքի համար:
- «Գրականություն» անվանակարգում` Ռուզաննա Ոսկանյանին,
«Թափանցիկ անձրեւներ» բանաստեղծությունների ժողովածուի համար:
- «Գործիքային կատարում» անվանակարգում` դաշնակահար
Լիլիթ Գրիգորյանին
- «Երգեցողություն» անվանակարգում` Ասատուր Բալջյանին:
ՀՀ նախագահի մրցանակների շնորհումը իրականացվում է «Հայաստան»
համահայկական հիմնադրամի կողմից սկսած 2001 թվականից` «Պողոսյան»
հիմնադրամի ֆինանսավորմամբ:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհակալությաուն հայտնեց
Պողոսյանների ընտանիքին նախագահների մրցանակների գեղեցիկ գաղափարը
նախաձեռնելու, դրա շարունակականությունը ապահովելու համար:
«Անհամբեր սպասում ենք Հայաստանում Պողոսյան հիմնադրամի նորանոր
հաջողություններին, մասնավորապես եւ հատկապես մոտ ժամանակներս
նախագահի նստավայրի դիմաց գտնվող եւ երեւանցիների կողմից շատ
սիրված պուրակի վերաբացմանը»,- ասաց նա:
ՀՀ նախագահը շնորհավորեց բոլոր ներկաներին Հանրապետության
օրվա առթիվ` հավելելով, որ անկախ պետականությունը ենթադրում է նաեւ
ժողովրդի արժեքային համակարգի, մշակույթի զարգացում, համակարգ, որ
դարեր շարունակ եղել է մեր ինքնության առանցքը: «Համոզված եմ, որ
հայկական պետությունն ունի հայ մշակույթը պահպանելու եւ
զարգացնելու հատուկ առաքելություն: Այդ կարեւոր առաքելությունն
արդյունավետ իրականացնելու ճանապարհին մենք լուրջ անելիքներ
ունենք: Հայաստանի տնտեսական զարգացմանը եւ միջազգային
հեղինակության բարձրացմանը զուգընթաց մեզ անհրաժեշտ է գիտական եւ
հոգեւոր, մշակութային զարթոնք: Մեր երկրում բարոյական մթնոլորտի եւ
հասարակական իդեալների ձեւավորման մեջ դուք մեծ դեր ունեք,
մտավորականի դերի եւ կերպարի արժեւորումը, վստահ եմ` հրատապ է
մեզանում: Եթե մի երկրում դպրոցականները երազում են ոչ միայն
իրավաբան ու բիզնեսմեն դառնալ, այլեւ գիտնական ու երաժիշտ,
համոզված եմ, որ նման երկրի գործերը բնականոն ընթացք կունենան: Դրա
համար նոր սերնդին պետք են օրինակելի գործեր եւ մարդիկ, այսօր այդ
օրինակը դուք եք»,- ասաց ՀՀ նախագահը: